ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐԻ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 30 | ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐԻ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 5 հունիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Սևակ Գրիգորի Հաճի Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սևակ Գրիգորի Հաճի Հակոբյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 17-ին), խնդրել է. «… ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը և 371-րդ հոդվածի 5-րդ մասը հաշվի առնելով դրանց համադրված իրավակիրառ պրակտիկան ճանաչել հակասող ՀՀ Սահմանադրությանը այնքանով որքանով, որ նշված նորմերի համադրված կիրառումը հանգեցրել է …. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի (ավելի կոնկրետ նշված իրավունքի բաղադրատարր հանդիսացող արդարադատության մատչելիության իրավունքի) խախտմանը»:
2. Դիմողն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ոչ 368-րդ հոդվածի 5-րդ մասը, ոչ 371-րդ հոդվածի 5-րդ մասը չեն նախատեսում որևէ ձևակերպում, որը հնարավորություն կտար եզրակացնել, որ վերաքննիչ դատարանի բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետք էր երկրորդ անգամ բողոքն ուղարկել կողմերին և կցել երկրորդ անգամ ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը: Մինչդեռ վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին տալիս է յուրովի մեկնաբանություն, և վերջինիս չի մնում այլընտրանք, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասության համաձայն կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով քննության առարկա անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է. թեև դիմողը վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի և 371-րդ հոդվածի 5-րդ մասերն ամբողջությամբ, այդուհանդերձ, նրա մտահոգությունը և հիմնավորումները վերաբերում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխանաբար 368-րդ հոդվածի 5-րդ մասի «բողոքը գործին մասնակցող անձանց … ուղարկելու մասին ապացույցները» բառակապակցությանը և 371-րդ հոդվածի 5-րդ մասի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները …» դրույթին, հետևաբար Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա միայն վերը մատնանշված մասերով գործը քննության ընդունելու օրենսդրական խոչընդոտներ առկա չեն, այն է.
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,
3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,
5. առկա է դատարանի վերջնական ակտը,
6. դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,
8. դիմումը հիմնավորված է,
9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 5-րդ մասի մնացած դրույթների մասով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 5-րդ մասի մնացած դրույթների մասով չի պարունակում հիմնավորումներ, որ դրանց հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքների կամ ազատության խախտման, ինչը դիմումը դարձնում է ակնհայտ անհիմն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Սևակ Գրիգորի Հաճի Հակոբյանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխանաբար 368-րդ հոդվածի 5-րդ մասի «բողոքը գործին մասնակցող անձանց…. ուղարկելու մասին ապացույցները» բառակապակցության և 371-րդ հոդվածի 5-րդ մասի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները.…» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սևակ Գրիգորի Հաճի Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 5-րդ մասի մնացած դրույթների մասով, մերժել:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
5 հունիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-30
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-30
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
