Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-17324 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-173)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 դեկտեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 173 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ

ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 371-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 371-րդ հոդվածի 1-ին մասի և 389-րդ հոդվածի 3-րդ մասի ` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի հունիսի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ դատարանի դիմումը, որով ներկայացվել է թիվ ԵՇԴ/3377/02/14 քաղաքացիական գործով «Գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» 17.06.2019 թվականի որոշումը: Համաձայն նշված որոշման 3-րդ կետի դիմումը ներկայացնելը, ըստ էության, պայմանավորված է եղել Օրենսգրքի 360- րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 389-րդ հոդվածի 3-րդ մասի և 391-րդ հոդվածի 3- րդ մասի սահմանադրականության հարցը պարզելու անհրաժեշտությամբ։

2. 2019 թվականի հուլիսի 17-ին, ի լրումն 17.06.2019 թ. որոշման, Սահմանադրական դատարան է ներկայացվել «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը հստակեցնելու մասին» Վերաքննիչ դատարանի 16.07.2019 թ. որոշումը, որով վերջինս խնդրել է որոշել Օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի և 371-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների սահմանադրականության հարցը այդ թվում նաև իրավունքի բացի մասով, այնքանով, որքանով դրանք հակասում են իրավական որոշակիության սկզբունքին և խախտում են դատարանների սահմանադրորեն ամրագրված աստիճանակարգությունը։

3. Ըստ դիմողի այն դեպքերում, երբ գործին մասնակից չդարձած անձի բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատական ակտը բեկանում և գործն ուղարկում է նոր քննության (ինչն անխուսափելի է, եթե բողոք բերող անձը համապատասխանում է գործին մասնակից չդարձած անձի բոլոր հատկանիշներին և պահպանել է օրենքով սահմանված ժամկետը), օբյեկտիվ իրականության մեջ առկա է լինում նույն գործով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված նույն դատական ակտի վերանայման երկու արդյունք Վերաքննիչ դատարանի երկու որոշումներ: Դիմողը գտնում է, որ եթե մինչև գործին մասնակից չդարձած անձի բողոքը ներկայացնելը Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի կայացրած դատական ակտը նույնն է թողել կամ փոփոխել է, նույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտերը կարող են ունենալ տրամագծորեն հակառակ եզրահանգումներ:

Դիմողը շեշտում է այն հանգամանքը, ըստ որի քննարկման առարկա դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը որևէ կերպ չի դադարեցնում իր իրավական գործողությունը, քանի որ օրինական ուժի մեջ մտած, կիրառման ենթակա դատական ակտը շարունակում է իրավական ուժ ունենալ, քանի դեռ այն բեկանված կամ վերացված չէ:

Դիմողը նաև նշում է, որ այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը գտնի, որ վերանայման ենթակա է տվյալ գործը քննած վերջին ատյանի կողմից կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ապա կաղճատի ստորադասության վրա հիմնված դատական եռաստիճան համակարգի էությունն ու բովանդակությունը, դատական երեք ատյանների միջև ֆունկցիոնալ կապը հաշվի չառնելով դատական երեք ատյանների գործառույթների առանձնահատկությունները, քանի որ առանձին գործերով Վերաքննիչ դատարանն իրավասություն է ունենում վերանայել Վճռաբեկ դատարանի որոշումը, իսկ քննարկման առարկա գործով Վերաքննիչ դատարանի որոշումը:

Դիմողը փաստում է, որ Օրենսգրքի շրջանակներում գործին մասնակից չդարձած անձանց համար վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը քննարկման առարկա դեպքերում վերադարձնելու կամ ընդունումը մերժելու առանձին հիմք նախատեսված չէ, ինչն էլ առաջացնում է իրավական որոշակիության համար վտանգ ստեղծող իրավիճակ: Վերոգրյալի լույսի ներքո դիմողը կարծում է, որ վիճարկվող

իրավակարգավորումները հակասում են իրավական որոշակիության սկզբունքին և խախտում են դատարանների աստիճանակարգությունը:

4. Պատասխանողը Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 38-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավանորմերի վերլուծության արդյունքում հանգում է այն եզրակացության, որ գործին մասնակցող անձանց շրջանակը որպես գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիր, կարող է լուծվել և որոշվել միայն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, այսինքն առաջին ատյանի դատարանի լիազորությունն է ճիշտ որոշել գործին մասնակցող անձանց շրջանակը, ուստի այդ լիազորության ոչ պատշաճ իրականացման դեպքում բողոք բերելու հիմքը համարվող դատական սխալը թույլ է տրվում հենց դատարանի կողմից: Պատասխանողը կարծում է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները գործին մասնակցող անձանց շրջանակը որոշելու լիազորություն չունեն, ինչն էլ հաշվի առնելով օրենսդիրը սահմանել է, որ գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, ունեն վերաքննիչ բողոքարկման իրավունք:

Պատասխանողը նաև նշում է, որ գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոքարկման իրավունքից կարող են օգտվել այն դեպքերում, երբ արդեն իսկ իրացրել են իրենց վերաքննիչ բողոքարկման իրավունքը, սակայն համաձայն չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտի հետ, կամ երբ սահմանափակվել է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացումը:

Վերոգրյալի համատեքստում պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը ոչ թե հակասում է դատական ակտերի բողոքարկման համար սահմանված ընդհանուր կանոնին, այլ սահմանում է կանոնից բացառություն, որի նպատակն է հնարավորություն տալ գործին մասնակից չդարձած անձանց լիարժեքորեն իրացնելու իրենց արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները:

5. Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, կողմերի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ.

Դիմողի կողմից վիճարկվող Օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը կարգավորում է գործին մասնակից չդարձած անձանց կողմից վճռաբեկ բողոք բերելու իրավունքին, ինչպես նաև նրանց կողմից վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակին վերաբերող հարցերը։ Այսինքն Վերաքննիչ դատարանը վիճարկել է օրենսդրական այնպիսի դրույթի սահմանադրականությունը, որը վերաբերում է վճռաբեկ վարույթին և իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա չէ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի նշված դրույթը վիճարկելիս դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, հետևաբար, դիմողը տվյալ հարցով իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան:

Ինչ վերաբերում է դիմողի կողմից վիճարկվող Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասին, ապա այն սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, սակայն Վերաքննիչ դատարանի ո՛չ 17.06.2019 թ. որոշման, ո՛չ էլ այն հստակեցնելու մասին 16.07.2019 թ. որոշման մեջ դիմողը չի հիմնավորել նշված դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր կողմից քննվող քաղաքացիական գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով։

Մասնավորապես դիմողը հավուր պատշաճի չի փաստարկել, թե Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասում առկա ո՞ր դրույթը կամ դրանով չնախատեսված հնարավոր ինչպիսի՞ իրավակարգավորման բացակայությունն է առաջացնում իրավական որոշակիության համար վտանգ ստեղծող իրավիճակ, ինչո՞վ է այն հատկապես հակասում իրավական որոշակիության սկզբունքին և խախտում դատարանների սահմանադրորեն ամրագրված աստիճանակարգությունը։

Այս կապակցությամբ Սահամանդրական դատարանը փաստում է, որ դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, ուստի դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:

6. Այդուհանդերձ, հաշվի առնելով դիմումում արծարծված իրավական հարցադրումների բնույթը և ծավալը, ինչպես նաև իր կողմից նախկինում ձևավորած դիրքորոշումների հետ դրանց անմիջական կապը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշման շրջանակներում արձանագրել համակարգային ու համալիր լուծումներ պահանջող ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ դատավարական որոշ հիմնախնդիրներ։

Սահմանադրական դատարանն իր 06.10.2015 թ. ՍԴՈ-1231 որոշմամբ արձանագրել է. Դատական ատյանների աստիճանակարգությունն առաջին հերթին կոչված է ապահովելու դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության վերահսկողությունը վերադաս դատարանների կողմից, դատական սխալների ժամանակին ուղղումը, որն էլ երաշխավորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց օրինական շահերի և իրավունքների առավել պաշտպանությունը»:

Մյուս կողմից, Սահմանադրական դատարանն իր որոշումներում նաև կարևորել է դատական գործերով ընդունված վերջնական որոշումները որպես իրավական որոշակիության ապահովման երաշխիքներ հարգելու անհրաժեշտություն, ինչի կապակցությամբ մեկ այլ 2008 թվականի մայիսի 27-ի ՍԴՈ-754 որոշմամբ շեշտել է, որ «միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ մի շարք պետությունների քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ։ Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի»:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Օրենսգրքի վերաբերելի դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել Օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով (10-րդ հոդվածի 4-րդ մաս): Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

Ընդ որում, գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակից չդարձած անձը դատարանի կողմից ծանուցվել է քննվող գործի վերաբերյալ, սակայն չի դիմել գործի քննությանը ներգրավվելու համար (362-րդ հոդվածի 5-րդ մաս):

Ի լրումն վերոգրյալի Սահմանադրական դատարանը նաև փաստում է, որ, ելնելով քաղաքացիական դատավարության շրջանակներում դատարանի վճռի և որոշումների օրինական ուժի մեջ մտնելու (Օրենսգրքի 198-րդ հոդված և 199-րդ հոդվածի 3-րդ մաս), ինչպես նաև գործին մասնակից չդարձած անձանց կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետներից, վերջիններս կարող են վերաքննիչ բողոք ներկայացնել ինչպես օրինական ուժի մեջ չմտած, այնպես էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ:

