«ՌՈՄԱՆ ԿԱՆԴԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 285-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 մարտի 2024թ. ՍԴԱՈ - 41 | «ՌՈՄԱՆ ԿԱՆԴԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 285-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈՄԱՆ ԿԱՆԴԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 285-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոման Կանդիլյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 285-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ռոման Կանդիլյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ խափանման միջոց կիրառելու/խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավունք չունեցող դատախազի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում մեղադրյալի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը օրենքով սահմանված կարգով է:
Կամ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին համապատասխանող ճանաչել այն մեկնաբանությամբ, որ օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկվելը նշանակում է ազատությունից զրկվել իրավասու և պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված միջնորդության քննության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով:
Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ առաջին անգամ գործը դատարան հանձնելիս քրեական հետապնդման ժամկետների հաշվարկը դադարում է:
Կամ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին համապատասխանող ճանաչել այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ դատարանի կողմից «քրեական գործը հսկող դատախազին վերադարձնելու մասին» որոշման կայացմամբ քրեական վարույթը/գործը վերադառնում է մինչդատական վարույթի փուլ և հանրային քրեական հետապնդման ժամկետները շարունակում են հոսել»։
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից:
Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝
«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝
(...)
7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան»:
Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության չի ենթարկվել:
Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը» վերտառությամբ 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա»։
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-32-Ն, ընդունվել է 2024 թվականի հունվարի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2024 թվականի փետրվարի 2-ին և ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 6-ից) համաձայն՝ Օրենսգրքի 285-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «քննիչի» բառից հետո լրացվել են «, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի» բառերը,
2) 2-րդ մասում և 2-րդ մասի 2-րդ կետում «քննիչի» բառից հետո լրացվել են
«(սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի)» բառերը,
3) լրացվել է 10-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«10. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.
2) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է»:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2.1. 2022 թվականի դեկտեմբերի 19-ին հսկող դատախազի կողմից Ռոման Կանդիլյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
2.2. 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, որը պարբերաբար երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիսի 16-ը:
2.3. 2023 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով և գրավ: Նույն թվականի հուլիսի 15-ին տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 17-ը:
2.4. 2023 թվականի օգոստոսի 15-ին կազմվել է մեղադրական եզրակացություն և այն ուղարկվել է հսկող դատախազին:
2.5. 2023 թվականի օգոստոսի 18-ին հսկող դատախազի որոշմամբ թիվ 58242522 քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ Դատարան):
2.6. 2023 թվականի օգոստոսի 24-ին Դատարանի որոշմամբ թիվ ԵԴ1/1184/01/23 քրեական գործը (այսուհետ՝ Քրեական գործ) վերադարձվել է հսկող դատախազին՝ խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին Դատարան հանձնելու նպատակով: Սույն որոշմամբ դատարանը նշել է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալ Կարեն Մամիկոնի Կանդիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը նախաքննության ընթացքում երկարացվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը, իսկ թիվ ԵԴ1/1184/01/23 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել 2023 թվականի օգոստոսի 23-ին, այսինքն՝ տվյալ դեպքում պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, գտնում եմ, որ թիվ ԵԴ1/1184/01/23 (58242522) քրեական վարույթն ըստ մեղադրանքի Ռոման Մամիկոնի Կանդիլյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Կարեն Մամիկոնի Կանդիլյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Հայկ Մամիկոնի Կանդիլյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Խաչիկ Մնացականի Ներսիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Սերոբ Արմենի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Խաչիկ Մանվելի Քալաշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և Արման Գևորգի Աբրահամյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, պետք է վերադարձնել հսկող դատախազին՝ մեղադրյալ Կարեն Մամիկոնի Կանդիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննար-կելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով»:
2.7. 2023 թվականի օգոստոսի 29-ին Քրեական գործը կրկին ուղարկվել է Դատարան: 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Դատարանը կայացրել է որոշում՝ «Քրեական գործը հսկող դատախազին վերադարձնելու մասին»՝ խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին Դատարան հանձնելու նպատակով: Դատարանը հիշատակված որոշմամբ արձանագրել է.
«Քրեական գործի նյութերից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավակարգավորումը կրկին չի պահպանվել, մասնավորապես՝ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվել 05.09.2023 թվականին, մինչդեռ հիշատակված դրույթների ուժով՝ դատարան պետք է հանձնվեր ոչ ուշ քան 02.09.2023 թվականը, քանի որ մեղադրյալներից Հայկ Կանդիլյանի կալանքի տակ պահելու, իսկ Ռոման Կանդիլյանի տնային կալանքի տակ պահելու ժամկետները լրանում են 17.09.2023 թվականին: Հետևաբար գտնում եմ, որ քրեական գործն առանց վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու պետք է վերադարձնել հսկող դատախազին մեղադրյալներ Հայկ Կանդիլյանի և Ռոման Կանդիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով»:
2.8. 2023 թվականի սեպտեմբերի 12-ին դատախազը Դիմողի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան: 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Դատարանը բավարարել է նշյալ միջնորդությունը և Դիմողին տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել է 20 օրով: Դատարանը հիշատակված որոշմամբ արձանագրել է.
«Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, որ անցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված քրեական հետապնդման ժամկետները, հետևաբար դատախազը չէր կարող միջնորդություն ներկայացնել մեղադրյալ Ռոման Կանդիլյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և չի կարող ընտրվել խափանման միջոց, ապա Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով մեղադրյալ Ռոման Կանդիլյանին մեղսագրվում է ծանր հանցանքի կատարում, որի համար մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման ժամկետը կազմում է տասն ամիս, իսկ քրեական հետապնդման ժամկետը համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 3-րդ մասի հաշվարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից, իսկ հսկող դատախազի կողմից քրեական գործի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2023 թվականի օգոստոսի 18-ին և այն փաստացի դատարանում ստացվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին և անկախ այն հանգամանքից, որ դատարանները 24.08.2023թ-ի և 08.09.2023թ-ի որոշումներով քրեական գործը վերադարձրել են հսկող դատախազին մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկելու համար, Դատարանը գտնում է, որ քրեական վարույթն առաջին անգամ դատարան ուղարկելու ժամանակ լրացած չի եղել քրեական հետապնդման ժամկետը, հետևաբար քրեական վարույթը դատարանում ստացվելուց և դրան թիվ ԵԴ1/1184/01/23 քրեական գործի համարը շնորհելուց հետո ՀՀ քրեական դատա-վարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մինչդատական վարույթի համար սահմանված քրեական հետապնդման ժամկետներն արդեն իսկ դադարել են հոսել»:
2.9. Դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ին կայացրել է «Վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին» որոշում: Սույն որոշմամբ Դատարանն արձանագրել է.
«(...) վարույթ ստանձնելը պարտադիր է բոլոր քրեական վարույթներով, ինչը հաստատվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությամբ, համաձայն որի՝ եթե անգամ պահպանված չէ սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, ապա դատարանն առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով»:
2.10. Դատարանի՝ «Այլընտրանքային խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ ԱՐԴ1/0025/06/22 որոշումը բողոքարկվել է հատուկ վերանայման կարգով:
2.11. Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մերժել է ներկայացված բողոքը՝ Դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը թողնելով անփոփոխ: Նշյալ որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է.
«Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն դիտարկմանը, որ անցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված քրեական հետապնդման ժամկետները, հետևաբար դատախազը չէր կարող միջնորդություն ներկայացնել մեղադրյալ Ռոման Կանդիլյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և չի կարող ընտրվել խափանման միջոց /վերոնշյալ պնդումներն արվել են նաև հատուկ վերանայման բողոքում/, ապա Առաջին ատյանի դատարանը նյութերից բխող արձանագրում է կատարել այն մասին, որ տվյալ քրեական գործով մեղադրյալ Ռոման Կանդիլյանին մեղսագրվում է ծանր հանցանքի կատարում, որի համար մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման ժամկետը կազմում է տասն ամիս, իսկ քրեական հետապնդման ժամկետը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի 3-րդ մասի, հաշվարկվում է 2023թ. հունվարի 1-ից։ Ընդ որում, հսկող դատախազի կողմից քրեական գործի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2023թ. օգոստոսի 18-ին և այն փաստացի դատարանում ստացվել է 2023թ. օգոստոսի 23-ին և անկախ այն հանգամանքից, որ դատարանները 24.08.2023թ–ի և 08.09.2023թ–ի որոշումներով քրեական գործը վերադարձրել են հսկող դատախազին՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկելու համար, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ քրեական վարույթն առաջին անգամ դատարան ուղարկելու ժամանակ լրացած չի եղել քրեական հետապնդման ժամկետը, հետևաբար քրեական վարույթը դատարանում ստացվելուց և դրան թիվ ԵԴ1/1184/01/23 քրեական գործի համարը շնորհելուց հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մինչդատական վարույթի համար սահմանված քրեական հետապնդման ժամկետներն արդեն իսկ դադարել են հոսել»:
2.12. Վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է հատուկ վերանայման կարգով: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ Դիմողի ներկայացուցչի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
3. Դիմողի դիրքորոշումները
3.1. Դիմողը նշում է, որ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված՝ միայն օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկվելու իմպերատիվ պահանջը միտված է բացառելու քրեական վարույթն իրականացնող անձանց կամայական գործողությունների արդյունքում անձնական ազատության իրավունքի ապօրինի սահմանափակումները: Դիմողի գնահատմամբ՝ օրենքով սահմանված կարգը ենթադրում է օրենքով հստակ ամրագրված սուբյեկտ, որը կունենա խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված դատարան, որը իրավասու կլինի քննարկելու իրավասու սուբյեկտի կողմից ներկայացված՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող միջնորդությունը:
3.2. Ամբողջացնելով Օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ի մասի վերաբերյալ իր դիրքորոշումները՝ Դիմողն արձանագրում է, որ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու իրավասությունը Օրենսգրքով նախատեսված կարգավորումներով, վերապահված է բացառապես քննիչին, ուստիև՝ յուրաքանչյուր ոք կարող է զրկվել ազատությունից միայն քննիչի միջնորդության հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում, քանի որ դա է Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված օրենքով սահմանված կարգը:
3.3. Ըստ Դիմողի՝ «Օրենսդիրը բացառապես քննիչին է վերապահել խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու իրավասու-թյունը, քանի որ, հայեցակարգային առումով, դեռևս 2007 թվականից դատախազը դադարել է լինել քննություն իրականացնող սուբյեկտ (2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-129-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեց դատախազի կողմից գործը լրիվ ծավալով անձամբ քննելու՝ քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ նախաքննության ընթացքում անհրաժեշտ որոշումներ ընդունելու և քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելու լիազորությունը նախատեսող՝ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը), ուստիև քննիչը, որպես իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում նախաքննություն իրականացնող միակ դատավարական սուբյեկտ, պետք է մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու իրավասություն ունենա»:
3.4. Դիմողը նաև նշում է, որ Օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատախազը լիազորված է բացառապես մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, ուստի դատախազը իրավունք չունի միջոցներ ձեռնարկել խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու համար:
3.5. Դիմողի պնդմամբ՝ «(...) 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ ԱՐԴ1/0025/06/22 որոշմամբ դիմողի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը շարունակվել է (խափանման միջոցի ժամկետը երկարաձգվել է) օրենքով չսահմանված կարգով. խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացրել է ոչ թե դրա իրավասությունը ունեցող քննիչը, այլ՝ քննություն իրականացնելու լիազորություն չունեցող դատախազը (...)»:
3.6. Դիմողը գտնում է, որ դատարանների կողմից Օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասին փաստացի տրված մեկնաբանությունն առ այն, որ դատախազը խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու լիիրավ սուբյեկտ է, հակասում է բացառապես օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկվելու՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված սահմանադրանորմին, որի հետևանքով խախտվել են Դիմողի ինչպես անձնական ազատության, այնպես էլ արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքները:
3.7. Դիմողն արձանագրում է, որ «(...) «քրեական գործը հսկող դատախազին վերադարձնելու մասին» որոշման կայացմամբ քրեական վարույթը/գործը վերադառնում է մինչդատական վարույթ, քանի որ հիշատակված որոշումը կայացնելու հիմք հանդիսացած խափանման միջոցի հարցը դատախազի կողմից կարող է լուծվել բացառապես այն դեպքում, երբ քրեական վարույթը/գործը լինի իր՝ դատախազի վարույթում (...), ուստիև Օրենսգրքի 192-րդ հոդվածի ուժով քրեական հետապնդման ժամկետները շարունակում են հոսել»:
3.8. Դիմողը նշում է, որ «(...) եթե դիտարկենք, որ առաջին անգամ «մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ դատարան հանձնելու մասին» որոշման կայացմամբ ավարտվել է մինչդատական վարույթի փուլը, ուստիև քրեական հետապնդման ժամկետները դադարել են հոսել, կստացվի իրավիճակ, երբ դատական քննության փուլում գտնվող քրեական գործով կարևորագույն և քննության հետագա ընթացքը կանխորոշող խափանման միջոցի ընտրության կիրառության, փոփոխության հարցը կլուծվի դատախազի կողմից, այն պայմաններում, երբ դատախազը արդեն իսկ չի հանդիսանա վարույթն իրականացնող մարմին»:
3.9. Դիմողը հավելում է, որ «(...) դատական քննության փուլում գտնվող գործով դատախազի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը լուծելը ուղիղ միջամտություն է դատարանների անկախությանը, ըստ այդմ էլ՝ մեղադրյալների՝ արդար դատաքննության իրավունքին»:
3.10. Ըստ Դիմողի՝ «Վիճարկող նորմին տրված մեկնաբանության պայմաններում ստացվում է իրավիճակ, երբ մեղադրյալի նկատմամբ քննվող գործը թևակոխել է դատական քննության փուլ, գործին շնորհվել է դատական համար, սակայն տվյալ գործով առանցքային նշանակության հարցերը լուծվում են դատախազի կամ այլ նախագահող դատավորի (դատական երաշխիքներով) միանձնյա հայեցողության պայմաններում (ինչպես եղել է դիմող Ռոման Կանդիլյանի դեպքում), ինչն ուղիղ միջամտություն է գործն ըստ էության քննող դատարանի նկատմամբ»:
3.11. Դիմողը գտնում է, որ «(...) գործն ըստ էության քննության փուլում գտնվելու պայմաններում որևէ այլ դատախազ իրավունք չունի քննարկելու մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու/երկարաձգելու հարց: Կարծում ենք, որ վիճարկվող նորմը Սահմանադրությանը համահունչ է այն մեկնաբանությամբ, որ դատարանի կողմից «քրեական գործը հսկող դատախազին վերադարձնելու մասին» որոշման կայացմամբ քրեական վարույթը/գործը վերադառնում է մինչդատական վարույթի փուլ և հանրային քրեական հետապնդման ժամկետները շարունակում են հոսել»:
4. Պատասխանողի դիրքորոշումները
4.1. Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթները, նշում է. որ «(...) օրենսդրի կողմից ապահովվել է կալանքի կիրառման, կալանքի ժամկետի երկարաձգման և կալանքի ժամկետի սահմանափակմանն առնչվող իրավակարգավորումների հստակ առկայությունը»: Պատասխանողի գնահատմամբ՝ գործող իրավակարգավորումները սահմանում են անձին ազատությունից ֆիզիկապես զրկելու օրինական և պատշաճ դատական վերահսկողության երաշխիքներ:
4.2. Պատասխանողը նշում է, որ օրենսդիրը, որպես կալանքից ազատման հիմք, սահմանել է, որ եթե խափանման միջոցի կիրառման ժամկետն ավարտվում է, և այդ պահին այն երկարաձգելու մասին դատարանի որոշում առկա չէ, ապա անձը համարվում է կալանքից ազատված: Բացի դրանից, օրենսդիրն ամրագրել է հարուցված քրեական հետապնդման դադարեցման հիմք, այն է՝ եթե լրացել է Օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան:
4.3. Պատասխանողն արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից, որ դատավորը վերադարձրել է վարույթի նյութերը (խափանման միջոցի հարցը քննարկելու նպատակով), բոլոր դեպքերում դատախազի՝ վարույթի նյութերը դատարան հանձնելու պարտականությունը սահմանված ժամկետում կատարվել է, և արդեն իսկ բացակայում է Օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը:
4.4. Պատասխանողը նշում է. «(...) օրենսդիրը առանձնահատուկ հիմք է սահմանել դատախազի կողմից խափանման միջոցի հարցը քննարկելու վերաբերյալ, այն պայմանավորելով դատավորի կողմից քրեական գործը վերադարձնելու դեպքով»:
4.5. Պատասխանողը գտնում է, որ «(...) դատախազին ոչ թե նախաքննության և/կամ մինչդատական վարույթը կարգավորող իրավանորմերի համատեքստում է վերապահվում խափանման միջոց կիրառելու հարցի քննարկելու իրավունքը, այլ Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով է նման իրավունք վերապահվում, հետևաբար իրավաչափ չէ դատախազի նշված նորմի հիմքով կատարված գործողությունները դիտարկել և գնահատել նախաքննությունը և/կամ մինչդատական վարույթը իրավակարգավորող նորմերի շրջանակներում»:
4.6. Պատասխանողն ընդգծում է. «(...) եթե դիտարկենք, որ դատարանի կողմից գործը վերադարձնելը գնահատվում է որպես «գործի հետ վերադարձ մինչդատական փուլ»՝ մասնավորապես նախաքննություն, ապա դա կհակասի այն կարգավորմանը, որ նախաքննությունը ավարտվում է մեղադրական եզրակացությունը դատախազին հանձնելու փաստով»:
4.7. Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթները, ինչպես համակարգային ամբողջականությամբ, այնպես էլ յուրովի, իրենց իրավակարգավորիչ դերով հանդիսանում են անձի հիմնարար իրավունքների և հատկա-պես Սահմանադրությամբ սահմանված անձի անձնական ազատության, արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների պատշաճ իրացման երաշխիքներ, և Դիմողի կողմից ներկայացված դիմումով հիմնավորված չէ, թե ենթադրյալ վիճելի հանդիսացող դրույթներն ինչպես են խախտել իր հիմնական իրավունքներն ու ազատությունները:
4.8. Ամփոփելով՝ Պատասխանողը խնդրում է. ««Ռոման Կանդիլյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 285-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմա-տիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կար-ճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել և հետագայում իր մի շարք այլ որոշումներում վերահաստատել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:
Քննարկվող համատեքստում ուսումնասիրելով սույն գործով ներկայացված դատական ակտերը, Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 285-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Դիմողի ներկայացրած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով վիճարկվող դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ:
Դիմումի ուսումնասիրությունից և խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում դատարանների կայացրած որոշումներում զետեղված իրավական դիրքորոշումների համադրումից պարզ է դառնում, որ սույն գործով Դիմողը, ըստ էության, վիճարկում է դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինականությունը, որպիսի հարցադրումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:
Այսպես. Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածի համաձայն.
«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(…)
7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան.
