ԳԵՈՐԳԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 63 | ԳԵՈՐԳԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 31 հուլիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Գեորգի Բաղդասարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գեորգի Բաղդասարյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լարիսա Բաղդասարյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 20-ին, որով Դիմողը խնդրել է.
«(…)
4.1.1. Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ և 340-րդ հոդվածների՝ այն մասով, որ մասով սահմանված կարգով հայց հարուցելուց հետո հայցի առարկայի փոփոխություն իրականացնելու դեպքում նոր նյութաիրավական պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը ընդհատված է համարվում սկզբնական այլ նյութաիրավական հիմքով հայց հարուցելու պահից և հայցային վաղեմության ժամկետի հաշվարկն իրականացվում է մինչև սկզբնական հայց հարուցելու և ոչ թե մինչև հայցի առարկան փոխելու պահը, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, և 75-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։
4.1.2. Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ և 340-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այն մասով, որ մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործով 27.06.2025 թվականի որոշմամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի 21.01.2026 թվականի որոշմամբ օրենքով սահմանված կարգով հայց հարուցելուց հետո հայցի առարկայի փոփոխություն իրականացնելու դեպքում նոր նյութաիրավական պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը ընդհատված է համարվում սկզբնական այլ նյութաիրավական հիմքով հայց հարուցելու պահից և հայցային վաղեմության ժամկետի հաշվարկն իրականացվում է մինչև սկզբնական հայց հարուցելու և ոչ թե մինչև հայցի առարկան փոխելու պահը, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, և 75-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։
4.1.3. Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այն մասով, որ մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործով 27.06.2025 թվականի որոշմամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի 21.01.2026 թվականի որոշմամբ բարեխիղճ ձեռք բերողը սեփականատեր չհանդիսացող անձի հայցով զրկվել է սեփականության իրավունքից՝ հաշվի չառնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի սահմանադրական բովանդակությունը, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածին համապատասխանության հարցը» :
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ 2011 թվականի հուլիսի 19-ին Մհեր Բախշիյանի կողմից Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) է ներկայացվել հայցադիմում ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի, Գեորգի Բաղդասարյանի և այլոց, ինչպես նաև Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և հավելում, որ իր կողմից 2024 թվականի մայիսի 23-ին ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 29-ի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռելով․ «27.11.2009 թվականին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի և Էդուարդ Ալեքսանդրի Ռուստամյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել կեղծ գործարքի անվավերության հետևանքներ. անվավեր ճանաչել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի և Էդուարդ Ալեքսանդրի Ռուստամյանի միջև 2009 թվականի նոյեմբերի 27-ին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ Էդուարդ Ալեքսանդրի Ռուստամյանի անվամբ 25.12.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անվավեր ճանաչել Էդուարդ Ալեքսանդրի Ռուստամյանի և Գեորգի Արսենի Բաղդասարյանի միջև 31.01.2011 թվականին կնքված Երևան քաղաքի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ Գեորգի Արսենի Բաղդասարյանի անվամբ 02.02.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցը՝ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի և Մհեր Մարսելի Բախշիյանի միջև 15.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական և նախավճարի պայմանագիրը վավեր ճանաչելու Մհեր Մարսելի Բախշիյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով, մերժել», իսկ Դիմողի՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը՝ մերժել՝ այն համարելով ոչ հիմնավոր:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Դիմողի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Մհեր Բախշիյանի վերաքննիչ բողոքը՝ բավարարել մասնակիորեն՝ որոշելով Դատարանի՝ «29.10.2024 թվականի վճիռը մասնակի՝ 3-րդ (միայն սեփականության իրավունքի ճանաչման մասով), 5-րդ, 6-րդ կետերին վերաբերող մասերով, բեկանել և փոփոխել՝ հայցը բավարարել մասնակի ճանաչել հայցվոր Մհեր Բախշիյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Գ. Չաուշի 14/3 շենքի թիվ 78 բնակարանի նկատմամբ»։
