ԼԻԼԻԹ ԲՈԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 52 | ԼԻԼԻԹ ԲՈԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 20 հոկտեմբերի 2020 թ.
Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ` դատավորներ Է. Շաթիրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի և Ա. Խաչատրյանի,
քննության առնելով Լիլիթ Բոթոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ .
1. Լիլիթ Բոթոյանը (ներկայացուցիչ Կարեն Թումանյան) 2020թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»:
2. Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ:
3. Դիմողը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, մասնավորապես, դրանով կարգավորված չեն պարտավորության դադարման հետևյալ հիմքերը
ա) պարտավորությունը համապատասխանաբար լրիվ կամ մասնակի դադարում է, եթե պարտավորությունն իր նկատմամբ առաջացել է պարտատիրոջ կամ ի պաշտոնե նրա անունից գործող անձի հանցավոր (ոչ իրավաչափ) գործողության կամ անգործության հետևանքով,
բ) պարտավորությունը համապատասխանաբար լրիվ կամ մասնակի դադարում է, եթե նույն պարտավորությունը դատարանի կողմից դրվել է այլ անձի վրա: Ըստ դիմողի սույն գործով առկա փաստերը ցույց են տալիս, որ իր նկատմամբ վարկային պարտավորություններն առաջացել են բանկի աշխատողի (ոսկերիչ-փորձագետ) կողմից հանցավոր գործողություն կատարելու վարկային միջոցները հափշտակելու և դրա երաշխիք հանդիսացող ոսկյա զարդերի փոխարեն այլ ոչ արժեքավոր գույք ընդունելու և գրավադրելու հետևանքով: Ստացվում է, որ բանկի աշխատակիցը, գործելով բանկի անունից և ի շահ բանկի, հանցավոր գործողություններ է կատարել բանկի և դիմողի նկատմամբ, ինչի հետևանքով իր համար բանկի նկատմամբ առաջացել է գումարի վճարման պարտավորություն: Դիմողը գտնում է, որ բանկի և իր սեփականության իրավունքի ողջամիտ հավասարակշռությունն ապահովելու համար օրենսդիրը պետք է իրավական նորմով նախատեսեր, որ պարտավորություններն օրենքի ուժով պետք է դադարեն նաև այն դեպքերում, երբ դրանք առաջացել են պարտատիրոջ կամ նրա անունից ի պաշտոնե գործող անձի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով: Դիմողը նշում է, որ ըստ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների պարտավորությունները չեն կարող դադարել այն հիմքով, որ դրանք ծագել են պարտատիրոջ (նրա ներկայացուցչի) հանցավոր գործողությունների արդյունքում, քանի որ Քաղաքացիական օրենսգրքում չկա պարտավորությունների դադարման այդպիսի հիմք: Մինչդեռ, ըստ դիմողի իր և բանկի միջև կնքված պայմանագրերը եղել են բանկի աշխատողի հանցավոր գործողությունների հետևանք, ինքը չի տնօրինել բանկի կողմից տրամադրված գումարը, այլ հանձնել է բանկի աշխատողի հետ նախնական համաձայնության եկած այլ անձի, որոնք էլ դատարանի վճռով պարտավոր են վճարել այդ գումարը որպես հանցագործությամբ պատճառված վնաս: Դիմողը նշում է, որ դատական ակտի պարտադիրության և կատարելիության սկզբունքներից ելնելով պարտավորության կատարումը դատարանի կողմից այլ անձի վրա դնելը պետք է լինի պարտավորության դադարման հիմք այն անձի համար, որի վրա այդ պարտավորությունը դրված էր մինչև այդ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Ըստ դիմողի սույն գործով նա պետք է ազատվեր հօգուտ բանկի պարտավորության կատարումից, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով այդ պարտավորության կատարումը դրվել էր այլ անձի վրա: Դիմողի կարծիքով պարտավորության դադարման նշյալ հիմքերի իրավական կարգավորման բացակայության պայմաններում խախտվում է արդար դատաքննության իրավունքով սահմանված իրավական որոշակիության սկզբունքը:
4. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով խնդրո առարկա դիմումը և կից ներկայացված նյութերը, գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմելով դատարան` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն (այուհետ նաև բանկ) պահանջել է վաղաժամկետ լուծել իր և Լիլիթ Բոթոյանի միջև կնքված վարկային պայմանագրերը և Լիլիթ Բոթոյանից բռնագանձել 1.273.389,3 ՀՀ դրամ, ինչպես նաև մայր գումարի` 1.093.000 ՀՀ դրամի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկել տոկոսներ` սկսած 23.05.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Դատարան ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու պահանջի մասին 14.08.2017 թվականի դիմումով բանկը պահանջել է Լիլիթ Բոթոյանից բռնագանձել 495.173,3 դրամ, ինչպես նաև 23.05.2013 թվականից մինչև 30.01.2014 թվականը վարկի մայր գումարի` 1.093.000 դրամի վրա, իսկ 30.01.2014 թվականից մինչև գումարը փաստացի բանկին վերադարձնելու օրը 314.784 դրամի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լիլիթ Բոթոյանը պահանջել է անվավեր ճանաչել բանկի Վանաձոր մասնաճյուղի և իր միջև կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագիրը և թիվ G12/083385 գրավի պայմանագիրը: Գործի քննության ընթացքում դատարան ներկայացրած 10.03.2016 թվականի դիմումով Լիլիթ Բոթոյանը հրաժարվել է հակընդդեմ հայցից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 16.01.2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի բանկի ընդդեմ Լիլիթ Բոթոյանի, երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի, Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասով, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Բոթոյանի ընդդեմ բանկի` թիվ GA12/41762 վարկային պայմանագիրը և թիվ G12/083385 գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է: Բանկից հօգուտ Լիլիթ Բոթոյանի 95.000 դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, բռնագանձելու մասով հայցը մերժվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 23.05.2019 թվականի որոշմամբ բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Լիլիթ Բոթոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.01.2019 թվականի վճիռը մասնակիորեն դատական ծախսերի մասով, բեկանվել և փոփոխվել է. բանկից հօգուտ Լիլիթ Բոթոյանի բռնագանձվել է 95.000 դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար: Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի բանկի ընդդեմ Լիլիթ Բոթոյանի, երրորդ անձինք` Կամո Աֆիցերյանի, Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասով, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Բոթոյանի ընդդեմ բանկի թիվ GA12/41762 վարկային պայմանագիրը և թիվ G12/083385 գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճելու, ըստ բանկի հայցի ընդդեմ Լիլիթ Բոթոյանի, երրորդ անձինք` Կամո Աֆիցերյանի, Վահրամ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասով մերժելու, ինչպես նաև նշված պահանջների համար բռնագանձման ենթակա պետական տուրքի գումարների բաշխման մասերով Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ: Բանկի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման վրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի (այսուհետ Վճռաբեկ դատարան) 03.07.2020 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել է Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշման Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.01.2019 թվականի վճիռը մասնակիորեն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժելու մասով անփոփոխ թողնելու, ինչպես նաև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Լիլիթ Բոթոյանի 95.000 դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության: Դատալեքս տեղեկատվական համակարգում զետեղված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դատարանի 07.08.2020 թվականի որոշմամբ թիվ ԼԴ/0522/02/13 քաղաքացիական գործը բեկանված և նոր քննության ուղարկված «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Լիլիթ Վահագնի Բոթոյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Կամո Գուրգենի Աֆիցերյանի և Վահրամ Աշոտի Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի, ինչպես նաև դատական ծախսերի մասերով ընդունվել է վարույթ: Այսինքն խնդրո առարկա գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է, կողմերի միջև առկա վեճը դեռևս չի հանգուցալուծվել: Հետևաբար առկա չէ նաև գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ, ինչն անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջ է: Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև դատական պաշտպանության միջոցների սպառումը: Այս պահանջն ինքնանպատակ չէ և միտված է նրան, որ անձը պետք է, պատշաճորեն իրացնելով, սպառի իր ենթադրյալ խախտված իրավունքի վերականգման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները, ինչից հետո միայն իրավասու լինի դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Լիլիթ Բոթոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Դատավորներ
20 հոկտեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-52
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հոկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-52
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
