«ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 փետրվարի 2021թ. ՍԴԱՈ - 32 | «ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մագդա Եղիազարյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Մագդա Եղիազարյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 3-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 182-րդ հոդվածը, այնքանով, որքանով ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի օրինականության գործով դատական ակտի պատճառաբանական մասում վիճարկվող ակտի անօրինականության վերաբերյալ իրավական դիրքորոշումը չի դիտարկում որպես դատական ակտի վերանայման նոր հանգամանք:
կամ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 181-րդ հոդվածը, այնքանով, որքանով ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի օրինականության գործով դատական ակտի պատճառաբանական մասում վիճարկվող ակտի անօրինականության վերաբերյալ իրավական դիրքորոշումը չի դիտարկում որպես դատական ակտի վերանայման նոր երևան եկած հանգամանք»:
2. Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ուղղակիորեն չի բխում, որ նորմ-վերահսկողության գործերով վարչական դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում նորմատիվ ակտի դրույթների իրավաչափության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը խնդրո առարկա նորմատիվ ակտի կամ դրա դրույթի կիրառմամբ ընդունված դատական ակտը նոր հանգամանքով վերանայման հիմք է»:
Ըստ դիմողի արդար դատաքննության սահմանադրական իրավունքից բխում է, որ օրինականության խախտման վերաբերյալ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումների պատճառաբանական մասերում արտահայտված իրավական դիրքորոշումների նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար պայման հանդիսանալն ունիվերսալ է իրավունքի բոլոր դատարանների համար, և նորմ- վերահսկողության գործերով վարչական դատարանի դատական ակտերը չպետք է բացառություն լինեն: Հակառակ պարագայում, դիմողի համոզմամբ այն վարույթը, որի արդյունքում վարչական դատարանը նորմատիվ իրավական ակտի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ իրավական գնահատական է տվել, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում անվավեր չի ճանաչել կամ չի բացահայտել դրա իրավական ճշգրիտ բովանդակությունը եզրափակիչ մասում, իմաստազրկվում է չապահովելով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը:
Իր արտահայտած դիրքորոշումները դիմողը կառուցում է նաև օրենսդրական բացի համատեքստում նշելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածն իրավական պաշտպանության միջոց չի նախատեսել նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման այն դեպքերի համար, երբ նորմատիվ վերահսկողության գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի միայն պատճառաբանական մասում են ենթաօրենսդրական ակտի օրինականության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ արտահայտվել:
Ամփոփելով իր դիրքորոշումները դիմողը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածն այնքանով, որքանով ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի օրինականության գործով դատական ակտի պատճառաբանական մասում վիճարկվող ակտի անօրինականության վերաբերյալ իրավական դիրքորոշումը չի դիտարկում որպես դատական ակտի վերանայման նոր հանգամանք, հակասում է Սահմանադրության 3, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածներին:
3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը …. գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում …. եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»:
Սույն դիմումով դիմողը հայտնում է, որ ըստ հայցի Մագդա Եղիազարյանի ընդդեմ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանի` Մագդա Եղիազարյանի բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը 30.07.2010 թվականից հաստատված ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովին պարտավորեցնելու դիպլոմով /վկայագրով/ ամրագրելու Մագդա Եղիազարյանի բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը 30.07.2010 թվականից և այն Մագդա եղիազարյանին հանձնելու պահանջների մասին և ըստ հայցի Մագդա Եղիազարյանի ընդդեմ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանի` բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը դիպլոմով չամրագրելու ձևով դրսևորված անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ 2010թ. հուլիսի 30-ից Մագդա Եղիազարյանի բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը դիպլոմով /վկայագրով/ ամրագրելուն և այն հանձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ՎԴ/2450/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը կիրառել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 12.11.1997 թվականի «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանը:
Դիմողի կողմից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 12.11.1997 թվականի «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանի որպես նորմատիվ իրավական ակտի, իրավաչափությունը վիճարկվել է ՎԴ/0778/05/13 վարչական գործի շրջանակներում: Տվյալ գործով ՀՀ վարչական դատարանը «Գործի վարույթը կարճելու մասին» 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ գտել է. «... վիճարկվող հրամանը «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» չի հրապարակվել, այսինքն վիճելի իրավահարաբերության պահին գործող օրենսդրությամբ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված կարգով ուժի մեջ չի մտել»: Դիմողի կարծիքով դատարանի վերոնշյալ ձևակերպումն ըստ էության կարող էր հանդիսանալ նոր հանգամանք թիվ ՎԴ/2450/05/11 վարչական գործով կայացված դատական ակտի վերանայման համար, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածը ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի օրինականության գործով դատական ակտի պատճառաբանական մասում վիճարկվող ակտի իրավաչափության վերաբերյալ իրավական դիրքորոշումը չի դիտարկում որպես դատական ակտի վերանայման նոր հանգամանք: Դիմումի և կից փաստաթղթերի, ներառյալ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի հիմքերով ենթակա է կարճման, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի (այդ թվում դրա բացով պայմանավորված) սահմանադրականության հարց, այլ գործող նորմի կիրառման իրավաչափության հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական դատարանը 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագա մի շարք այլ որոշումներով 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «.... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի[1] հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականնության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը: Նույն օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են` 1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, 2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը։ Նույն օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն
«1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ։
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման»։
Այսպիսով, դեռևս գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում դատարանը, ի թիվս այլնի, պարզում է նաև կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը: Սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտը գործն ըստ էության լուծող դատական ակտում կիրառված լինելու հանգամանքը, որպես ենթադրյալ դատական սխալ, ենթակա է գնահատման այդ գործի շրջանակներում համապատասխան վերադաս դատական ատյանի կողմից:
Ըստ այդմ, քննարկվող իրավիճակը որևէ կերպ չի կապակցվում նոր (կամ նոր երևան եկած) հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտի հետ, քանի որ, ինչպես արդեն նշվեց, նախ սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ ակտի կիրառումն ինքնին հանդիսանում է դատական սխալ դրանից բխող շատ կոնկրետ հետևանքներով, երկրորդ կիրառված նորմատիվ ակտը սահմանված կարգով ուժի մեջ մտած չլինելու իրողությունն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն է ունեցել դեռևս գործի (տվյալ դեպքում թիվ ՎԴ/2450/05/11 վարչական գործի) քննության ժամանակ (նույնիսկ դրանից առաջ) անկախ հետագայում դրա մասին նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործով (տվյալ դեպքում թիվ ՎԴ/0778/05/13 վարչական գործով) դատարանի կողմից գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշմամբ այն արձանագրելու փաստից: Այլ կերպ խոսքը վերաբերել է այնպիսի երևույթի, որը տվյալ գործի քննության ընթացքում օբյեկտիվորեն պետք է հայտնի լիներ ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ դատարանին առանց այդ կապակցությամբ հատուկ դատավարական այլ ընթացակարգ կիրառելու անհրաժեշտության:
Վերոշարադրյալի վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող դեպքում դիմողի կողմից մատնանշված խնդրի լուծումը գտնվում է ոչ թե Սահմանադրական դատարանի վիճարկվող նորմերի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման լիազորության տիրույթում, այլ դատարանների, քանի որ օրենքի կամ վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Մագդա Եղիազարյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
15 փետրվարի 2021 թվականի
ՍԴԱՈ-32
-----------------------
[1] Գործող օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-32
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
