ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 մարտի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 մարտի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Քաղաքացի Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը 07.03.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով և 26-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների սահմանադրականությունը։ Դիմողը գտնում է, որ թեկնածուի անուն-ազգանունով և կարգախոսով պաստառը, թեկուզև ընտրական շտաբ նշումով, իրականում քարոզչական պաստառ է, իսկ դրանց համար վարձակալած տարածքներն էլ քարոզչական տարածքներ են, ուստի դրանց համար ծախսերը պետք է կատարվեն ընտրական հիմնադրամների միջոցների հաշվին, որը բխում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 4-րդ հոդվածներից, և այդ սկզբունքը խախտվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով։ Դիմողի կարծիքով քանի որ գործել են 1600 քարոզչական տարածքներ, իսկ քարոզչական պաստառները գերազանցել են 1600-ը, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստացել նախընտրական քարոզարշավի համար թույլատրված առավելագույն 100.000.000 դրամ գումարը կրկնակի և եռակի գերազանցող գումար ծախսել, ինչը, ըստ դիմողի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու հիմք է։ Մինչդեռ ԿԸՀ-ն որոշում է կայացրել, որի համաձայն նախընտրական շտաբի վարձակալությունը հանվել է թեկնածուների ֆինանսական հայտարարագրում ընդգրկված ցուցակից, և իր կայքում 24.02.2013թ. թվագրմամբ հայտարարություն է տարածել այն մասին, որ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրել։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմողը նշում է, որ նման դրույթի առկայությունը բացառում է նոր հանգամանքի հիմքով նման դատական ակտի վերանայումը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 18-րդ հոդվածներին, քանի որ, եթե այդ դատական ակտով կիրառված օրենքը Սահմանադրությանը հակասող է ճանաչվել, սակայն դա չի հանդիսանում այդ դատական ակտի վերանայման հիմք, ապա հակասահմանադրական օրենք պարունակող նման դատական ակտի ուժի մեջ մնալը հակասում է իրավական պետության բնույթին, նաև անձը զրկվում է իր իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հնարավորությունից։
Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելիս դիմողն իրականում բարձրացնում է վերացական վերահսկողության հարց։ Կոնկրետ վերահսկողության պարագայում անհրաժեշտ պայման է, որ վիճարկվող դրույթը կիրառված լինի անձի նկատմամբ, և կիրառման արդյունքում համապատասխան պատճառահետևանքային կապի առկայության համատեքստում խախտված լինի անհատի սահմանադրական կոնկրետ իրավունքը։ Խնդրո առարկա գործի պարագայում կոնկրետ վերահսկողության բնորոշ բոլոր չափանիշները բացակայում են։ Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին, ապա ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը փաստում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունել մասնակի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով մերժել, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5- րդ մասով և 26-րդ հոդվածի 2-րդ մասով ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
25 մարտի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մարտի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
