Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8515 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-85)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 85 | «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 դեկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 23-ին), խնդրել է հետևյալը. «(…) Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը կամ տվյալ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»։

2. Դիմողը նշում է, որ տվյալ դեպքում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը կամ դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունն օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների լույսի ներքո դիտարկելու դեպքում ակներև է դառնում, որ օրենսդիրն իր պաշտպանության տակ է առնում Սահմանադրական դատարան դիմում ներկայացնող և մինչ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառած սուբյեկտներին, սակայն, ըստ դիմողի, չի պաշտպանում այն սուբյեկտներին, որոնք դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառել են երրորդ անձի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը: Դիմողի կարծիքով վերոնշյալ իրավիճակը հանգեցնում է օրենքի առջև հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների խախտման, քանի որ նշված երեք սուբյեկտները իրավական հետևանքի առումով գտնվում են միևնույն վիճակում, սակայն առաջին երկու դեպքում վերջիններս հնարավորություն են ստանում վերացնելու հակասահմանադրական նորմի կիրառմամբ կայացված դատական ակտը, իսկ երրորդ դեպքում տվյալ սուբյեկտն ստիպված է կրել Սահմանադրությանը հակասող դատական ակտի բացասական հետևանքները: Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանի դիմումով վկայակոչված որոշումների վերլուծության արդյունքում հանգում է այն դիրքորոշման, որ հակասահմանադրական նորմը կիրառած դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է նոր հանգամանքի հիմքով վերանայման և վերանայման արդյունքում բեկանման, բացառությամբ, երբ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառումն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա: Սակայն տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված սուբյեկտ չէ, քանի որ դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվելուց հետո: Վերոգրյալով պայմանավորված դիմողը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը կամ առնվազն նշված նորմին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից տրված մեկնաբանությունը հակասում է նաև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական

ակտով,

դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի թիվ 6-915 դիմումի հիման վրա հարուցված գործը գտնվում է դատաքննության նախապատրաստության փուլում),

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Ա. Թունյան

15 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-85

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-85
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել