ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 2 | ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 7 հունվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Արմեն Համբարձումյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմեն Համբարձումյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Ավագյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 5-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման և վերստին ներկայացվել է դեկտեմբերի 24-ին: Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը), որով Դիմողը խնդրել է.
«1. ՀՀ վարչական դատավարության Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համաձայն որի` այն դեպքում, երբ անձի` տվյալ իրավունքի դատական պաշտպանության նպատակով պատշաճ հայցատեսակի շրջանակներում ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա այդ իրավունքն այլևս ենթակա չէ դատական պաշտպանության Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր։
2. ՀՀ վարչական դատավարության Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համաձայն որի` եթե վեճի առանցքում միջամտող վարչական ակտի (անհատական իրավական ակտի)` այս կամ այն պահին ուժի մեջ մտած լինելու (չլինելու) հանգամանքն է, ապա նման իրավիճակում վեճը չի վերաբերում կողմերի այս կամ այն իրավունքին կամ պարտականությանը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/7313/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է. «(...) ըստ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան հայց ներկայացնելու հնարավորությունը բոլոր դեպքերում սահմանափակում է որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը պահանջելու ճանաչման հայցով դատարան դիմելու իրավունքը, քանի որ նման դեպքում բացակայում է ճանաչման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայմանը:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման է եկել այն հանգամանքից ելնելով, որ հայցվորը, մինչև ճանաչման հայցապահանջով դատարան դիմելը, ներկայացրել էր վիճարկման հայցատեսակ՝ պահանջելով անվավեր ճանաչել պատասխանողի՝ «Արմեն Ստյոպայի Համբարձումյանին մաքսային ծառայության պաշտոնից ազատելու մասին» 15.06.2017թ. թիվ 1/696-Ա հրամանը, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին վճարել միջին աշխատավարձը՝ սկսած 15.06.2017 թվականից հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասին տրված տառացի մեկնաբանությունն այն աստիճան է նեղացնում նշված իրավանորմի կիրառությունը, որ խաթարվում է դատարանի մատչելիության իրավունքը, և այս առումով հստակ ու որոշակի չէ, թե որ դեպքում է հնարավոր նշված իրավանորմով սահմանված կարգով հայցի ներկայացումը, քանի որ որևէ իրավաբանական փաստի հաստատման պահանջով դատարան դիմելու իրավունքը գրեթե բոլոր դեպքերում կարող է սահմանափակվել նմանաբնույթ պատճառաբանությամբ, որ կարելի է ակնկալվող արդյունքին հասնել օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան հայց ներկայացնելով:
Դիմող կողմը գտնում է, որ զուտ այն հանգամանքը, որ ակնկալվող արդյունքի տեսանկյունից վիճարկման հայցատեսակը ևս կարող է ապահովել կոնկրետ ժամանակահատվածում աշխատանքային իրավահարաբերությունների առկայության փաստի հաստատումը, դեռևս չի կարող ենթադրել ճանաչման հայցատեսակի շրջանակում դատարան դիմելու իրավունքի սահմանափակում, հատկապես հաշվի առնելով հայցի հիմքերի առանձնահատկությունները և այն հանգամանքը, որ անձը ճանաչման հայցատեսակի շրջանակում դատարան դիմելիս հետապնդում է լրիվ այլ նպատակներ ու ակնկալում այլ իրավական հետևանքներ, քան դրանք կարող են լինել վիճարկման հայցատեսակի շրջանակում»:
Դիմողի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը հնարավորություն չի տալիս որոշակիացնել, թե ո՞ր դեպքում է հնարավոր ճանաչման հայցատեսակի շրջանակում դիմել դատարան՝ որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու, այլ կերպ ասած` որևէ իրավաբանական փաստի հաստատման պահանջով, քանի որ գրեթե բոլոր դեպքերում հնարավոր է ակնկալվող արդյունքին հասնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան հայց ներկայացնելու միջոցով:
Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի` անձի դատական պաշտպանության նպատակով պատշաճ հայցատեսակի շրջանակներում ներկայացված հայցադիմումի ընդունումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժվելու պարագայում տվյալ իրավունքն այլևս ենթակա չէ դատական պաշտպանության՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում, սահմանափակում է անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները՝ չհամապատասխանելով նաև իրավական որոշակիության սկզբունքին: Ուստի, ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ եթե վեճի առանցքում միջամտող վարչական ակտի (անհատական իրավական ակտի) այս կամ այն պահին ուժի մեջ մտած լինելու (չլինելու) հանգամանքն է, ապա նման իրավիճակում վեճը չի վերաբերում կողմերի այս կամ այն իրավունքին կամ պարտականությանը, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, քանի որ հանգեցնում է անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով ամրագրված են վիճարկման, պարտավորեցման և գործողության կատարման հայցատեսակներին առնչվող իրավակարգավորումները):
Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/7313/05/22 վարչական գործով 2025 թվականի հունիսի 2-ի որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով 17.01.2022 թվականին ներկայացված վիճարկման հայցով և սույն գործով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով հայցվորի ներկայացրած ածանցյալ պահանջների բովանդակությունը, արձանագրում է, որ ինչպես վիճարկման հայցի, այնպես էլ ճանաչման հայցի պարագայում հայցվորը հետապնդել է խնդրո առարկա ժամանակահատվածի համար վարձատրություն ստանալու նպատակ։ Այսինքն՝ հայցվորը փորձել է իր միևնույն իրավունքի՝ վարձատրության իրավունքի դատական պաշտպանությունն իրականացնել երկու տարբեր հայցատեսակներով ՀՀ վարչական դատարան դիմելու միջոցով։
Վճռաբեկ դատարանը, (...), գտնում է, որ սույն դեպքում հայցադիմումը վարույթ է ընդունվել և ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործն ըստ էության քննվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայմանների բացակայության պայմաններում։
Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն դեպքում առկա չէ Օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով սահմանված վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցատեսակի շրջանակներում հայցվորի իրավունքի պաշտպանության հնարավորության բացակայության փաստը՝ որպես Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու անհրաժեշտ նախապայման։ Սկզբնապես հայցվորը ներկայացրել է իր իրավունքների պաշտպանությանն ուղղված պատշաճ հայցատեսակ՝ վիճարկման հայց, որի ընդունումը մերժելուց հետո փորձել է նաև իր իրավունքի պաշտպանությունը կազմակերպել ճանաչման հայցի միջոցով։ Այլ կերպ՝ հայցվորն սկզբնապես ունեցել է իր իրավունքի պաշտպանությունը վիճարկման հայցի շրջանակներում կազմակերպելու հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը սպառել է ՀՀ վարչական դատարանի կողմից 24.01.2022 թվականի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու արդյունքում։ Մինչդեռ, վիճարկման հայցի շրջանակներում հայցադիմումի ընդունումը մերժելը բացառում է նույն իրավունքի պաշտպանությամբ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու հնարավորությունը։
(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում հայցվորը ներկայացրել է զուտ Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի՝ 18.11.2021 թվականին (17.11.2021 թվականին իրազեկվելուն հաջորդող օրը) ուժի մեջ մտած լինելու (չլինելու) փաստի շուրջ վեճ, որպիսի պայմաններում սույն դեպքում առկա չէ նաև ճանաչման հայցատեսակի թույլատրելիության մյուս նախապայմանը, այն է՝ կողմերի միջև կոնկրետ փաստական հանգամանքներով պայմանավորված իրավական հարցի վերաբերյալ տարաձայնությունը։ Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի մասին 17.11.2021 թվականին իրազեկված լինելու (չլինելու) հանգամանքին արդեն գնահատական է տրվել ՀՀ վարչական դատարանի 24.01.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, որով ՀՀ վարչական դատարանի կողմից հերքվել է Կոմիտեի նախագահի 15.06.2017 թվականի թիվ 1/696-Ա հրամանի մասին հայցվորի կողմից 17.11.2021 թվականին իրազեկված լինելու հանգամանքը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի թույլատրելիության վերը նշված անհրաժեշտ նախապայմանների բացակայությունը բացառում է նշված հայցը ներկայացնելու իրավական հնարավորությունը»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդել է ոչ թե նոր, տվյալ իրավակարգավորումից չբխող մեկնաբանություն, այլ իր համապատասխան որոշմամբ կիրառել է նշված դրույթը՝ հանգելով վերը վկայակոչված իրավական դիրքորոշումներին, որոնք բխում են հենց խնդրո առարկա իրավադրույթից, մինչդեռ Դիմողը որպես իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստարկ ներկայացնում է հենց Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդած մեկնաբանության՝ Սահմանադրությանը հակասելը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրության հիշյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն, ինքնին, չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արմեն Համբարձումյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
7 հունվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