Միաժամանակ ո՛չ 360-րդ հոդվածը, ո՛չ էլ Օրենսգրքի 53-րդ գլխում (դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով) առկա մյուս իրավակարգավորումները նշված անձանց բողոքարկման իրավունքի որևէ սահմանափակում կամ վերապահում չեն նախատեսում նաև կախված այն հանգամանքից, թե առաջին ատյանի դատարանի բողոքարկվող դատական ակտը վերադաս դատարանի վերանայման առարկա դարձել է, թե ոչ:

Այսպիսով, գործին մասնակից չդարձած անձինք իրական հնարավորություն ունեն, մասնավորապես, վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի դատարանի այն դատական ակտերը, որոնք նախկինում անփոփոխ են թողնվել կամ փոփոխվել են վերաքննիչ և նույնիսկ վճռաբեկ ատյանների կողմից: Եվ եթե պահպանված են նշված անձանց բողոքին ներկայացվող բովանդակային ու ձևական պահանջները, Վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել բողոքարկվող դատական ակտը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

Այսինքն նույն գործի վերաբերյալ միաժամանակ առկա կլինեն վերադաս դատական ատյանների միմյանց հակասող և չվերացված դատական ակտեր, ինչը շեղվում է դատական ակտերի վերաքննության կամ վճռաբեկության կարգով բողոքարկման ընդհանուր մոդելից և կասկածի տակ է դնում օրինական ուժի մեջ մտած, ներառյալ վերադաս դատարանների կայացրած դատական ակտերի կայունության սկզբունքը: Իր հերթին դա անխուսափելիորեն, այդ թվում բացասաբար է անդրադառնում նաև վերադաս դատական ատյանների վերջնական դատական ակտերով իրավական հետաքրքրություն և դրանցից ողջամիտ ակնկալիքներ ունեցող անձանց իրավաչափ շահերի պաշտպանության վրա: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման վիճակը չի համապատասխանում վերջնական դատական ակտերի իրավական որոշակիության և դատական ատյանների գործառութային տարանջատման ապահովման պահանջներին:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում գործին մասնակից չդարձած անձինք իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը վերաքննության կամ վճռաբեկության կարգով բողոքարկում են այդ վարույթների համար սահմանված ընդհանուր հիմունքներով: Օրենսգրքում առկա չեն հատուկ կարգավորումներ, որոնք թույլ կտային դատարանների անաչառության ապահովման տեսանկյունից բացառել կոնկրետ գործով կայացված դատական ակտի քննարկումը վերադաս այն ատյանի կողմից, որտեղ վիճարկվող դատական ակտն արդեն մեկ անգամ դարձել է դատական վերանայման առարկա:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1231 որոշման շրջանակներում արտահայտած բողոքարկման ինստիտուտի տեսանկյունից դատարանների աստիճանակարգության պահպանման խնդրի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները (այն առումով, թե արդյոք դատարանը կարող է անկողմնակալ լինել իր իսկ կայացրած դատական ակտի վերանայման հարցում), որոնց շրջանակներում կարևորել է դատարանների անկողմնակալության երաշխավորումը այն դիտարկելով որպես անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքներից մեկը: Ի լրումն վերը նշվածի Սահմանադրական դատարանը նաև անհրաժեշտ է համարում հիշատակել 28.11.2007 թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր իրավական դիրքորոշումն առ այն, որ «բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը` ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում` մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը»:

Սահմանադրական դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի որոշակիությունը և կայունությունը պահանջում են դրանց վերանայման հատուկ հիմքեր և բացառիկ ընթացակարգ, ինչը գործող իրավակարգավորումների պայմաններում իրացվում է միայն նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարույթի միջոցով (Օրենսգրքի 58-րդ գլուխ): Այս ընթացակարգի շրջանակներում հստակ ապահովված է դատարանների աստիճանակարգության սկզբունքը, մասնավորապես, որ ստորադաս դատական ատյանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է վերանայման միայն վերադաս դատական ատյանի կողմից: Մինչդեռ գործին մասնակից չդարձած անձանց կողմից ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման ձևաչափը չի համապատասխանում այս պայմաններին և Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի բխում քաղաքացիական դատավարության շրջանակներում, մասնավորապես, վերաքննության կարգով բողոքարկման ինստիտուտի ընդհանուր, ինչպես նաև ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ կառուցակարգի տրամաբանությունից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ արձանագրված խնդիրը պահանջում է համակարգային օրենսդրական լուծումներ, մասնավորապես գործին մասնակից չդարձած անձանց իրավաչափ շահերի արդյունավետ պաշտպանության և միաժամանակ վերջնական դատական ակտերի որոշակիության ու կայունության ապահովման համար անհրաժեշտ բողոքարկման հատուկ ընթացակարգի նախատեսում, ինչն Ազգային ժողովի լիազորությունների տիրույթում է:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի և 389-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ . ԹՈՎՄԱՍՅԱՆ

24 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴԱՈ-173

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-173
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել