Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4727 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 47 | ԱՐՄԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 մայիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Արման Իսրայելյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արման Իսրայելյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Վահագն Հակոբյան, Պետրոս Պետրոսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 13-ին)՝ խնդրելով.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-րդ մասի դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստը կարող է անցկացվել դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությամբ՝ անկախ նրանց բացակայության պատճառից և անկախ դրա՝ հանրային շահով պայմանավորված անհրաժեշտությունից, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/2887/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-րդ մասի նորմը պետք է մեկնաբանվի մեղադրյալի արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես իր շահերին առնչվող հարցի քննարկմանը նաև պաշտպանի միջոցով մասնակցելու և փաստարկներ ներկայացնելու հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում և դիտարկվի ոչ թե որպես դատական նիստին դատավարության կողմերի, առավել ևս՝ մեղադրյալի պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերից սովորական բացառություն, այլ որպես իրավունքի չարաշահման հնարավոր դեպքերը չեզոքացնելու հնարավորություն: Նշված նորմը պետք է մեկնաբանվի այնպես, որ դատարանն իրավասու է խափանման միջոցի հարցը քննարկել դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց, այդ թվում՝ նրա պաշտպանի բացակայությամբ, եթե, վարութային հանգամանքներով պայմանավորված՝ այդ հարցի քննարկումը հետաձգելը կհանգեցնի հանրային կամ մասնավոր շահերի ոտնահարման: Իսկ այն դեպքում, երբ դատարանը դատավարական հնարավորություն ունի խափանման միջոցի հարցի քննարկումը իրականացնել ավելի ուշ՝ դատական նիստին պաշտպանի մասնակցության օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ապահովել տվյալ սուբյեկտի մասնակցությունը»:

Դիմողի պնդմամբ՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-րդ մասի դրույթը Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվել է հակառակ մեկնաբանությամբ և դիտարկվել է որպես պարզ հնարավորություն՝ վերջինիս խափանման միջոցի հարցը քննարկել նրա պաշտպանի բացակայությամբ նաև այն պայմաններում, երբ Արման Իսրայելյանի խափանման միջոցի հարցը հաջորդ օրվա դատական նիստին քննարկելու դեպքում դատարանը հարկադրված չէր հետաձգել դատական նիստը, կարող էր տվյալ օրը քննարկել այլ մեղադրյալների խափանման միջոցների հարցերը և երբ առկա չէր նվազագույն վտանգ, որ այդ հարցը հաջորդ դատական նիստին քննարկելու դեպքում Արման Իսրայելյանին կալանքի տակ պահելու ժամկետը կսպառվի և նա մեխանիկորեն ազատ կարձակվի, այսինքն՝ դատարանն ուներ այն պաշտպանի մասնակցությամբ քննարկելու հնարավորություն, և նույնիսկ ձեռք էր բերվել պայմանավորվածություն և սահմանվել մեղադրյալների խափանման միջոցների հարցերի քննարկման հենց այդպիսի հաջորդականություն»:

Դիմողը նշում է, որ «(...) վիճարկվող նորմին դատարանների տված մեկնաբանությունը, հանգեցնելով նրան, որ խափանման միջոցի հարցի քննարկումը առանց վարույթի շահագրգիռ մասնակիցների, այդ թվում՝ մեղադրյալի պաշտպանի, կարող է դառնալ ստանդարտ կանոն և մեղադրյալի պաշտպանը կարող է զրկվել արդար դատաքննության երաշխիքներից նաև այն դեպքում, երբ վերջինս բարեխղճորեն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի դատարանում սահմանվի խափանման միջոցների հարցերի քննարկման այնպիսի կարգ, որը չի խոչընդոտի վարույթի բնականոն ընթացքին և հարցերի սահուն քննարկմանը կապահովի հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1241 [ՍԴՈ-1421] որոշմանը»։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-րդ մասի դրույթը Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվել է նրան իր խափանման միջոցի հարցը քննարկելիս արդար դատաքննության իրավունքից զրկող այն մեկնաբանությամբ, որ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստը կարող է անցկացվել դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությամբ՝ անկախ նրանց բացակայության պատճառից և անկախ դրա՝ հանրային շահով պայմանավորված անհրաժեշտությունից: Նշված դրույթի այդպիսի մեկնաբանությունը, մեղադրյալին կամայականորեն զրկելով արդար դատաքննության իրավունքից հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին և նախատեսելով այդ իրավունքի՝ համաչափ հանրային շահով չպայմանավորված սահմանափակում, հակասում է իրավունքների և ազատությունների սահմանափակման համաչափությունը սահմանող 78-րդ հոդվածին»:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-րդ մասի դրույթը Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվել է հակառակ մեկնաբանությամբ և դիտարկվել է որպես պարզ հնարավորություն՝ վերջինիս խափանման միջոցի հարցը քննարկել նրա պաշտպանի բացակայությամբ նաև այն պայմաններում, երբ Արման Իսրայելյանի խափանման միջոցի հարցը հաջորդ օրվա դատական նիստին քննարկելու դեպքում դատարանը հարկադրված չէր հետաձգել դատական նիստը, կարող էր տվյալ օրը քննարկել այլ մեղադրյալների խափանման միջոցների հարցերը և երբ առկա չէր նվազագույն վտանգ, որ այդ հարցը հաջորդ դատական նիստին քննարկելու դեպքում Արման Իսրայելյանին կալանքի տակ պահելու ժամկետը կսպառվի և նա մեխանիկորեն ազատ կարձակվի, այսինքն՝ դատարանն ուներ այն պաշտպանի մասնակցությամբ քննարկելու հնարավորություն, և նույնիսկ ձեռք էր բերվել պայմանավորվածություն և սահմանվել մեղադրյալների խափանման միջոցների հարցերի քննարկման հենց այդպիսի հաջորդականություն»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում ԵԴ1/2887/01/25 քրեական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի 3.1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ1/2887/01/25 քրեական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արման Իսրայելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

27 մայիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-47

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-47
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել