ԺՈՐԺ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 39 | ԺՈՐԺ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Ժորժ Պողոսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ժորժ Պողոսյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 16-ին) խնդրելով. «(...) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 28 և 29, 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության» 17.06.1998թ. ՀՕ-247 օրենսգրքի 48-րդ հոդվածն այնքանով, որքանով չի սահմանում, որ, եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել»։
2. Ներկայացնելով թիվ ԵԿԴ/2397/02/16 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր նկատմամբ « բացասական իրավական հետևանքներ են առաջացրել Վերաքննիչ դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված և Վերաքննիչ դատարանի 22.09.2022թ Որոշման մեջ անմիջականորեն վկայակոչված և փաստացի կիրառված, inter alia, ՀՀ «Քաղաքացիական» դատավարության 17.06.1998թ. ՀՕ-247 օրենսգիրք 48-րդ հոդվածի դրույթները, (...)»: Դիմողը գտնում է, որ « այն դեպքերում, երբ հայցվորը էապես անբարենպաստ պայմաններում է գտնվում պատասխանողի համեմատ, ապացուցման բեռը հայցվորի ուսերին թողնելը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող կողմերի հավասարության, մրցակցության, զենքերի հավասարության» սկզբունքների խախտման»: Դիմողը նշում է, որ «Սույն դիմումով վիճարկվում է ապացուցման պարտականության բաշխման օրենսդրական բացի սահմանադրականությունը, այնքանով որքանով չի սահմանում, որ, եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել»: Ըստ Դիմողի «(...) Սույն դիմումի հիմքում ընկած ԵԿԴ/2397/02/16 քաղաքացիական գործով առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանն, ի կատարումն ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավադրույթի, սահմանել են, որ Դիմողն է կրում իր կողմից վկայակոչված, իր պահանջի հիմքում ընկած փաստի ապացուցման բեռը, որը ՀՀ «Քաղաքացիական» օրենսգրքի 849-րդ հոդվածով սահմանված իրավունքով, կարող է տիրապետել միայն պատասխանողը (բանկը ևս չէր կարող տիրապետել)»: Դիմողը նշում է, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթում առկա անորոշությունը, իրավական բացը դատական մեկնաբանմամբ հաղթահարելի չէ: Դիմողը գտնում է, որ «Եթե հնարավոր լիներ դատական մեկնաբանությամբ հաղթահարել սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթում առկա անորոշությունը, իրավական բացը, ապա` Վճռաբեկ դատարանն առաջնորդվելով վերոգրյալ իրավունքի աղբյուրներով կաներ դա կհաղթահարեր սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթում առկա իրավական բացը»: Դիմողի պնդմամբ «(...) Կարգավորումների բացակայության, անորոշության մասով դրանք հակասահմանադրական են, այսինքն, պարունակում են ՀՀ «Քաղաքացիական դատավարության» 17.06.1998թ. ՀՕ-247 օրենսգրքի 48-րդ հոդվածի մեկնաբանությամբ չհաղթահարվող իրավական բաց, անորոշություն, քանի որ չեն ապահովում արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող մրցակցության, կողմերի հավասարության, զենքերի հավասարության» սկզբունքների պատշաճ կենսագործումը»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները։ Նշված նորմից հետևում է, որ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշում է դատարանը կողմերի պահանջների և առարկությունների հիման վրա և կողմերի միջև ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան (գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը) բաշխում է ապացուցման պարտականությունը։ Դատարանն է, ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որոշում, թե կողմերի պահանջների և դրանց դեմ ներկայացված առարկությունների հիմքում ընկած որ փաստը գործի համար ունի էական նշանակություն և դրա ապացուցման պարտականությունը դնում այն վկայակոչող կողմի վրա։ Ըստ Դիմողի առկա է օրենսդրական բաց այնքանով, որքանով վիճարկվող դրույթը չի նախատեսում, որ եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել: Դիմումում ներկայացվում է, որ Դիմողը համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գումարի կեսի բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարան, որի կապակցությամբ իր վրա է դրվել այդ գումարի առկայության փաստն ապացուցելու պարտականությունը, մինչդեռ, ըստ Դիմողի այդ փաստի վերաբերյալ ապացույցը Քաղաքացիական օրենսգրքի 849-րդ հոդվածի ուժով կարող էր տիրապետել միայն վեճի մյուս կողմը։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողն իրականում իր անհամաձայնությունն է հայտնում համապատասխան փաստի ապացուցման պարտականությունը գործով իր վրա դնելու դատարանների որոշումների հետ և տվյալ դեպքում ձևականորեն բարձրացնելով վիճարկվող դրույթում առկա բացի սահմանադրականության հարց ըստ էության առաջ է քաշում իր գործով դատարանի կողմից ապացուցման պարտականության բաշխմանը վերաբերող դրույթների կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա չէ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ժորժ Պողոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Հովակիմյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
19 սեպտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-39
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-39
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
