Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2115 մայիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 մայիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 21 | ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 մայիսի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարուժան Ավետիսյանի (այսուհետ դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մայիսի 5-ին, որով դիմողը խնդրել է. «(...) որոշել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և դրա 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի «եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները.» ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) Խնդրո առարկա իրավադրույթի կիրառման հետևանքով փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում թիվ ԵԷԴ/0091/01/17 գործով դատարանի լիազորությունը, և հետևաբար սահմանադրական (արդարադատություն իրականացնող) մարմնի իրավասությունը, հանձնվել է տուժողի կարգավիճակ ունեցող անձանց։ (...) Փաստացի խնդրո առարկա իրավադրույթի կարգավորումն (բովանդակությունը) այնպիսին է, որ համաձայն համաներման կիրառման կամ չկիրառման հարցն առկախվում է բացառապես տուժողի կամքից և սահմանված չեն որևէ օբյեկտիվ չափանիշներ դրա արտահայտման համար։ Խնդրո առարկա իրավադրույթը բացառապես տուժողի կարգավիճակը դիտարկել է այն անհրաժեշտ և բավարար պայմանը, որի պարագայում Դիմողիս նկատմամբ արդարադատություն իրականացնելու իշխանությունը հանձնվում է տուժողին։ (...) Համաներման մասին օրենքի խնդրահարույց իրավադրույթով տուժողին է վերապահվում համաներում կիրառելու իրավունք, որն ըստ ՀՀ Սահմանադրության վերապահված է ՀՀ պետական (սահմանադրական) ինստիտուտներին։ Թեև Համաներման մասին օրենքն ընդունված է Ազգային ժողովի կողմից, սակայն վիճարկվող իրավադրույթով այդ օրենքի կիրառման կամ չկիրառման հարցի որոշման լիազորությունը վերապահվել է տուժողին»։ Դիմողի գնահատմամբ նման կարգավորումը վերացնում է անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործող դատարանի և արդար դատաքննության իրավունքը։ Դիմողը միջնորդություն է ներկայացրել խնդրելով իրեն ազատել պետական տուրքի վճարումից ապահովելով սահմանադրական արդարադատության մատչելիությունը։ 3․ Քննության առնելով դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով դիմողի ներկայացրած հիմնավորումները, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման:

4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ֆիզիկական կամ իրավաբանական անձն անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Տվյալ դեպքում թիվ ԵԷԴ/0091/01/07 քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվել է 2022 թվականի մայիսի 26-ին։ Այս կապակցությամբ, դիմողը նշել է․ «Վճռաբեկ դատարանի որոշումը ստացել և դրան ծանոթացել եմ 21․12․2022 թ․-ին ՔԿՀ-ում»։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի գործով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մայիսի 26-ի որոշումն է, որն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից: Հետևաբար սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելու պահին Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած է եղել, որպիսի հանգամանքով պայմանավորված սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել նաև, որ 2022 թվականի նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել դիմողի նույնաբովանդակ հիմնավորումներով և պատճառաբանություններով դիմումը: Սահմանադրական դատարանի դատական կազմի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴԴԿՈ-67 որոշմամբ Վ. Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժվել է դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ս. Սաֆարյան

Ա. Վաղարշյան

15 մայիսի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 մայիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել