«ՏԻԳՐԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 62 | «ՏԻԳՐԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՏԻԳՐԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Տիգրան Մեժլումյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի և 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի մարտի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Տիգրան Մեժլումյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Կարեն Մեժլումյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածն ու 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, այնքանով, որքանով սահմանափակում են (արգելում են) սեփականության իրավունքով անձին պատկանող գույքը քրեական վարույթով որպես իրեղեն ապացույց առգրավված լինելու պայմաններում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դատական պաշտպանության, այդ թվում կայացված դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոք բերելու իրավունքը»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/1237/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ թեև որպես իրեղեն ապացույց առգրավված ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից ավտոմեքենան վերադարձնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև վերաքննիչ ու վճռաբեկ բողոքները ներկայացվել էին Սահմանադրությամբ ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը և այդ իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն ապահովելու տեսանկյունից, առաջին ատյանի դատարանը միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ իրեղեն ապացույց ճանաչված առարկաները կարող են տնօրինվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը հատուկ վերանայման բողոքն առանց քննության է թողել՝ կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածն ու 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և նշել, որ այն ենթակա չէ հատուկ վերանայման, իսկ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ կիսելով վերաքննիչ դատարանի դիրքորոշումը:
Դիմողի պնդմամբ՝ տվյալ դեպքում քրեական վարույթով մոտ երեք տարի առաջ իրեղեն ապացույց է ճանաչվել իր ավտոմեքենան, և մինչև դատավճիռ կայացնելն ու դրա օրինական ուժի մեջ մտնելը դեռ երեք տարի էլ կարող է անցնել: Այսինքն՝ վիճարկվող և դրանց հետ փոխկապակցված դատավարական նորմերը պետությանը հնարավորություն են տալիս իր առջև դրված քրեադատավարական խնդիրները լուծելու համար որպես իրեղեն ապացույց անձից առգրավել սեփականության իրավունքով նրան պատկանող ավտոմեքենան` տևական ժամանակով փաստացի զրկելով սեփականության իրավունքից՝ իր ավտոմեքենան տնօրինելու, օգտագործելու և տիրապետելու իրավունքից, ինչպես նաև իր սեփականության իրավունքի դատական պաշտպանության իրավունքից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը գտնում է, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածն ու 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը այնքանով, որքանով արգելում են սեփականության իրավունքով անձին պատկանող գույքը քրեական վարույթով որպես իրեղեն ապացույց առգրավված լինելու պայմաններում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դատական պաշտպանության, այդ թվում կայացված դատական ակտի բողոքարկման հնարավորությունը, հակասում են Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 75-րդ հոդվածներին»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…):
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար հիմնավորումներ ներկայացնի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, դրանց հակասահմանադրականության և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ։
Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով` անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Տիգրան Մեժլումյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի և 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 ապրիլի 2025 թվականի
ՍԴԱՈ-62
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-62
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
