ՍԻՄՈՆ ԷԼՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 դեկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 28 | ՍԻՄՈՆ ԷԼՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
14 դեկտեմբերի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Ա. Խաչատրյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Սիմոն Էլչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Սիմոն Էլչյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015թ. նոյեմբերի 23-ին)` խնդրելով.
«ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի «որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ» դրույթը` լուծարային կառավարչի գործողությունների դեմ բերված բողոքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության համատեքստում»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը սահմանափակում է լուծարային կառավարիչների գործողությունների դեմ ներկայացված բողոքների կապակցությամբ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման իրավունքը:
Ըստ դիմողի` նման իրավական կարգավորումը նենգափոխում է դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության իրավունքի էությունը` խաթարելով դրա բովանդակությունը:
2. Դիմողը պնդում է, որ վիճարկվող նորմը սահմանափակում է դատական ակտը բողոքարկելու իր իրավունքը: Դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների սպառիչ ցանկը` միաժամանակ ուրվագծելով այն ակտերի շրջանակը, որոնք համապատասխան սուբյեկտները կարող են վիճարկել վերադաս դատարանում: Արդյունքում` դիմողի իրավունքները վերաքննիչ բողոք ներկայացնելու առումով սահմանափակվել են ոչ թե քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված և նրա կողմից վիճարկվող իրավակարգավորման պատճառով, այլ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորման արդյունքում: Մասնավորապես, նշյալ օրենքի` «Պահանջների բավարարման հերթականությունը» վերտառությամբ 31-րդ հոդվածը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ լուծարային կառավարչի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկել լուծարային կառավարչի գործողությունները: Ընդ որում, դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Այս համատեքստում դիմողի կողմից վիճարկվող դրույթների և նրա համար առաջացած իրավական հետևանքների միջև բացակայում է պատճառահետևանքային կապը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Սիմոն Էլչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
14 դեկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
