«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-101)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 մայիսի 2020թ. ՍԴԱՈ - 101 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ
ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննության առնելով «ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ .
1. «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի որոշմամբ (Վարչական գործ թիվ ՎԴ/2551/05/16) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշել է «Դիմել Սահմանադրական դատարան «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2015 թվականի հանրաքվեով ընդունված փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 50-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու հարցով»:
Դիմողի կողմից վիճարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ Օրենք) հետևյալ դրույթի սահմանադրականությունը.
«Հոդված 7. Կատարողական վարույթի կողմերը
Կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը: Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական և վարչական գործերով դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս պետական եկամուտների կոմիտեն, եթե դատական ակտի համաձայն դատական ծախսերը ենթակա չեն գանձման որևէ պետական մարմնի օգտին:
Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին»:
2. Դիմողը, կարևորելով իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքների որպես իրավական պետության կարևորագույն բաղադրիչների նշանակությունը, նշում է, որ կոնկրետ վարչական վարույթի շրջանակներում բոլոր շահագրգիռ անձինք պետք է հնարավորություն ստանան արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց իրավունքներն ու օրինական շահերը inter alia իրենց լսված լինելու և այլ իրավունքների իրացման միջոցով: Դիմողի գնահատմամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրագործման իրավական կարգավորման տրամաբանությունից հետևում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կամ սուբյեկտ պետք է օբյեկտիվ հնարավորություն ունենա արդյունավետ կերպով պաշտպանել և իրականացնել իր իրավունքները, ինչը կարող է ի կատար ածվել առնվազն վարչական վարույթում վերջինիս որպես վարույթի մասնակից ներգրավված լինելու պարագայում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից հետևում է, որ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձինք ևս կարող են մասնակցել հարուցված վարչական վարույթին, եթե վարչական վարույթը եզրափակող վարչական ակտը կարող է անմիջականորեն ազդեցություն ունենալ վերջիններիս իրավունքների կամ օրինական շահերի վրա: Այս առումով դիմողը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարչական մարմինը պարտավոր է քայլեր ձեռնարկել վարչական վարույթին բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունն ապահովելու համար, մինչդեռ Օրենքի 7-րդ հոդվածի իրավակարգավորումները կատարողական վարույթի կողմեր են համարում միայն պարտապանին և պարտատիրոջը խոչընդոտելով երրորդ անձանց մասնակցությունը այդ գործընթացին:
Վերոգրյալի հաշվառմամբ դիմողը գտնում է, որ նշված իրավիճակում, երբ անձը, ըստ կատարողական թերթի չհանդիսանալով ո՛չ պարտատեր և ո՛չ էլ պարտապան և ըստ այդմ չներգրավվելով կատարողական վարույթին որպես կողմ, սակայն որի իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել կամ անխուսափելիորեն շոշափվելու են վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, թե՛ իրավաբանորեն, թե՛ փաստացի զրկված է լինում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրացնելու իրավական հնարավորությունից, ինչն անընդունելի է իրավական պետությունում:
Ամփոփելով իր դիրքորոշումները դիմողը խնդրում է որոշել վիճարկվող դրույթի համապատասխանությունը Սահմանադրության 1-ին, 50-րդ և 75-րդ հոդվածներին:
3. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, փաստում է, որ «….դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է, դատավարության տրամաբանական ավարտը, առանց որի կիմաստազրկվի ողջ դատաքննությունը: Ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս 6-րդ հոդվածի իմաստով»:
Պատասխանողի կարծիքով օրենսդրի կողմից սահմանվել է վարչական վարույթի առանձնահատուկ կարգ պայմանավորված դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի բնույթով և նպատակով, այն է կատարողական վարույթի ընթացքում որպես մասնակիցներ հանդես են գալիս միայն պահանջատերը և պարտապանը. նշված վարույթին երրորդ անձանց մասնակցությունը նախատեսված չէ: Նման կարգավորումը որևէ առումով չի հակասում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, քանի որ հենց նույն օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ առանձին տեսակի վարչական վարույթների (սույն դեպքում կատարողական վարույթի) առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով: Կատարողական թերթը պարունակում է միայն պարտապան(ներ)ի և պահանջատիրոջ (պահանջատերերի) տվյալները, ուստի հարկադիր կատարողն օբյեկտիվորեն չի կարող պարզել և հայտնաբերել բոլոր այն անձանց, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով: Հարկադիր կատարողի վրա նման պարտականություն դնելը կհանգեցնի վարույթի անհարկի ձգձգմանը, որն իր հերթին կհանգեցնի պահանջատիրոջ ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքների խախտմանը:
Բացի դրանից, պատասխանողը գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվում է Օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որ այն չի նախատեսում «երրորդ անձ» եզրույթը և չի կարգավորում երրորդ անձի հետ կապված իրավահարաբերությունները, մինչդեռ այդ հոդվածը վերաբերում է կատարողական վարույթի կողմերին: Երրորդ անձը կատարողական վարույթում կարող էր հանդես գալ միայն որպես վարույթի մասնակից, բայց ոչ որպես վարույթի կողմ: Ուստի, նման պայմաններում դիմողը չէր կարող բարձրացնել Օրենքի 7-րդ հոդվածի սահմանադրականության հարց:
4. Ուսումնասիրելով դիմումը և պատասխանողի գրավոր բացատրությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ.
դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի բարձրացրած խնդիրը կապված է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կատարողական վարույթին մասնակցության անհնարինության հետ: Իսկ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց մասնակցությունը կատարողական վարույթին պետք է ապահովված լինի «վարչական վարույթին բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունն ապահովելու համար»:
Վիճարկվող հոդվածի և Օրենքի այլ հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարողական վարույթի մասնակիցների ցանկն ամրագրված է ոչ թե վիճարկվող 7-րդ հոդվածում, այլ Օրենքի 6-րդ հոդվածում: Մասնավորապես «Կատարողական վարույթի մասնակիցները» վերտառությամբ 6-րդ հոդվածի համաձայն «Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:
Կատարողական վարույթին կարող են մասնակցել փորձագետներ և թարգմանիչներ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը`
ա) երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություններն իրականացնելիս.
բ) երեխայի տեսակցության հետ առնչվող կատարողական գործողություններ իրականացնելիս` անհրաժեշտություն առաջանալու դեպքում»:
Օրենքի և՛ վիճարկվող 7-րդ հոդվածը, և՛ 8-16.1 հոդվածները նվիրված են կատարողական վարույթի կողմերի կարգավիճակին: Կատարողական վարույթի կոնկրետ մասնակցի կարգավիճակին նվիրված հոդվածը չի կարող դիտարկվել որպես բաց ունեցող հոդված այն պատճառաբանությամբ, որ չի ամրագրում կատարողական վարույթին մասնակցելու շահագրգիռ անձանց լրացուցիչ ցանկ: Դիմողի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, թե ինչու հենց կատարողական վարույթի կոնկրետ կողմերին նվիրված հոդվածում պետք է օրենսդիրը ներառեր վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց (երբ կատարողական վարույթի մասնակիցների վերաբերյալ կա հատուկ այլ նորմ Օրենքի 6-րդ հոդվածը):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի լիազորությունների շրջանակում է ամրագրել կոնկրետ անձի կարգավիճակը իրավունքներով և պարտականություններով հանդերձ, նույնականացնել դրանք կատարողական վարույթի այլ մասնակիցների հետ, կամ սահմանել լրիվ այլ ինքնուրույն կարգավիճակ: Սահմանադրական դատարանի իրավասությունից դուրս է կատարողական վարույթին մասնակցելու շահագրգիռ անձանց որևէ կոնկրետ կարգավիճակով օժտելը, իսկ վիճարկվող դրույթը կոնկրետ կողմերի կարգավիճակին նվիրված դրույթ է: Հետևաբար դիմողի կողմից բարձրացված հարցը, այսինքն անձին, որը չի հանդիսանում ո՛չ պահանջատեր և ո՛չ էլ պարտապան և չի ներգրավվում կատարողական վարույթին որպես կողմ, սակայն որի իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել կամ անխուսափելիորեն շոշափվելու են վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, կատարողական վարույթի կողմերին նվիրված հոդվածում ներգրավելու հարցը, ենթակա չէ Սահմանադրական դատարանին:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով ամրագրված է որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, կամ եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համաձայն «1. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով» և «5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով»:
Հետևաբար դիմողը չի ներկայացրել հիմնավորումներ վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, որի պարագայում դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներով բարձրացված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ . «ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
12 մայիսի 2020 թվականի
ՍԴԱՈ-101
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-101
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
