Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4121 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 օգոստոսի 2024թ. ՍԴԴԿՈ - 41 | «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 օգոստոսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 2-ին), խնդրել է հետևյալը.

«Կառավարության 15.04.2021 թվականի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 28-րդ և 29-րդ կետերը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողը, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից Կառավարության 15.04.2021 թ. թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված Կարգի 28 և 29-րդ կետերը, ըստ էության, կիրառվել են այնպիսի մեկնաբանությամբ, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում գնային առաջարկի կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշների մասով անհամապատասխանությունների առկայությունն ինքնին (per se) հանգեցնում է տվյալ մրցութային հայտի մերժմանը՝ անկախ այդ անհամապատասխանությունների բնույթից և կոնկրետ իրավիճակից:

Ըստ Դիմողի՝ նման իրավիճակը հակասահմանադրական է, քանի որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձը զրկվում է մրցույթում հաղթող ճանաչվելու և պետական սեփականություն հանդիսացող գույքը մրցույթի պայմաններին համապատասխան ձեռք բերելու օրինական սպասելիքից, ինչն անթույլատրելի է անձի սեփականության սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում:

Միաժամանակ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 11-րդ հոդվածին և 59-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ այդ իրավադրույթների կիրառումը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձին զրկում է մրցութային հայտում գնային առաջարկի կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշների մասով անհամապատասխանությունները շտկելու հնարավորությունից և ինքնին (per se) բացառում է տվյալ անձի հետագա մասնակցությունը մրցույթին, ինչն անթույլատրելի է տնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում:

Բացի դրանից, Դիմողը նշում է, որ Ընկերությանը՝ որպես գույքի օտարման մրցույթի նախավճարի համար սահմանված գումարը վճարած և մրցույթով օտարվող գույքի առնչությամբ լավագույն ներդրումային ծրագիրը մշակած անձի, այդ մրցույթի մասնակցության հայտում գնային առաջարկի մասով տեղ գտած անհամապատասխանությունը շտկելու հնարավորությունից զրկելը և վրիպակի պատճառով նրան մրցույթից հեռացնելը չեն համապատասխանում համաչափության սկզբունքին, մասնավորապես միջամտող միջոցի լեգիտիմ նպատակին, ինչպես նաև ընտրված միջոցի՝ այդ նպատակին հասնելու անհրաժեշտության և համարժեքության (չափավորության) հատկանիշներին, որպիսի հիմքով և վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 78-րդ հոդվածին:

Դիմողը նաև ընդգծում է, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ նշված դրույթների կիրառումը չի ապահովում պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կանխատեսելիությունը Դիմողի համար: Դիմողը ողջամտորեն ի վիճակի չի եղել կանխատեսելու իր կողմից ներկայացված՝ մրցույթին մասնակցելու հայտում գնային առաջարկի մասով տեղ գտած վրիպակի հետևանքները:

Դիմողի գնահատմամբ՝ Կառավարությունը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը սահմանելիս պարտավոր էր անհատական մոտեցում ցուցաբերել այն բոլոր դեպքերի համար, երբ մրցույթի մասնակցի ներկայացրած հայտի և դրան կից փաստաթղթերի բովանդակությունից ակնհայտ է, որ գնային առաջարկի մասով տեղ գտած անհամապատասխանությունը պարզապես վրիպակ է։ Այդ դեպքում պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը պետք է հնարավորություն տար մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձին՝ շտկելու թույլ տրված վրիպակը և շարունակելու հետագա մասնակցությունը մրցույթին: Նշվածի հիման վրա Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները խախտում են Սահմանադրության 29-րդ հոդվածը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է նորմատիվ իրավական ակտի դրույթը,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. ««ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 15.04.2021 թ. «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 28 և 29-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Կառավարությանը:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Հովակիմյան

21 օգոստոսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-41

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-41
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել