Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «ՀԱՅՑՎՈՂ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է .... ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «ՀԱՅՑՎՈՂ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է .... ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-8114 ապրիլի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 ապրիլի 2020թ. ՍԴԱՈ - 81 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «ՀԱՅՑՎՈՂ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է .... ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «ՀԱՅՑՎՈՂ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ, ԻՆՉՊԵՍ

ՆԱԵՎ ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

ՈՐՈՇՎՈՒՄ Է .... ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ»

ԴՐՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի «հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է .... դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի նոյեմբերի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումը, որով ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ՎԴ/1638/05/19 վարչական գործով «Գործի վարույթը կասեցնելու մասին» և «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումները:

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 73-րդ հոդվածը, հայտնում է, որ օրենքի հետադարձ ուժի արգելքը տարածվում է ոչ միայն պատասխանատվություն սահմանող օրենքների, այլ նաև, ընդհանրապես որևէ կերպ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների վրա, ինչը ենթադրում է, որ նշված սահմանադրական դրույթում ամրագրված արգելքը վերաբերում է ոչ միայն նյութական իրավունքի նորմերին, այլ նաև վարույթային իրավունքի նորմերին: Նույն մեկնաբանությունների համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքի հանդեպ հարգանքը:

Դիմողը գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող իրավանորմը համահունչ չէ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնին: Մասնավորապես` վիճարկվող նորմը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ օրենսդրի կողմից մինչև վճռի կայացման պահը կարող են ընդունվել անձի վիճակը վատթարացնող նորմեր այն պահի համեմատությամբ, երբ անձը դիմել է վարչական մարմին հայցելով բարենպաստ վարչական ակտ: Հատկանշական է, որ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանել է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում ընդունվել է դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերող նրանց համար ավելի բարենպաստ օրենք, և եթե դա նախատեսված է այդ օրենքով։ Այսինքն վիճարկման հայցի դեպքում օրենսդիրը կարգավորումը սահմանել է Սահմանադրության 73-րդ հոդվածին համահունչ, մինչդեռ պարտավորեցման և գործողության կատարման հայցերի դեպքում կարգավորումը չի բխում Սահմանադրության նշված հոդվածից և չի ապահովում անձանց լեգիտիմ ակնկալիքները:

3. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 73-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1437 և ՍԴՈ-1000 որոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/3135/05/13 վարչական գործով կայացված որոշումը, հայտնում է, որ վարչական մարմինը վարչական ակտ կայացնելիս, հիմնվում է այն օրենքի վրա, որը գործում է ակտն ընդունելու պահին: Պարտավորեցման հայցի պարագայում դատարանը հայցը բավարարելու հետ մեկտեղ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Այսինքն վարչական մարմնի վրա պարտավորություն է դրվում ընդունելու նոր բարենպաստ վարչական ակտ, ինչը վարչական մարմինը պետք է կատարի արդեն հիմք ընդունելով ակտը ընդունելու պահին գործող օրենքը: Հետևաբար, դատարանը չի կարող պարտավորեցնել վարչական մարմնին նոր վարչական ակտ ընդունել վարչական ակտի ընդունումը մերժելու պահին գործող օրենքով, և դատարանը նույնպես բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու իրավաչափությունը գնահատելիս և որոշում կայացնելիս պետք է առաջնորդվի դատական ակտը կայացնելու պահին գործող օրենքով: Պատասխանողը նշում է, որ դիմողի այն դիրքորոշումը, որ թե´ վիճարկման, թե´ պարտավորեցման հայցերի քննության ընթացքում Սահմանադրության 73-րդ հոդվածին համահունչ ընդունված վարչական ակտի կամ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը պետք է որոշվի վարչական ակտի կայացման պահին գործող օրենքով, անհիմն է:

Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ):

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»: Ինչպես ուղղակիորեն բխում է մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ 1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և, 2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն):

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ, դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև դրա վերաբերելիությունը կոնկրետ գործի հանգամանքներին, այն բացասական հետևանքները, որոնք վրա են հասնելու կոնկրետ գործի շրջանակներում շահագրգիռ անձանց համար, դիմողի կարծիքով, առերևույթ հակասահմանադրական դրույթի կիրառման կամ մեկնաբանման արդյունքում: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից կիրառվելու է զուտ ձևական իմաստով կամ վիճարկվող դրույթի սահմանադրությանը հակասության վերաբերյալ դատարանի հիմնավորումները վերաբերելի չեն նրա վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքներին, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար: Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Այսպես, չնայած այն հանգամանքին, որ դիմողի (դատարանի) վարույթում գտնվող գործը քննվում է պարտավորեցման հայցատեսակի շրջանակներում, և նա կիրառելու է վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի մեջ այդ դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ առաջադրված թեզերն ու հիմնավորումները, որքան էլ որ դրանք վերացական սահմանադրական վերահսկողության իմաստով գնահատման ենթակա են, այնուամենայնիվ վերաբերելի չեն կոնկրետ գործի հանգամանքներին, ուստի սույն գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը կարգավորում է պարտավորեցման հայցով գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը սահմանելով, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։ Ըստ դիմողի, սույն կարգավորումը հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածի ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնին: Մասնավորապես` դիմողը նշում է, որ վիճարկվող նորմը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ օրենսդրի կողմից մինչև վճռի կայացման պահը կարող են ընդունվել անձի վիճակը վատթարացնող նորմեր այն պահի համեմատությամբ, երբ անձը դիմել է վարչական մարմին հայցելով բարենպաստ վարչական ակտ:

Սահմանադրության 73-րդ հոդվածի նախատեսված կանոնի համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Սահմանադրական դատարանը ՍԴՈ–1148 որոշմամբ նշել է. «իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը»։ Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) գտել է, որ այն անհրաժեշտ է, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում: Դիմումի, ինչպես նաև դրանում բարձրացված խնդրին առնչվող իրավական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թիվ ՎԴ/1638/05/19 վարչական գործով հայցվոր Տիգրան Գևորգյանի օրինական ներկայացուցիչ Էռնեստ Գևորգյանը 29.03.2018

թ. ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին ուղղված դիմումով խնդրել է ընդունել իր երեխայի Տիգրան Գևորգյանի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար, քանի որ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Վերոհիշյալ դիմումը մուտքագրելուց մեկուկես ամիս անց 18.05.2018 թ. լրացել է Տիգրան Գևորգյանի 16 տարին, իսկ նույն ժամանակից 11 օր հետո 09.04.2018թ. ուժի մեջ է մտել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: 08.10.2018 թ. ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-436-Ա հրամանագրով Տիգրան Գևորգյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվել է:

09.04.2018 թ. ուժի մեջ մտած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` զինվորական հաշվառման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները: Դիմողը նշել է, որ վարչական գործով կիրառման ենթակա նորմերի վերլուծությունը և գործի փաստերի համադրումը հանգեցնում են նրան, որ հայցվոր Տիգրան Գևորգյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին դիմում ներկայացնելու պահին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի իմաստով, զինվորական հաշվառման ենթակա նախազորակոչիկ չի հանդիսացել, քանի որ նշված նորմերով նախազորակոչիկներ էին հանդիսանում 16-18 տարեկան կամ առնվազն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, իսկ Տիգրան Գևորգյանի 16 տարին 29.03.2018 թ. դեռևս լրացած չէր: Հետևաբար, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով Տիգրան Գևորգյանը չէր հանդիսանում զինվորական հաշվառման կանգնելու պարտավորություն ունեցող քաղաքացի, և այդ մասով առկա չէր նրա դիմումը մերժելու հիմք:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մուտքագրելուց 11 օր հետո ուժի մեջ մտած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Տիգրան Գևորգյանը հանդիսանում է զինվորական հաշվառման ենթակա և նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետի հիմքով զինվորական հաշվառման կանգնելու պարտավորություն ունեցող քաղաքացի, քանի որ, ինչպես նշվեց նա հանդիսանում է տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող քաղաքացի: Ըստ էության այդ հիմքով էլ մերժվել է Տիգրան Գևորգյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքն, ինչպես նշվեց, ուժի մեջ է մտել 09.04.2018 թ., այսինքն վարչական վարույթի ընթացիկ փուլում, և միջամտող վարչական ակտը կայացնելու պահին ունեցել է այն նույն բովանդակությունը, ինչ վարչական դատարանում գործի քննության ընթացքում: Այլ կերպ, ՀՀ Նախագահի 08.10.2018 թ. թիվ ՆՀ-436-Ա հրամանագիրն ընդունելու ժամանակ (ընդհուպ մինչև սույն որոշման կայացման օրը) վերոհիշյալ օրենքի վերաբերելի դրույթները որևէ փոփոխության չեն ենթարկվել, նշված հրամանագիրն ընդունվել է այդ պահի դրությամբ արդեն իսկ ուժի մեջ մտած և գործող օրենքների, ինչպես նաև ձեռք բերված ապացույցների հիման վրա:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն իր վերլուծությունները կատարել է` որպես ելակետ ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը վարչական մարմնին ներկայացնելու օրը նշելով, որ տվյալ դեպքում վճիռը կայացնելու պահին գործող` փոփոխված օրենսդրական կարգավորումները վատթարացնում են հայցվորի իրավական վիճակն այն պահի համեմատությամբ, երբ վերջինս դիմել է վարչական մարմնին: Սահամանադրական դատարանը գտնում է, որ անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ իրավահարաբերությունները կրում են շարունակական բնույթ, որոնք ծագում են քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարչական մարմին ներկայացնելու փաստով և եզրափակվում այն բավարարելու հիմքով: Հետևաբար քննարկվող կոնկրետ դեպքում վարչական մարմին դիմելու զուտ փաստով անձը դեռ ձեռք չէր բերել իր համար ցանկալի և պաշտոնապես ճանաչված կարգավիճակը չէր դադարել Տիգրան Գևորգյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Հետևաբար, քննարկվող դեպքում, կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելու համար նշանակություն ունի ոչ թե վարչական մարմին դիմելու, այլ վարչական ակտն ընդունելու պահը: Միայն դրանից, այսինքն իր նախորդ իրավական վիճակից տարբերվող այլ իրավական վիճակ (ՀՀ քաղաքացիության դադարեցում) ձեռքբերելուն հաջորդող ժամանակահատվածում տեղ գտած համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո կարող է խոսք գնալ այդ դրույթների հետադարձության խնդրի մասին վիճարկվող դատավարական դրույթի իմաստով, եթե, իհարկե, այդ փոփոխություններն անձի իրավական վիճակը վատթարացնող բնույթ ունեն: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ կոնկրետ գործի առնչությամբ, մասնավորապես վարչական վարույթի իրականացման ընթացքում կիրառման ենթակա իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության հետ կապված հարցերը դիմողի բարձրացրած խնդիրների լույսի ներքո կարող են Սահմանադրական դատարանի քննարկման առարկա հանդիսանալ համապատասխան դիմումի հիման վրա այդ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի շրջանակներում: Վերոգրյալը, ի թիվս այլնի, բխում է ինչպես օրինականության սահմանադրաիրավական սկզբունքից, այնպես էլ վարչադատավարական մեկ այլ դրույթի բովանդակությունից, ըստ որի վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դրա ընդունման, այլ ոչ թե դիմումը վարչական մարմին ներկայացնելու պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի «հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է .... դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՆԱԽԱԳԱՀՈՂ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

14 ապրիլի 2020 թվականի

ՍԴԱՈ-81

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 ապրիլի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-81
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել