Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2623 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 26 | ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մայիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Կարեն Ավդալյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Կարեն Ավդալյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Հունանյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մայիսի 12-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր;

(...) «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, 2024 թվականի հոկտեմբերի 21-ին կայացնելով «Միջազգային արբիտրաժային դատարան» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային տրիբունալի կողմից թիվ 06-001/100124 գործով 2024 թվականի ապրիլի 10-ին կայացված վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում որոշման կայացումը մինչև 2025 թվականի հունվարի 21-ը հետաձգելու մասին որոշումը, հնարավորություն է ընձեռել «Միջազգային արբիտրաժային դատարան» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային տրիբունալին վարույթը վերսկսելու միջոցով վերացնել արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումում վկայակոչված հիմքերը:

Դիմողը գտնում է, որ ինքը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ հայցելով իր իրավունքի արդյունավետ դատական պաշտպանություն, իսկ նշված դատարանն իր լիազորությունը կենսագործելու շնորհիվ նախ՝ վերացրել է իր դիմումը բավարարելու հիմքը, այնուհետև՝ մերժել այդ դիմումն այն պատճառաբանությամբ, որ դիմումը բավարարելու հիմքը վերացել է իր լիազորության կենսագործման շնորհիվ: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը և «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ դրանցով դատարանի համար նախատեսված է լիազորություն, որը կենսագործելու պատճառով դատարանը ոչ թե ապահովում է դատական պաշտպանության իրավունքի իրագործում, այլ խախտում է այն՝ վերացնելով դատարան դիմած անձի դիմումը բավարարելու հիմքը:

Դիմողը եզրահանգում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը և «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառելու արդյունքում խախտվել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը:

Միաժամանակ, սույն անհատական դիմումին կից ներկայացված է Դիմողին պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն՝ նկատի ունենալով, որ Դիմողի գույքի վրա արգելանք է դրված:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից» (կետ 9):

Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշման մեջ նշված է նաև. «(...) ՀՀ Սահմանադրության (...) հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի՝ իր հայեցողությամբ այդպիսի պաշտպանության ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով` իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ» (կետ 4)։

Սահմանադրական դատարանի դատական կազմը Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումները կիրառելի է համարում նաև սույն գործով: Դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։

Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ Դիմողի կողմից՝ թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասի և «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել է նաև 2025 թվականի ապրիլի 2-ին: Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ 2025 թվականի ապրիլի 18-ի ՍԴԴԿՈ-18 որոշմամբ նշված անհատական դիմումով գործի քննությունը մերժվել է՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու և անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքերով:

Սույն անհատական դիմումով ևս վիճարկվում է թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ կիրառված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասի և «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը: Ավելին, սույն անհատական դիմումով վերոնշյալ օրինադրույթների սահմանադրականությունը վիճարկվում է նախորդ անհատական դիմումում արտացոլված միևնույն հիմնավորումներով և փաստարկներով:

Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Կարեն Ավդալյանի` սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Կարեն Ավդալյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

23 մայիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-26

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-26
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել