ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 41 | ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 հունիսի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Սրբուհի Հովհաննիսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սրբուհի Հովհաննիսյանը (ներկայացուցիչ Ա. Վարդապետյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունիսի 4-ին) խնդրելով. «ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ին N 707-Ն որոշումն այնքանով, որքանով որ այն չի նախատեսում թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող դեղերի ցանկը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշմամբ չի սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի ցանկը, ինչը, ըստ դիմողի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն ենթակա է սահմանման առանձին նորմատիվ իրավական ակտով: Ըստ դիմողի վերոգրյալից հետևում է, որ Կառավարության որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարված լինելն ապացուցված համարելու տեսանկյունից կարող է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության չափանիշին բավարարող նորմատիվ իրավական ակտ գնահատվել միայն այն դեպքում, երբ անձը պահել է, ինքնին, թմրամիջոց և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, այլ ոչ թե թմրամիջոց և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղամիջոց: Դիմողը գտնում է, որ այն դեպքում, երբ անձը պահել է թմրամիջոց և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղամիջոց, ապա այդ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարված լինելն ապացուցված համարելու տեսանկյունից Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության չափանիշին բավարարող նորմատիվ իրավական ակտ կարող է գնահատվել ոչ թե Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշումը, այլ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 16-րդ կետի հիմքով պարտադիր կերպով պետության կողմից ընդունման ենթակա թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ պարունակող դեղերի և դեղանյութերի ցանկը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այսպես թիվ ՇԴ/0052/01/20 քրեական գործով դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար, որը դրսևորվել է նրանում, որ դիմողը, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու թմրամիջոց և հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իր անձնական օգտագործման համար առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերի 0.75 գրամ կոդեին տեսակի թմրամիջոց պարունակող 15 հատ ամբողջական դեղահաբեր, խոշոր չափերի 0.285 գրամ դիազեպամ տեսակի հոգեմետ նյութ պարունակող 57 հատ ամբողջական դեղահաբեր և առանձնապես խոշոր չափերի 54.1 գրամ պրեգաբալին տեսակի հոգեմետ նյութ պարունակող 249 հատ ամբողջական դեղապատիճներ, դրանք ապօրինի պահելով իր բնակության վայրում, մեքենայում և աշխատասենյակում: Դիմողը գտնում է, որ հարկ է տարբերակել թմրամիջոցը և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը թմրամիջոց և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղամիջոցից, և, այս առումով, բարձրացնում է օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշության խնդիր: Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է.
նախ, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածը չի տարբերակում և դրանով իսկ նույնացնում է թմրամիջոցը և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը և թմրամիջոց և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղամիջոցը, քանի որ օրենսդրի նպատակը թմրամիջոցի և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ապօրինի շրջանառությունը կանխելն է, որպիսի պայմաններում էական չէ թմրամիջոցի և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ֆիզիկական ձևը դեղահա՞բ թե՞ այլ ձևի պատրաստուկ, երկրորդ, Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման նպատակը չէ տարբերակելու թմրամիջոցը և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը թմրամիջոց և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղամիջոցից, քանի որ Կառավարության քննարկվող որոշումն ուղղված է, ի թիվս այլնի, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանելուն` անկախ թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ֆիզիկական ձևից, երրորդ, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը բժշկական նպատակներով բաց են թողնվում դեղատոմսերով, ինչից բխում է, որ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի իմաստով ևս օրենսդիրը նույնացնում է թմրամիջոցը և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը և թմրամիջոց և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղամիջոցը, ինչը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ օրենսդրությամբ թմրամիջոցի և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ապօրինի շրջանառությունը կանխելու համար էական չէ թմրամիջոցի և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ֆիզիկական ձևը: Վերոգրյալից բխում է, որ տվյալ դեպքում առկա չէ օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշություն, հետևաբար սահմանադրաիրավական վեճ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սրբուհի Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
22 հունիսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-41
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-41
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
