Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՅԱՆԵ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՅԱՆԵ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2221 օգոստոսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 օգոստոսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 22 | ԳԱՅԱՆԵ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

21 օգոստոսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով քաղաքացիներ Գայանե Բոյախչյանի և Սերգեյ Ակոպովի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Գայանե Բոյախչյանը և Սերգեյ Ակոպովը 2013թ. օգոստոսի 1-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ, 27- րդ, 28-րդ, 33-րդ, 132-րդ հոդվածների, 199-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի, 201-րդ հոդվածի 1-ին, 3- րդ մասերի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ, 4-րդ, 47-րդ, 78-րդ հոդվածների դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31- րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ և 48-րդ հոդվածներին հակասող և անվավեր կամ ճանաչել Սահմանադրությանը հակասող այն մեկնաբանությունը, որը տրվել է վերոնշյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Ըստ դիմողների դատարանները, վիճարկվող դրույթներին տալով կամայական մեկնաբանում, ստեղծել են իրենց հանդեպ բացասական իրավական հետևանքներ արդյունքում սահմանափակելով վերջիններիս դատական պաշտպանության իրացման սահմանադրական իրավունքը։

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ, 28-րդ, 33-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը դիմողների նկատմամբ չեն կիրառվել։ Մինչդեռ անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Այս պայմանը, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Հետևաբար, նշյալ դրույթների մասով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք։

3. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ, 132-րդ հոդվածների, 199-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ, 4-րդ հոդվածների, 47-րդ հոդվածի 1-ին մասի և 78-րդ հոդվածի դրույթների սահմանադրականության վիճարկմանը, ապա դիմողների նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն, դիմողները վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Գայանե Բոյախչյանի և Սերգեյ Ակոպովի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

21 օգոստոսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-22
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել