Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-11426 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-114)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հուլիսի 2024թ. ՍԴԱՈ - 114 | ««ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 5, 61 հոդվածներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 79 և 80, 169-րդ հոդվածներին հակասող և անվավեր,

և/կամ

(...) Բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Ներկայացնելով թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասը չի բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, ուստի այն հակասում է Սահմանադրությանը:

Միաժամանակ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին՝ հնարավորություն ստեղծելով Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանել իր իրավունքների սահմանափակման, այլ ոչ նրանց նվազագույն պաշտպանության նպատակով՝ ՍԴՈ-1583 որոշմամբ նախատեսված դատական ակտի վերանայման իրավունքը դիտարկելով որպես մասնակի վերանայում։

Դիմողի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները հանգում են նրան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը ոչ միայն պետք է անխուսափելիորեն ipso facto (փաստի ուժով) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանմանը, այլև, եթե դատարանն օրենքի նյութաիրավական նորմերը, պարզապես, ձևական թվարկած չի եղել, և օրենքի նորմի կիրառումն իրական բովանդակություն է ունեցել, ապա պետք է անխուսափելի լինի գործն ամբողջությամբ վերանայելու արդյունքում նաև եզրափակիչ մասի բովանդակային վերանայումը: Սակայն, ըստ Դիմողի, նման գործառույթի իրականացումը հստակորեն սահմանված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասում, ինչը հնարավորություն է տալիս գործը վերանայող դատարանին գործի նոր քննության ընթացքում այլ իրավադրույթներ կիրառել, քան կիրառել էր մինչև Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը և գործի ելքը պահպանել նույնը՝ դրան հարմարեցնելով կիրառվող իրավադրույթները:

Ըստ Դիմողի՝ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասը լիազորում է դատարաններին բեկանել վերանայվող դատական ակտը և ուղարկել համապատասխան դատարան նոր քննության, եթե առկա չէ այն փոփոխելու հնարավորություն, սակայն վիճարկվող նորմը դատարանի համար չի սահմանում պարտականություն՝ ամբողջությամբ վերանայելու դատական ակտն այն բողոքի շրջանակներում, որի ընդունումը մերժվել էր, կամ որի քննության հետևանքով կիրառել էր Սահմանադրությանը հակասող իրավադրույթը։

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի անորոշության պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ դատարանը, նոր հանգամանքի հիմքով վերանայելով դատական ակտը, դուրս է գալիս բեկանված ակտի հիմքում ընկած բողոքի առարկայի, իրավական հիմքերի շրջանակներից և կիրառելով այլ իրավադրույթներ՝ ապահովում ու երաշխավորում է նույն ելքը, որը եղել էր մինչև Սահմանադրական դատարան դիմելը։

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները (…):

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 14-ի ՍԴԴԿՈ-28 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

սույն անհատական դիմումին կից դատական ակտերի և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործի շրջանակում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողի կողմից չի իրացվել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 15-ին թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը կայացրել է հետևյալ որոշումը.

«(...) Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.05.2020 թվականի որոշումը:

(...) Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության»։

Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու՝ անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով որոշումը, այն է՝ «(...) Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության», չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:

Միևնույն ժամանակ, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործի շրջանակում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տվյալ գործն այս պահին գտնվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում:

Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 հուլիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-114

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-114
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել