Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴՈՒՀԻ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴՈՒՀԻ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3223 մայիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 32 | ՎԱՐԴՈՒՀԻ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մայիսի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Վարդուհի Ենոքյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարդուհի Ենոքյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 19-ին) խնդրելով. «Աշխատողիս աշխատանքից ազատելու մասին գործատուի 02/12/2019 թ. N221 հրամանը ճանաչել ՀՀ Սահմանադրության 57հ 2-րդ մասին հակասող և վերացնել»:

2. Դիմողը նշել է, որ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը գործատուն լուծել է օրենքի խախտմամբ, իսկ իր վկայակոչած ենթադրյալ խախտման դեմ դատական պաշտպանությամբ հնարավոր չի եղել վերականգնել իր իրավունքը։ Մասնավորապես, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունվարի 11-ի վճռով մերժվել էր դիմողի նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին հայցը: Այնուհետև վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2021 թվականի հունիսի 11-ի որոշմամբ մերժել էր հիշյալ վճռի դեմ ներկայացված բողոքը այն թողնելով անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ իր վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության: Ըստ դիմողի իր ներկայացրած հիմնավորումներով և եզրահանգմամբ իրեն աշխատանքից ազատելու մասին «Էնրիկո-Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 221 հրամանը հակասում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, և Սահմանադրական դատարանին խնդրել է վերացնել այն։ Դիմումին կից դիմողը ներկայացրել է պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն իր գույքային դրության վերաբերյալ ներկայացրած հիմնավորումներով։

3. Քննության առնելով դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով դիմողի գույքային դրությունը, դրանով պայմանավորված սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի միջնորդությունը ենթակա է բավարարման։

4. Քննության առնելով դիմումը և ուսումնասիրելով դրան կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 168 հոդվածի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարան կարող են դիմել (…) յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Սույն դիմումով դիմողի կողմից վիճարկվող ակտը «Էնրիկո-Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 221 հրամանը չի դասվում Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված իրավական ակտերի շարքին: Այսինքն Սահմանադրական դատարանի սահմանադրական լիազորություններից դուրս է դիմողի կողմից վիճարկվող ակտի Սահմանադրությանը համապատասխանության ստուգումը: Հետևաբար դիմողի առաջադրված հարցի լուծումը ենթակա չէ Սահմանադրական դատարանին։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Բավարարել Վարդուհի Ենոքյանի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։

Վարդուհի Ենոքյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Թունյան

Ե. Խունդկարյան

23 մայիսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել