ՎԱՐԴԳԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 4 | ՎԱՐԴԳԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
11 փետրվարի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով քաղաքացի Վարդգես Վարդանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Վարդգես Վարդանյանը 2015թ. հունվարի 23-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և 2- րդ մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
1. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված իրավական նորմերը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքներին և «... լուրջ իրավական վտանգ է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի ապահովման և պաշտպանության տեսանկյունից ...»։
Դիմողի կարծիքով, սնանկության հիմքն անվճարունակությունն է. ընդ որում, «... օրենքը ևս տարբերակում է անվճարունակության երկու ձև հաշվեկշռային /բացասական հաշվեկշռի դեպքում/ և փաստացի, այն է այնպիսի վիճակ, երբ պարտապանն ի վիճակի չէ պարտատերերի օրինական պահանջներն ամբողջովին բավարարել»։ «... միայն այն հանգամանքը, որ ... պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, դեռևս հիմք չի կարող հանդիսանալ տվյալ (վճարունակ) պարտապանին սնանկ ճանաչելու համար»։ Այլապես, առկա իրավակարգավորումն իրավակիրառական պրակտիկայում կհանգեցնի նրան, որ վճարունակ պարտապանը ևս դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել։ Դիմողն իր դիմումում ներկայացրել է նաև այլ փաստարկներ։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ.
ա/ դիմումի և կից ներկայացված փաստաաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։ Այսպես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ խնդրո առարկա իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։ Միաժամանակ, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.
բ/ դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, քանի որ նրա պնդմամբ «... դատարանի կողմից թույլ տրված դատական սխալների և վիճարկվող դրույթի այլ մեկնաբանության հետևանքով խախտվել է իր սեփականության իրավունքը...»։ Հետևաբար, վերոնշյալ իրավադրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարցը փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների
հակասահմանադրականության վիճարկմամբ։
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք.
գ/ սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթներից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշումը։ Այսպես, դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-735 որոշման մեջ անդրադարձել է վերոհիշյալ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի սահմանադրաիրավական բովանդակությանը, սահմանել է, որ նշյալ դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Այդուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանի նշյալ որոշումից հետո, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-13-Ն ՀՀ օրենքով խնդրո առարկա դրույթի նախկինում գործող տեքստը /3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը/ օրենսդրական փոփոխության արդյունքում ներառվել է ներկայիս գործող դրույթի 1-ին կետում։ Եվ քանի որ դիմողը վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանադրականությունը հիմնական շեշտադրումը կատարում է դրա «բ» ենթակետի սահմանադրաիրավական բովանդակություն վրա, ուստի սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ արդեն իսկ առկա է սահմանադրական դատարանի որոշումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7- րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Վարդգես Վարդանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
11 փետրվարի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