Դիմողը, վկայակոչելով, որ իր կողմից 2024 թվականի մայիսի 23-ին ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հայցի առարկայի փոփոխությունից հետո հայցային վաղեմության նյութաիրավական հիմքը փոփոխվել է, գտնում է, որ ի սկզբանե ներկայացված հայցադիմումը ներկայացվել է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով, որում որևէ խոսք չի եղել գործարքն առոչինչ գործարք ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քանի որ պահանջի փոփոխմամբ (ճանաչել կեղծ գործարք և կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ) փոփոխվել է հայցային վաղեմության ժամկետի նյութաիրավական հիմքը, որն այս դեպքում օրենսդրի կողմից 10-ամյա ժամկետն է:
Դիմողը գտնում է, որ Դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ փոխվել է հայցի առարկան, ինչի արդյունքում փոխվել է նաև հայցային վաղեմության նյութաիրավական հիմքը, ինչպես նաև Դատարանը հաշվի չի առել, որ ի սկզբանե հայցվորը պահանջ չի ներկայացրել՝ որպես կեղծ` առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջով, ըստ այդմ հայցային վաղեմության ժամկետում պահանջ ներկայացված չի եղել։
Դիմողը նշում է, որ Վերաքննիչ դատարանը նույնպես չի անդրադարձել այն հանգամանքին, որ 2022 թվականին փոխվել է հայցի առարկան, ինչի արդյունքում փոխվել է նաև հայցային վաղեմության նյութաիրավական հիմքը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ի սկզբանե հայցվորը պահանջ չի ներկայացրել որպես կեղծ՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու մասին, ըստ այդմ հայցային վաղեմության ժամկետում պահանջ ներկայացված չի եղել։
Դիմողը պնդում է, որ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված լինելու պայմաններում առանց սկզբնապես ներկայացված և փոփոխված նյութաիրավական պահանջների տարբերությունները բովանդակային առումով որոշակիացնելու հայցային վաղեմության ժամկետը բացառապես մինչև հայցադիմումը ներկայացնելու պահը հաշվարկելը կարող է ռիսկեր պարունակել առկա դատավարական գործիքների օգտագործմամբ հայցային վաղեմության ժամկետներից խուսափելու առումով, և նշում, որ հայցի դեմ իր հիմնական առարկություններից մեկը եղել է այն, որ ինքը վեճի առարկա անշարժ գույքի բարեխիղճ ձեռք բերող է, իսկ «հայցվորը չի հանդիսանում և չի էլ կարող հանդիսանալ վեճի առարկա անշարժ գույքի սեփականատեր», և դատարանները եզրափակիչ դատական ակտերում որևէ ձևով չեն անդրադարձել իր վերոնշյալ առարկությանը և պատճառաբանությանը:
Վերոնշյալի հիման վրա Դիմողը բարձրացնում է հետևյալ հարցերը.
«(...) արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ և 340-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի օրենքով սահմանված կարգով հայց հարուցելուց հետո հայցի առարկայի փոփոխություն իրականացնելու դեպքում նոր նյութաիրավական պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը ընդհատված է համարվում սկզբնական այլ նյութաիրավական հիմքով հայց հարուցելու պահից, օրենսդրի կողմից արդարացված և հետապնդվող նպատակին համաչափ է և համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության, դատական պաշտպանության և հիմնական իրավունքների իրականացման համար արդյունավետ կառուցակարգեր ունենալու հիմնարար իրավունքներին այնքանով, որքանով հնարավորություն է տալիս իրականացնել իրավունքի չարաշահում և շրջանցել հայցային վաղեմության ժամկետի լրանալու հիմքով գործի քննության դադարեցման իրավական կարգավորումները:
- արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ սեփականատեր չհանդիսացող անձի կողմից կարող է ներկայացել հատուցման դիմաց բարեխիղճ ձեռք բերողի կողմից ձեռք բերված գույքի վերադարձի պահանջ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի հիմնարար իրավունքին այնքանով, որքանով հնարավորություն է տալիս գույքի սեփականատեր չհանդիսացող անձի պահանջով բարեխիղճ ձեռքբերողին զրկել սեփականության իրավունքից»։
Դիմողի համոզմամբ՝ օրենքով սահմանված կարգով՝ հայց հարուցելը հայցային վաղեմությունը ընդհատում է նյութաիրավական այն պահանջի մասով, որը հանդիսացել է տվյալ հայցի առարկա, և եթե անձը ներկայացրել է գործարքի անվավերության պահանջ, որի հայցային վաղեմության ժամկետը 1 (մեկ) տարի է, ապա այդ հայցը ընդհատում է հայցային վաղեմության ժամկետը միայն տվյալ հայցի առարկայի՝ գործարքի անվավերության նյութաիրավական պահանջի շրջանակներում, և տվյալ հայցի առարկայի շրջանակներում օրենքով սահմանված կարգով հայց հարուցելը որևէ ձևով չի կարող հանգեցնել հայցային վաղեմության ժամկետի ընդհատման նույն գործարքին վերաբերող այլ, մասնավորապես՝ առոչնչության պահանջ պարունակող նյութաիրավական պահանջի դեպքում, այլ կերպ ասած՝ «օրենքով սահմանված հայց հարուցել» հասկացությունը պետք է դիտարկվի հայցի տարրերի դիտանկյունից` հաշվի առնելով, թե ինչպիսի նյութաիրավական պահանջ է ներկայացվել:
Դիմողը գտնում է, որ եթե հայցվորը գործի քննության ընթացքում փոխել է հայցի առարկան, ապա դա պետք է համարվի սկզբնական հայցից անկախ հայց, քանի որ փոխվել է դրա առանցքային տարրերից առնվազն մեկը՝ հայցի առարկան, իսկ սկզբնական հայցի հիմքում դրված նյութաիրավական պահանջ ներկայացնելը նոր նյութաիրավական պահանջի համար չպետք է հանդիսանա հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կամ «[ա]վելի պարզ ասած՝ եթե նոր հայցի առարկայի նյութաիրավական պահանջի հայցային վաղեմության ժամկետը արդեն իսկ լրացել է, ապա սկզբնական հայցի հարուցումը չպետք է դիտարկվի որպես նոր պահանջի համար հայցային վաղեմության ընդհատման հիմք»:
Ըստ դիմողի՝ «Նման մեկնաբանության պայմաններում՝ հայցվորը կարող է հայցի առարկայի փոփոխության միջոցով հասնել այնպիսի իրավիճակի, երբ հայցային վաղեմության ժամկետի ավարտից տարիներ անց վերջինս կարողանա հավակնել ստանալու դատական պաշտպանություն: Մինչդեռ հայցային վաղեմության ինստիտուտի ամրագրումը ուղղված է պատասխանողի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների պաշտպանությանն այնպիսի իրավիճակներից, երբ վերջինս չի կարողանա պատշաճ կերպով պաշտպանել վեճի առաջացումից հետո իր դեմ բավականին ուշ ներկայացված հայցապահանջներից, քանի որ երկար ժամանակ անցնելու պատճառով ոչնչացել, վերացել կամ կորել են այն ապացույցները, որի հիման վրա վերջինս կարող էր կառուցել իր դատական պաշտպանությունը»:
Դիմողը նշում է, որ իր միջնորդության էությունը հետևյալն է. քանի որ հայցադիմում ներկայացնելու պահին հայցի առարկան եղել է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը, իսկ հայցի առարկայի փոփոխվելուց հետո՝ նույն գործարքը կեղծ գործարք ճանաչելը և առոչնչության հետևանքներ ճանաչելը, ապա հայցային վաղեմության նյութաիրավական հիմքը փոխվել է: Սույն գործով առոչնչության հետևանքները կիրառելու մասին հայց Դատարան չի ներկայացվել 2011 թվականի հուլիսի 19-ին, այլ ներկայացվել է միայն հայցի առարկայի փոփոխությամբ՝ 2022 թվականին, հետևաբար՝ վեճի առարկա գործարքը կեղծ գործարք ճանաչելու և առոչնչության հետևանքներ կիրառելու պահանջի մասով հայցային վաղեմության ժամկետի ընդհատում 2011 թվականի հուլիսի 19-ին հայցադիմումի ներկայացմամբ տեղի չի ունեցել, իսկ հայցի առարկայի փոփոխության պահին՝ 2022 թվականին, արդեն լրացած է եղել 2009 թվականի նոյեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 6301 պայմանագիրը կեղծ գործարք ճանաչելու պահանջ ներկայացնելու հայցային վաղեմության 10-ամյա ժամկետը:
Դիմողը նշում է, որ տեղյակ լինելով, որ իր դեմ ներկայացվել է ոչ թե առոչինչ, այլ վիճահարույց գործարքի հետ կապված հայց, պահպանել է միայն տվյալ հայցից պաշտպանվելու համար անհրաժեշտ ապացույցները, մինչդեռ հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո տեղի ունեցած հայցի առարկայի փոփոխությունից հետո, երբ հայցի առարկան վերափոխվել է առոչնչության պահանջի, վերջինս հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ իր իրավաչափ շահերի պաշտպանության միակ միջոցը մնացել է հայցային վաղեմության ինստիտուտի կիրառումը՝ վերջինիս սահմանադրական բովանդակությանը համապատասխան։
Դիմողի գնահատմամբ՝ հայցային վաղեմության ինստիտուտի անհիմն չկիրառման արդյունքում խաթարվում է հայցային վաղեմության ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրված գործառութային-կարգավորիչ նշանակությունը, ինչը հանգեցնում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրականացման համար արդյունավետ կառուցակարգեր ունենալու՝ Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված պահանջի խաթարման:
