Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2213 ապրիլի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 ապրիլի 2020թ. ՍԴԴԿՈ - 22 | ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 ապրիլի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով Մագդա Եղիազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Մագդա Եղիազարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թ. մարտի 31-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 4, 6, 50, 75, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 12.11.1997 թ. «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 150 հրամանը»:

2. Դիմողը նշում է, որ խնդրո առարկա ենթաօրենսդրական ակտով սահմանվում է, որ ատենախոսությունը հայեցողաբար ենթարկվում է գաղտնի փորձաքննության, որ ատենախոսությունը հայեցողաբար կարող է ենթարկվել նաև լրացուցիչ փորձաքննության, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը կարող են որոշում կայացնել ատենախոսությունը փորձաքննության կամ լրացուցիչ փորձաքննության ուղարկելու մասին և այլն: Նման իրավակարգավորումների շրջանակներում, ըստ դիմողի, միջամտություն է իրականացվում անձանց ՀՀ Սահմանադրության 10, 31, 43, 60-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին և ազատություններին: Ըստ դիմողի վեճի առարկա իրավական ակտը գործողության մեջ չի դրվել Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանմամբ: Դիմողի կարծիքով խնդրո առարկա իրավական ակտը անսահմանափակ հայեցողական լիազորություններ է վերապահել իրավասու համապատասան սուբյեկտներին պարունակելով կոռուպցիոն ռիսկեր, հակասելով Սահմանադրության 3-րդ հոդվածին:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման, քանի որ, նախ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Գործի դատավարական նախապատմության, մասնավորապես, Վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի «Գործի վարույթը կարճելու մասին», Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հունիսի 13-ի, Վճռաբեկ դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը հատուկ վարույթի շրջանակում, մասնավորապես նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում, պահանջ է ներկայացրել անվավեր ճանաչել սահմանադրաիրավական վեճի առարկա իրավական ակտը: Անհատական գանգատի շրջանակներում դիմողի համար նախատեսված սահմանադրական և օրենսդրական պահանջներից է, ի թիվս այլնի, դատական պաշտպանության միջոցների սպառումը: Մասնավորապես, դիմողը կոնկրետ գործի շրջանակներում պետք է իրացնի օրենսդրորեն իրեն վերապահված բոլոր հնարավորությունները: Ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության գնահատման ժամանակ դատական պաշտպանության միջոցների սպառման պահանջը նշանակում է, որ անձը, հատուկ վարույթի շրջանակներում ենթաօրենսդրական ակտի իրավաչափությունը վիճարկելուց բացի, պետք է համապատասխան դատական ատյաններում քննարկման առարկա դարձնի այն անհատական ակտը, որն ընդունվել է համապատասխան ենթաօրենսդրական ակտի հիման վրա` պահպանելով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխում նախատեսված նորմերով ներկայացվող պահանջները: Օրենսդրությամբ նախատեսված այս հնարավորությունների իրացումից հետո միայն կարելի է փաստել անհատական գանգատի շրջանակներում դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման պահանջի պահպանման մասին: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, որոնք պայմանավորված են դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես, դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ …. դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ….»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մադգա Եղիազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

13 ապրիլի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-22
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել