««ԱՆՆՈՐՄԱԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 ապրիլի 2024թ. ՍԴԱՈ - 55 | ««ԱՆՆՈՐՄԱԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԱՆՆՈՐՄԱԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱՆՆՈՐՄԱԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի մարտի 4-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՆՆՈՐՄԱԼ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ, 74-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին»:
2. Դիմողը նշում է, որ «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը 22-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանափակել է սնանկ ճանաչված իրավաբանական անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները՝ դրանց իրացումը բացառապես վերապահելով սնանկության ժամանակավոր կառավարչին կամ սնանկության կառավարչին, ինչը, սակայն, չի համապատասխանում վերոշարադրյալ վերլուծություններին և հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 64-րդ, 74-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին»:
Դիմողի պնդմամբ՝ վերոգրյալ հիմնարար և անօտարելի իրավունքները բացառապես սնանկության ժամանակավոր կառավարչին կամ սնանկության կառավարչին վերապահելը հանգեցնում է իրավաբանական անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության, դատարանի մատչելիության, ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների արդյունավետ իրացման և բուն էության խաթարմանը:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ «(...) սնանկ ճանաչված իրավաբանական անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքներն անմիջական կախվածության մեջ են գտնվում սնանկության կառավարչի կամահայտնությունից, և սնանկ ճանաչված իրավաբանական անձը զրկվում է անձամբ իր նկատմամբ ընդունված սնանկության հիմք հանդիսացող վարչական ակտը վիճարկելու իրավունքից, իսկ սնանկության կառավարչի կողմից պարտավորության չափի նվազեցում նախատեսող հայցադիմումների ներկայացումը քիչ հավանական է, եթե ոչ՝ բացառված»:
Ըստ Դիմողի՝ գրեթե բացառվում է պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում ընկած վարչական ակտերի վիճարկման նպատակով սնանկության կառավարչի կողմից անձամբ դատարան դիմելու կամ դրա համար համաձայնություն կամ լիազորագիր տալու հավանականությունը, քանի որ տեղի է ունենում շահերի բախում պարտապանի և սնանկության գործով կառավարչի անձնական շահերի միջև, որպիսի պարագայում պարտապանին դատական պաշտպանության իրավունքի իրացման հարցում սնանկության գործով կառավարչի ազդեցությունն և ներգրավվածությունը պետք է զրոյացվեն, և պարտապանն իրավունք և հնարավորություն պետք է ունենա անմիջականորեն կամ իր նախընտրած և իր կողմից լիազորված փաստաբանի միջոցով իրականացնելու սեփական իրավունքների դատական պաշտպանությունը:
Միաժամանակ, Դիմողի պնդմամբ՝ դատարանում սնանկ ճանաչված իրավաբանական անձի փոխարեն միայն կառավարչին հանդես գալու լիազորություն տալը խախտում է անձի` Սահմանադրությամբ սահմանված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, քանի որ այդ դեպքում անձը զրկվում է իր նախընտրած և իր համար վստահելի փաստաբանին անձամբ դիմելու, փաստաբանական գաղտնիք վստահելու և դրա պաշտպանությունից օգտվելու և փաստաբանի աջակցությամբ սեփական իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից։ Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անձը հայտարարում է փաստաբանական գաղտնիքի առկայության և այն իր սնանկության գործով կառավարչի առջև բացահայտելու անկարելիության մասին, նա պետք է իրավունք ու հնարավորություն ունենա անմիջականորեն կամ իր նախընտրած ու իր կողմից լիազորված փաստաբանի միջոցով իրականացնելու սեփական իրավունքների դատական պաշտպանությունը։
Դիմողը եզրահանգում է. «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով սնանկ ճանաչված իրավաբանական անձի դատական գործերի վարումը բոլոր դեպքերում վերապահելով բացառապես սնանկության ժամանակավոր կառավարչին կամ սնանկության կառավարչին՝ խախտվում են Սահմանադրության 78 և 80-րդ հոդվածներով հռչակված՝ համաչափության սկզբունքը և հիմնական իրավունքների և ազատությունների էությունն այն հիմնավորմամբ, որ անհարկի սահմանափակում է անձի՝ իր խախտված իրավունքների վերականգման նպատակով անձամբ դատարան դիմելու, հայցադիմում ներկայացնելու, կամ իր հայեցողությամբ իր նախընտրած ներկայացուցչի, փաստաբանի միջոցով դատարանում հանդես գալու իրավունքները՝ հանգեցնելով անձի սահմանադրական իրավունքների ամբողջական սահմանափակմանը, այդ իրավունքների արդյունավետ իրացման անհնարինությանը՝ խաթարելով անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, դատարանի մատչելիության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքները»։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Նույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարց: Մինչդեռ, դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթի համապատասխանությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 64, 74, 78 և 80-րդ հոդվածներին, չի հիմնավորել վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը: Այս առումով կարևոր է հստակ արձանագրել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Դիմողի կողմից չի հիմնավորվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի՝ իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին և 64-րդ հոդվածով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության, արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքների խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 74, 78 և 80-րդ հոդվածներին, ապա դրանց բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության լույսի ներքո:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ Դիմողի որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 74, 78 և 79-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում:
Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ԱՆՆՈՐՄԱԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 ապրիլի 2024 թվականի
ՍԴԱՈ-55
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-55
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