Դիմողը հանգում է այն հետևությանը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասին իր դիմումի համար հիմք հանդիսացած գործի շրջանակներում իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի` սեփականատեր չհանդիսացող անձի կողմից կարող է ներկայացվել հատուցման դիմաց բարեխիղճ ձեռքբերողի կողմից ձեռք բերված գույքի վերադարձի պահանջ, չի համապատասխանում Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության հիմնարար իրավունքին այնքանով, որքանով հնարավորություն է տալիս գույքի սեփականատեր չհանդիսացող անձի պահանջով բարեխիղճ ձեռքբերողին զրկել սեփականության իրավունքից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է պայմաններ, որոնց միաժամանակյա առկայության դեպքում միայն գույքի բարեխիղճ ձեռք բերողը կարող է զրկվել սեփականության իրավունքից, և որ իր դիմումի համար հիմք հանդիսացած քաղաքացիական գործի շրջանակներում դրանցից առնվազն մեկը՝ հայցվոր Մհեր Բախշիյանի՝ վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու վերաբերյալ դրական հետևությունը, արվել է առանց բավարար հիմքերի, ինչը հանգեցրել է «Դիմումատուի՝ հակասահմանադրական կերպով սեփականազրկման, քանի որ առկա չեն օրենքով սահմանված բոլոր պայմանները, որոնք թվարկված են վերևում: Արդյունքում՝ խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի սահմանադրական բովանդակությունը` խախտելով նաև գույքը բարեխիղճ ձեռք բերողի և սեփականատիրոջ (թեև այս դեպքում անձը նույնիսկ սեփականատեր չէ) շահերի հավասարակշռությունը»։
3. Ելնելով դիմումի և թիվ ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բարձրացրել է այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի, 317 և 340-րդ հոդվածների՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է նշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարցեր:
Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործով դատարանների կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ՝ չներկայացնելով վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:
Մասնավորապես՝ Դիմողը վիճարկում է հայցային վաղեմության ընդհատման՝ Դատարանի կողմից՝ Դիմողի՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելիս կիրառված հիմքը և պնդում, որ առոչիչ ճանաչելու և դրա հետևանքները հաստատելու մասին հայցը ոչ թե հայցի առարկայի փոփոխություն է, այլ նոր հայցի ներկայացում և կարող է հանգեցնել իրավունքի չարաշահման՝ 1 (մեկ) տարի ժամկետի փոխարեն 10 (տասը) տարի լինելու պատճառով։ Բացի դրանից, Դիմողը, անդրադառնալով Դատարանի այն եզրահանգմանը, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որով առնվազն կհիմնավորեր, որ. «1. Հայցվորը հանդիսացել է «Նորաշեն 2007» ՍԿ-ի անդամ, 2. Հայցվորը վճարել է «Նորաշեն 2007» ՍԿ-ի հետ ձեռք բերված փոխհամաձայնության հիման վրա փայավճարի ամբողջ գումարը, 3. Հայցվորի և «Նորաշեն 2007» ՍԿ-ի հետ օրենքով սահմանված կարգով փայավճարի վերաբերյալ համաձայնություն կնքված լինելու փաստը», նշել է, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանը նույնպես, առանց որևէ ապացույցի, որոշել է «Հայցվորի սեփականության իրավունքը ճանաչել, այն դեպքում, երբ սեփականության իրավունքի ճանաչման որևէ իրավական նախադրյալ գործով ապահովված չի եղել և չի ներկայացվել որևէ ապացույց Հայցվորի կողմից, որ Պատասխանող 2007 ՍԿ-ի հետ ձեռք բերված փոխհամաձայնության հիման վրա ամբողջ փայավճարի գումարը վճարվել է», և ավելին՝ բողոքարկվող որոշումն այդ մասով չունի անգամ պատճառաբանական մաս, իսկ Վերաքննիչ դատարանը «բավարարվել է ընդամենը ընդհանրական պատճառաբանությամբ», մինչդեռ ուշադրություն չի դարձրել իր՝ Դատարանում ներկայացված առարկությանն առ այն, որ՝ «Մհեր Բախշիյանի և «Նորաշեն 2007» ՍԿ-ի միջև 15.10.2009 թվականին ձեռք է բերվել համաձայնություն անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական և նախավճարի 2 նախնական պայմանագրերի վերաբերյալ (որոնք ո՛չ նոտարական վավերացման են ենթարկվել, ո՛չ՝ դրանցից բխող իրավունքը պետական գրանցման), որոնցով սահմանվել են, որ հիմնական պայմանագիրը կնքվելու է Հայցվորի կողմից 33.088.000 ՀՀ դրամ վճարելու դեպքում»։
Նշվածի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից փաստացի վիճարկվում է սույն գործով Դատարանի վճռի՝ գործով ձեռք բերված ապացույցներով բավարար չափով հիմնավորված լինելու, բազմակողմանի և լրիվ դատաքննության արդյունքում կայացված, ինչպես նաև ոչ բավարար չափով պատճառաբանված լինելու հանգամանքները, որպիսիք ուսումնասիրվել և հերքվել են դատական վերանայման շրջանակներում, և որոնց վերանայումը դուրս է Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող սահմանադրական վերահսկողության շրջանակներից։
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԱԴԴ/0872/02/11 քաղաքացիական գործով դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գեորգի Բաղդասարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
31 հուլիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-63
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-63
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
