Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԻՍԱ ԱԼԵՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԻՍԱ ԱԼԵՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-516 օգոստոսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 51 | ԱԼԻՍԱ ԱԼԵՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 օգոստոսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Ալիսա Ալեքյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ալիսա Ալեքյանի (ներկայացուցիչ Սոնա Գուլքանյան) անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունիսի 25-ին: Դիմողը խնդրում է. «(…)

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի այս նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի

ՀՀ վճռաբեկ դատարանի դատական պրակտիկայում դրան տրված հակասական մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող»:

2. Դիմողը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, նշում է, որ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճելի գույքը իրականության մեջ գոյություն ունի դրա նկատմամբ կնքված գործարքների անվավերության դեպքում պետք է իրականացվի դրանց բնեղենով վերադարձ անկախ այն հանգամանքից, թե հետագայում քանի գործարք է կնքվել այդ գույքի նկատմամբ, և ինչ հիմքով է վերջին սեփականատերը ձեռք բերել այդ գույքը: Ըստ դիմողի նման մոտեցումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ օրինակ, անբարեխիղճ կողմերը որևէ անշարժ գույքի վերաբերյալ կնքում են այդ գույքի օտարման առոչինչ գործարք, ապա սեփականության իրավունք ձեռք բերող կողմը օտարում է այդ գույքը երրորդ անձի, իսկ որոշ ժամանակ անց գույքի առաջին սեփականատերը, դիմելով դատարան, պահանջում է անվավերության հետևանքներ կիրառել իրենց միջև կնքված անշարժ գույքի օտարման գործարքի նկատմամբ, և քանի որ գույքն իրականության մեջ առկա է, անվավերության հետևանքներ կիրառել հաջորդող կնքված գործարքի նկատմամբ և իրեն վերադարձնել անշարժ գույքը: Դիմողը նշում է, որ ակնհայտորեն խախտվում է վերջին ձեռք բերողի Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով և 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված սեփականության իրավունքը: Միևնույն ժամանակ, դիմողը նշում է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ձևակերպումից և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունից բավարար հստակ չէ արդյոք նման դեպքերում գույքի վերջին սեփականատերն օգտվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով բարեխիղճ ձեռք բերողի համար սահմանված երաշխիքներից»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությունը իր համար կանխատեսելի չի եղել: Վկայակոչելով կեղծ գործարքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները դիմողը նշում է, որ «Ինչպես իրավացիորեն նկատել են Վճռաբեկ դատարանի հատուկ կարծիք ներկայացրած դատավորները այդպիսի (...) մեկնաբանությունը բնորոշ է շինծու գործարքների նպատակի նկարագրությանը (...)»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3․1․ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, դիմողն, ըստ էության Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է այն հարցը, թե արդյոք անկախ այն հանգամանքից, թե քանի՞ գործարք է գույքի նկատմամբ կնքվել, և ի՞նչ հիմքով է վերջին սեփականատերը ձեռք բերել գույքը, գործարքների անվավերության հետևանքների կիրառման դեպքում պետք է ապահովվի գործարքի առարկա գույքի բնեղենով վերադարձ: Ըստ դիմողի այդ հարցի պատասխանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից բավարար չափով հստակ չէ, իսկ նույն հոդվածը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հետ համակցության մեջ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, բավարար չափով չի պաշտպանում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով երաշխավորված սեփականության և ժառանգման իրավունքները: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/4156/02/14 քաղաքացիական գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ին կայացրած որոշմամբ, վեր հանելով 30.07.2013թ. Անժելա Ալեքյանի, Գևորգ Ալեքյանի և Լարիսա Կոլոբովայի (լիազորագրով գործում է Ալիսա Ալեքյանի անունից) միջև կնքված առուվաճառքի գործարքի տարրերը և դրանք համադրելով կեղծ գործարքի տարրերի հետ, եզրահանգել է, որ այդ գործարքում առկա են կեղծ գործարքի բոլոր տարրերը, մասնավորապես, «որ 30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի կողմերը դիտավորյալ ստեղծել են առուվաճառքի պայմանագրի առկայության պատրանք (…)»: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, գնահատելով խնդրո առարկա գործարքի սուբյեկտիվ կողմը, արձանագրել է. «Հաշվի առնելով այն, որ Գևորգ Ալեքյանը և Անժելա Ալեքյանը ընդունել են Անահիտ Մկրտչյանից, ինչպես և վերջինիս անունից նրա բարեկամների կողմից տրված վճարումները, ինչպես նաև այն, որ համաձայն սույն գործում առկա ցուցմունքների Ալիսա Ալեքյանը ևս տեղյակ է եղել տոկոսով տրված գումարի և վեճի առարկա գույքի հետ կապված հարցերից Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի կողմերը դիտավորյալ ստեղծել են առուվաճառքի պայմանագրի առկայության պատրանք հաշվի առնելով նաև այն, որ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը»: Վճռաբեկ դատարանի վերը շարադրված եզրահանգումներից բխում է, որ քննարկվող դրույթների հնարավոր հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումներն անհիմն են, իսկ դիմումն այդ մասով ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3․2․ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա. երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.

բ. երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.

գ. երբ անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի և վերջինիս կից նյութերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը դիմողի նկատմամբ չեն կիրառվել վերահաստատելով Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Դիմողի կողմից վիճարկվող և իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթի հետ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համակարգային առումով փոխկապակցված լինելու հարցի առնչությամբ, ինչը պնդում է դիմողը, պետք է փաստել, որ Օրենքի 22-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում, իսկ որոշումներ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։ Այլ հարց է, որ Սահմանադրական դատարանը, Օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան, որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։ Ըստ այդմ նորմատիվ ակտի վիճարկվող իրավադրույթի հետ այդ ակտի այլ դրույթների համակարգային առումով փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է Սահմանադրական դատարանը։ 3․3․ Սահմանադրական դատարանի դատական կազմը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում իր գործով դատարանների գործողությունների կամ կայացված ակտի իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Այսպես,Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԱՔԴ/4156/02/14 քաղաքացիական գործով գտել է, որ 30.07.2013թ. կնքված առուվաճառքի գործարքում հիմնավորվել են կեղծ գործարքի տարրերը: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումները հանգում են նրան, որ վերոնշյալ գործարքում առկա են շինծու գործարքի տարրեր: Մասնավորապես, դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով կողմերի միջև առկա իրավահարաբերությունները, գտել է, որ կողմերը, կնքելով գործարք, իրականում ցանկացել են խուսափել իրական իրավահարաբերություններից, այն է գրավից և փոխառությունից այդ կերպ իրավական խոչընդոտ ստեղծելով գույքի իրական սեփականատիրոջ Անահիտ Մկրտչյանի համար: Դիմողի կարծիքով այսպիսի մեկնաբանությունը բնորոշ է շինծու գործարքների նպատակի առկայությանը, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասով: Ողջ վերոգրյալից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողն, ըստ էության, բարձրացնում է 30.07.2013թ. Անժելա Ալեքյանի, Գևորգ Ալեքյանի և Լարիսա Կոլոբովայի (լիազորագրով գործում է Ալիսա Ալեքյանի անունից) միջև կնքված առուվաճառքի գործարքի որակման հարցը, ինչի գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ալիսա Ալեքյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

6 օգոստոսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-51

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 օգոստոսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-51
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել