ԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 1 | ԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 13 հունվարի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Աննա Սաֆարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աննա Սաֆարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Օֆելյա Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 27-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«ՀՀ Աշխատանքային օրենսգրքի` մինչև 03.05.2023թ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-160-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (մինչև 2023թ. հուլիսի 31-ը) գործող խմբագրությամբ «Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը» վերտառությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը, մասնավորապես «անհատական իրավական ակտ» եզրույթին հավասարազոր կիրառված «փաստաթուղթը» ձևակերպման մասով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր, իսկ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ՝ վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, որոշել, որ վիճարկվող նորմը Դիմողի նկատմամբ սխալ է մեկնաբանվել և կիրառվել»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/54523/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը գտնում է, որ «(…) ՀՀ Աշխատանքային օրենսգրքի` մինչև 03.05.2023թ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-160-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (մինչև 2023թ. հուլիսի 31-ը) գործող խմբագրությամբ «Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը» վերտառությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, և 79-րդ հոդվածի պահանջներին, նշված հոդվածում առկա «անհատական իրավական ակտը»-ից հետո փակագծերում նշված «(փաստաթուղթը)» բառն անորոշ է, հստակ չէ, ինչի արդյունքում խախտվում են աշխատողների իրավունքները, նշված դրույթին պրակտիկայում տրվող մեկնաբանություններն աշխատողներին հնարավորություն չեն տալիս իրականացնել Սահմանադրությամբ վերապահված իրենց աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ դրանով իսկ խախտելով Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքը, աշխատանքից անհիմն ազատելու դեպքում՝ դատական պաշտպանության իրավունքը, օրենքների կանխատեսելիության սկզբունքը, կոնկրետ իրավիճակներում իրավունքի հասցեատիրոջ այս կամ այն վարքագիծը կանխորոշելը»:
Ըստ Դիմողի՝ «(…) օրենսդիրը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում «անհատական իրավական ակտ» եզրույթին հավասարազոր կիրառելով նաև «փաստաթուղթ» տերմինը, ի նկատի է ունեցել, որ անհատական իրավական ակտը աշխատողին պետք է տրամադրվի թղթային կրիչի միջոցով, որի վրա պետք է դրվի աշխատողի ստորագրությունը՝ ի հավաստումն նրա, որ վերջինս իրեն վերաբերող անհատական իրավական ակտը ստացել է գործատուի կողմից: Նշված հոդվածում փակագծում զետեղված «փաստաթուղթ» տերմինի այլ մեկնաբանություններն անընդունելի են: Ավելին 2023թ. մայիսի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. հուլիսի 31-ին, հստակեցվել է այս խնդիրը, մասնավորապես, ՀՀ աշխ. օր.-ի 265-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ հեռացնելով փակագծում նշված «փաստաթուղթ» տերմինը: Սա ևս վկայում է այն մասին, որ նշված տերմինը հոդվածում թողնելը՝ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից օրենսդիրը խնդրահարույց է դիտարկել, և որպեսզի կանխի դրանից օգտվող գործատուների անբարեխիղճ վարքագիծը, հոդվածը հստակեցրել է՝ թողնելով միայն «անհատական իրավական ակտ» եզրույթը։ Սակայն օրենքի փոփոխությունը չի տարածվում նախկինում ծագած վեճերի նկատմամբ, որի պատճառով Դիմողը հայտնվել է շատ բարդ իրավիճակում՝ ստորադաս դատարաններում չստանալով համապատասխան դատական պաշտպանություն՝ հենց վիճարկվող նորմի ոչ հստակ ձևակերպման պատճառով, որը վերջինիս նկատմամբ կիրառվել է լրիվ այլ մեկնաբանությամբ»:
Դիմողը գտնում է նաև, որ «(…) քննարկվող հոդվածում փակագծում առկա «փաստաթուղթ» տերմինը իրենից ներկայացնում է անհատական իրավական ակտը միայն փաստաթղթի միջոցով տրամադրելու պահանջ, իսկ փաստաթուղթը պետք է հստակ համապատասխանի անհատական իրավական ակտին ներկայացվող բոլոր պայմաններին և բովանդակի դրա բոլոր տարրերը, ինչը տվյալ դեպքում առկա չէ, իսկ ստորադաս դատարանների՝ օրենսդրի կամքին ու նպատակին վերաբերող մյուս բոլոր մեկնաբանություններն անհիմն են»:
Ըստ Դիմողի՝ «(…) ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխան ժամկետի հաշվարկի մեկնարկը ուղղակիորեն կապում է համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու հետ: Հետևաբար, միայն ուղղակիորեն անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու դեպքում կարող է հոսել համապատասխան ժամկետի հաշվարկը: Որևէ այլ եղանակ, այդ թվում՝ ծանուցման կամ աշխատանքի նոր առաջարկը ստանալու վերաբերյալ ապացույցը չեն կարող հիմք հանդիսանալ որպես գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի էական պայմանները փոփոխելու մասին տեղեկացնելու պահ, ըստ այդմ՝ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ համարելու և հաշվարկելու համար»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում՝ սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (...) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ԵԴ/54523/02/22 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2024 թվականի մայիսի 29-ին, որը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով Դիմողի գործով վերջնական դատական ակտն է և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմումը ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց: Այսինքն՝ սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվելու պահին արդեն իսկ լրացել էր Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Աննա Սաֆարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Դ. Խաչատուրյան
13 հունվարի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