(…)»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածով քրեական հետապնդումը բացառող հանգամանքների ամրագրումը միտված է բացառելու պետաիշխանական լիազորություններով օժտված վարույթն իրականացնող մարմինների կամայականությունները՝ թույլ չտալով քրեական հետապնդման ենթարկել այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է քննարկվող հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական հետապնդումը բացառող որևէ հանգամանք:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ թեպետ քրեական հետապնդումը բացառող ցանկացած հանգամանքի առկայության պայմաններում, որպես ընդհանուր կանոն, քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ, քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցած հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայությունն ինքնին արդեն իսկ բավարար է մեղադրյալի նկատմամբ կալանք/տնային կալանք խափանման միջոցի կիրառումն անթույլատրելի գնահատելու համար:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի՝ «Հանրային քրեական հետապնդման ժամկետները» վերտառությամբ 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելի, քան երեք ամիս` ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով, հինգ ամիս` միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով, ութ ամիս` ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով և տասն ամիս` առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով: Մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդման ժամկետների նախատեսումը, նախևառաջ, ունի մինչդատական վարույթում տևական, անորոշ ժամկետներով քրեական հետապնդման ենթարկելու հնարավորությունը բացառելու նպատակ՝ այդպիսով ապահովելով ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կենսագործումը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի բարձրացրած հարցը՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականության մասով, առավելապես հանգում է մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդման համապատասխան ժամկետի հաշվարկման կարգը սահմանող դրույթի՝ դատարանների կողմից կիրառման իրավաչափությանը: Այս առնչությամբ Դիմողը նշում է. «(...) դատարանների կողմից տրված մեկնաբանությունը՝ առաջին անգամ դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելով մինչդատական վարույթում քրեական հետապնդման ժամկետները դադարում են հոսել, ըստ էության մեղադրյալներին զրկում է Օրենսգրքի հայեցակարգային մոտեցումներից բխող երաշխիքներից, մասնավորապես՝ ցանկացած մեղադրյալ ունի ողջամիտ ակնկալիք առ այն, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի լրանալուց հետո, իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի Օրենսգրքի 12-րդ հոդվածի ուժով»։ Ըստ այդմ, չհամաձայնելով դատարանի տված մեկնաբանություններին՝ Դիմողը տալիս է ժամկետների հոսքի հաշվարկի, իր կարծիքով, քրեադատավարական ներքին համակարգին համահունչ մեկնաբանություն՝ նկատելով, որ «(...) վերսկսված մինչդատական վարույթի պայմաններում հանրային քրեական հետապնդման առավելագույն թույլատրելի ժամկետների հոսքի հաշվարկը պետք է վերսկսվի, հակառակ մոտեցումը խնդրահարույց է ներդրված ինստիտուտի նպատակային նշանակության ապահովման տեսանկյունից, քանի որ կարող է «սողանցք» հանդիսանալ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետների պահպանումից խուսափելու համար։ Հակառակ մոտեցման պարագայում՝ մինչդատական վարույթում ցանկացած գործով քրեական հետապնդման ժամկետներն ավարտին մոտենալուն պես, վարույթն իրականացնող մարմինը չի դրսևորի շտապողականություն (ի հակադրումն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի), ձևականորեն վարույթի նյութերը մեկ անգամ կուղարկի դատարան, ապա դատարանի հետ ստանալուն պես կրկին առանց շտապողականություն դրսևորելու կշարունակեն մնացած մասով մինչդատական վարույթը, իսկ նման մոտեցումն ուղիղ հակադրության մեջ կգտնվի քրեադատավարական օրենսդրության նոր հայեցակարգի, քրեական հետապնդման ժամկետների՝ որպես ինստիտուտի էության և մեղադրյալին տրված թե դատավարական, և թե սահմանադրական երաշխիքների հետ»։
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, անհամաձայնություն է հայտնում իր նկատմամբ կիրառված դատական ակտերին և վիճարկվող սույն դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել իր համար բարենպաստ հետևանքներ առաջ բերող և, իր գնահատմամբ, քրեադատավարական ներքին համակարգին համահունչ մեկնաբանություն ներկայացնելով, որը հակադրվում է դատարանների կողմից խնդրո առարկա նորմին տրված մեկնաբանությանը: Այդպիսով իսկ Դիմողը քողարկված վիճարկում է տվյալ դատական ակտերը:
Անդրադառնալով Դիմումով բարձրացված այն հարցադրմանը, թե արդյոք Սահմանադրության 27-րդ հոդվածին համահունչ է մինչդատական վարույթում ազատությունից զրկվելը տնային կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն չունեցող սուբյեկտի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը» վերտառությամբ 285-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է քննիչին որպես խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելու սուբյեկտ: Նման միջնորդություն ներկայացնելու իրավասությունը բխում է Օրենսգրքի՝ «Քննիչի լիազորությունները» վերտառությամբ 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից, համաձայն որի՝ «Քննիչը դիմում է դատարան սույն օրենսգրքով սահմանված հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով` միջնորդության պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին»:
Խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելու՝ քննիչի իրավասության վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ ՇԴ/0003/09/19 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.
«Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ բացառապես գործառույթից բխող գործողություններ կատարելու իրավասություն ունենալու գաղափարն օրենսդիրն առավել հստակ ամրագրել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, որը հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու իրավասությունը վերապահել է քննիչին, իսկ դատախազին լիազորել է հետ վերցնել համապատասխան միջնորդությունը կամ մասնակցել դրա քննության դատական վարույթին՝ հետևողականորեն իրացնելով «գործառույթ-սուբյեկտ-լիազորություն» եռամիասնական շղթան: Այս մոտեցումը բխում է քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքից և արտացոլում է դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակը»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը, ըստ էության բարձրացնում է Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 285-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իրավաչափության հարց՝ վիճարկելով ոչ իրավասու սուբյեկտի կողմից իր նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության՝ դատարանի կողմից բավարարման փաստը: Այս առնչությամբ Դիմողը, վկայակոչելով Օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասը, որում իբրև խափանման միջոց կիրառելու (կալանքը/տնային կալանքը երկարաձգելու) միջնորդություն հարուցելու լիազորություն ունեցող սուբյեկտ է դիտարկվում քննիչը, նշում է, որ «(...) այդ կերպ օրենսդիրն ապահովել է Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ միայն օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկվելու երաշխիքներից մեկը»։ Այս համատեքստում Դիմողը նշում է նաև, որ «Օրենքով սահմանված կարգն իրենից ենթադրում է օրենքով հստակ ամրագրված սուբյեկտ, ով կունենա խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն (...)»:
Այս լույսի ներքո Դիմողը, շեշտելով, որ Օրենսգրքով մինչդատական վարույթում բացառապես քննիչն է, որ իրավասու է նման միջնորդությամբ դիմելու դատարանին, նկատում է, որ «Հատկանշական է այն հանգամանքը, որ նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված որևէ պայման, այդ թվում՝ եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից»։
Ավելին, Դիմողը, որպես հավելյալ իրավական փաստարկ վկայակոչելով Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ ՇԴ/0003/09/19 որոշումը և այդ լույսի ներքո անդրադառնալով Օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթին, նկատում է, որ «(...) դատախազը լիազորված է բացառապես մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, ուստի դատախազը իրավունք չունի միջոցներ ձեռնարկել խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու համար։ Ստացվում է, որ օրենսդիրը կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելու լիազորություն չի տվել դատախազին»։
Դիմողի դիրքորոշումների վերաբերյալ մեջբերումները, ինչպես նաև ողջ դիմումն ինքնին ակնառու վկայությունն են առ այն, որ Դիմողի ներկայացրած դիմումի առարկան դատարանների կողմից հիշյալ նորմերի կիրառման հիմքերի և կարգի իրավաչափությունն է:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական գանգատարկման շրջանակներում անթույլատրելի է սահմանադրական արդարադատությունը ծառայեցնել եռաստիճան դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգմամբ Դիմողի համար անբարենպաստ հետևանքները չեզոքացնելուն. նման պրակտիկան խեղաթյուրում է սույն ինստիտուտի հիմքում Սահմանադրի դրած իմաստն ու բովանդակությունը՝ ձևախեղելով սահմանադրական արդարադատության բուն առաքելությունը:
Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում վերոհիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ, այն է՝ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով՝ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ռոման Կանդիլյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 285-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
12 մարտի 2024 թվականի
ՍԴԱՈ-41
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-41
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
