ՌԱԶՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ԳՈՌ ՉՈԲԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 10 | ՌԱԶՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ԳՈՌ ՉՈԲԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 փետրվարի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Ռազմիկ Հովհաննիսյանի և Գոռ Չոբանյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռազմիկ Հովհաննիսյանը և Գոռ Չոբանյանը դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի փետրվարի 3-ին) խնդրելով. ….
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածը և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածը իրավակիրառական պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի անձին որպես մեղադրյալ ներգրավելը, նախկինում առաջադրված մեղադրանքի փոփոխումը և լրացումը հնարավոր են նաև այն հանցագործություններով, որոնց հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել, և մեկ հանցագործության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կարելի է անձին որպես մեղադրյալ ներգրավել այլ հանցագործություններ կատարելու համար առանց այդ հանցագործությունների դեպքերով նոր գործեր հարուցելու, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր.
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում քրեական գործ հարուցելու մասին որոշման իրավաչափությունը վիճարկելու դեպքում դատավճիռ կայացնելիս այդ հարցը պարտադիր լուծելու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին հակասող և անվավեր.
4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում քրեական գործ հարուցելու մասին որոշման իրավաչափությունը վիճարկելու դեպքում դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում այդ հարցի կապակցությամբ դատարանի պատճառաբանված հետևությունը պարտադիր ցույց տալու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին հակասող և անվավեր.
5. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը իրավակիրառական պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի իր դեմ ցուցմունք տվող անձանց ցուցմունքներն արդյունավետ վիճարկելու հնարավորության բացակայության դեպքում նշված անձանց ձևականորեն հարցեր ուղղելու հնարավորություն ապահովելով այդ ցուցմունքները չպետք է անթույլատրելի ապացույցներ դիտվեն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 67-րդ հոդվածի 4-րդ կետին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր.
6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 334-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում մեղադրանքի բնույթի և հիմքի մասին ամբաստանյալին հանգամանորեն տեղեկացնելու իմպերատիվ պահանջ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ հոդվածի 1-ին կետին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողները նշում են, որ վիճարկվող օրենսգրքի 202-րդ հոդվածը և դրա հետ փոխկապակցված 204-րդ հոդվածը թեև դատական ակտերում չեն վկայակոչվել և չէին կարող վկայակոչվել, քանի որ վերաբերում են մինչդատական վարույթին, իսկ դատարանը քրեական գործի ըստ էության քննության ժամանակ (եթե դատարանում մեղադրանքը չի փոխվում դատախազի կողմից) պարզում է մինչդատական վարույթում անձին առաջադրված մեղադրանքի օրինականությունը և հիմնավորվածությունը, փաստացի կիրառվել են իրենց նկատմամբ, քանի որ այդ հոդվածների կիրառմամբ առաջադրված մեղադրանքները հիմնավոր են համարվել վերջնական դատական ակտով: Դիմողները համոզված են, որ նշված հոդվածները իրենց նկատմամբ կիրառվել են այնպիսի մեկնաբանությամբ, որը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին: Ըստ դիմողների քննության առարկա օրենսգրքի 360-րդ և 371-րդ հոդվածներում առկա է օրենսդրական բաց, որը հանգեցրել է հակասական իրավակիրառական պրակտիկայի ձևավորման, և խախտվել են դիմողների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Նշված հոդվածներում բացակայում են քրեական գործ հարուցելու մասին որոշման իրավաչափությունը վիճարկելու երկու իրավակարգավորումներ. առաջին դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է որոշի արդյոք քրեական գործը հարուցված է օրենքի պահանջների պահպանմամբ, և երկրորդ դատավճռի նկարագրական–պատճառաբանական մասում պետք է ցույց տրվի այդ կապակցությամբ դատարանի պատճառաբանված հետևությունը: Դիմողները գտնում են, որ քննարկվող օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով հիմնարար իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները պետք է համարվեն անթույլատրելի: Նման պայմաններում թեև դատարանի կողմից ձևական առումով ապահովվում է հակընդդեմ հարցման իրավունքը հնարավորություն է տրվում հարց ուղղել մեղադրյալի դեմ ցուցմունք տվող անձին, սակայն փաստացի մեղադրյալը զրկվում է այդպիսի ցուցմունքները արդյունավետ վիճարկելու, այն է իր դեմ տրված վկայությունների ճշմարտացիությունն ու վստահելիությունը կասկածի տակ դնելու հնարավորությունից: Դիմողները պնդում են, որ ո՛չ օրենքով, ո՛չ էլ դատական պրակտիկայում մինչ օրս որոշակիացված և հստակեցված չէ «մեղադրանքի էություն» հասկացությունը և վիճարկվող օրենսգրքի 334-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, այն է չի ապահովվում Սահմանադրությամբ երաշխավորված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին հանգամանորեն տեղեկացվելու մեղադրյալի իրավունքը, ինչի արդյունքում ձևավորվել է հակասական պրակտիկա: Ըստ դիմողների առաջին ատյանի դատարանը այն կիրառել է, պարզաբանել է դիմողներին ներկայացված մեղադրանքի էությունը, սակայն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին հանգամանորեն չի տեղեկացրել վկայակոչելով քրեադատավարական օրենքով նման պարտականության բացակայությունը:
3. Ելնելով դիմումի, կից ներկայացված դատական ակտերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների անհատական դիմումին ներկայացվող հիմնավորվածության պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող իրավադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Այս համատեքստում վիճարկվող դրույթների վերաբերյալ դիմողների ներկայացրած փաստարկներն ակնհայտ անհիմն են, քանի որ առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի խախտված իրավունքների և վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության միջև, ինչն էլ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմա-նադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռազմիկ Հովհաննիսյանի և Գոռ Չոբանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
21 փետրվարի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 փետրվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
