Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՍՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՍՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8422 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-84)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 84 | ԱՍՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 սեպտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Ասյա Ղուկասյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ասյա Ղուկասյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հասմիկ Օհնիկյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 8-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, համաձայն որի «ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույք» հասկացությունը նույնացվում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման՝ պետական գրանցման պահի հետ, իսկ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցներով տվյալ գույքի ձեռքբերման արժեքի մարմանն ուղղված մասնակցությունը չի կարող իրավական նշանակություն ունենալ գույքի ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմի որոշման հարցում», ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին և 60-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԱՎԴ4/0045/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ սույն անհատական դիմումի ներկայացման համար հիմք է ծառայել այն, որ իր՝ գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ իր ամուսնու սեփականության իրավունքը ծագել է մինչև իրենց ամուսնության պետական գրանցումը, հետևաբար՝ գույքը չի կարող համարվել ամուսնության ընթացքում ձեռք բերված՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ գույքի ձեռքբերման նպատակով ստանձնված հիփոթեքային վարկային պարտավորությունը շարունակվել է, և վարկը մարվել է նաև ամուսնության ընթացքում՝ ամուսինների ընդհանուր միջոցներով:

Դիմողը գտնում է, որ թեև հիփոթեքային վարկի մարումն ինքնին վարկային պարտավորության կատարում է, սակայն գույքի իրավական ռեժիմը որոշելիս չի կարող զրկվել նշանակությունից, երբ ամուսնության ընթացքում այն իրականացվել է ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին և անմիջականորեն կապված է եղել տվյալ գույքի ձեռքբերման ֆինանսավորման հետ:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթում «ամուսնության ընթացքում» ձևակերպումն ինքնին մատնանշում է ոչ թե մեկ կոնկրետ պահ, այլ որոշակի ժամանակահատված, որը կարող է ընդգրկել ամիսներ կամ տարիներ: Հետևաբար՝ «գույքի ձեռքբերում» ձևակերպումը ևս չի կարող բոլոր դեպքերում մեխանիկորեն նույնացվել մեկ իրավական պահի՝ սեփականության իրավունքի պետական գրանցման հետ: Այդ առումով Դիմողը պնդում է, որ հատկապես հիփոթեքային ֆինանսավորման դեպքում գույքի ձեռքբերումը տնտեսական առումով կարող է լինել շարունակական գործընթաց, որի էական բաղադրիչը գույքի արժեքի վճարումն է: Դիմողը հավելում է, որ այն հանգամանքը, որ գույքի ձեռքբերման արժեքի հետագա մարումները կատարվում են ոչ թե անմիջապես վաճառողին, այլ գնորդի փոխարեն այդ արժեքը վճարած բանկին, չի վերացնում դրանց անմիջական տնտեսական և նպատակային կապը գույքի «ձեռքբերման» հետ:

Դիմողը նշում է, որ նման պայմաններում միայն սեփականության իրավունքի պետական գրանցման պահը որոշիչ համարելը և գույքը ձեռք բերված դիտարկելը, երբ դրա արժեքը վճարվելու է ամուսնության ընթացքում ընդհանուր միջոցներով կատարվող հիփոթեքային մարումների արդյունքում, ինչպես նաև հիփոթեքային վարկի մարումը գույքի ձեռքբերման գործընթացից ամբողջությամբ տարանջատելը հանգեցնում են անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտման:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունն ինքնին թույլ չի տալիս «ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույք» ձևակերպումը նույնացնել միայն այն գույքի հետ, որի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել ամուսնության ընթացքում և որի արժեքն ամբողջությամբ վաճառողին կամ գույքի ձեռքբերումը ֆինանսավորած բանկին (վարկային կազմակերպությանը) դեռևս վճարված չէ: Եթե օրենսդրի նպատակը լիներ համատեղ սեփականության ռեժիմը պայմանավորել բացառապես սեփականության իրավունքի պետական գրանցման պահով՝ վերջինս կարող էր նշվածն ուղղակիորեն ամրագրել համապատասխան ձևակերպմամբ, որը սակայն վիճարկվող դրույթում բացակայում է: Դիմողը գտնում է, որ ««ձեռք բերել» հասկացությանը «սեփականության իրավունքի պետական գրանցում» իմաստ վերագրելը ոչ թե նորմի տառացի մեկնաբանություն է, այլ դրա բովանդակային խեղաթյուրում»:

Դիմողը նշում է նաև. «Տվյալ դեպքում հայցվորի ակնկալիքը չի եղել ապագայում սեփականություն ձեռք բերելու սուբյեկտիվ ենթադրություն: Դրա իրավական հիմքը բխել է հենց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի ձևակեր-պումից, որով «ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի» նկատմամբ սահմանվել է նրանց համատեղ սեփականության իրավական ռեժիմ՝ առանց գույքի «ձեռքբերում» հասկացությունը սեփականության իրավունքի պետական գրանցման պահին նույնացնելու»: Դիմողը պնդում է, որ իր օրինական ակնկալիքի հիմքը կազմել է ոչ թե առանձին վերցված իր փաստացի ներդրումը կամ վիճարկվող դրույթով սահմանված ձևակերպումը, այլ դրանց համակցությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված համատեղ սեփականության ռեժիմը և այդ ռեժիմի պայմաններում ամուսնության ընթացքում գույքի ձեռքբերման արժեքի վճարմանն իրական մասնակցությունը:

Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ «ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույք» ձևակերպումը նույնացվում է բացառապես սեփականության իրավունքի ծագման կամ պետական գրանցման պահի հետ, և որևէ իրավական նշանակություն չի տրվում ամուսնության ընթացքում գույքի ձեռքբերման արժեքի վճարման նպատակով կատարված ներդրումներին, հանգեցնում է ոչ միայն գույքային հարաբերության իրական տնտեսական բովանդակությունն անտեսելուն, այլև օրենքի հիման վրա ձևավորված՝ սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ օրինական ակնկալիքի պաշտպանությունը բացառելուն:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին և 60-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը: Այդ համատեքստում Դիմողը, նշելով, որ վիճարկվող դրույթը՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքին, սակայն բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ նշյալ հիմնական իրավունքի խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։

Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ թիվ ԱՎԴ4/0045/02/24 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2026 թվականի հունվարի 5-ի որոշմամբ արձանագրված է.

«Ամուսնական պայմանագրի բացակայության պայմաններում ամուսնական համատեղ կյանքի ընթացքում գույք ձեռք բերելով՝ այդ գույքը ներառվում է ամուսինների ընդհանուր գույքային զանգվածում: Նախատեսված բացառություններից զատ՝ մնացյալ դեպքերում յուրաքանչյուր գույքի՝ համատեղ սեփականություն հանդիսանալը պայմանավորվում է այդ գույքը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սեփականության իրավունքով ձեռք բերելով: Պարզելու համար գույքի համատեղ սեփականություն հանդիսանալու հանգամանքը պետք է համադրել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման և ամուսնության պահը: Եթե գույքի նկատմամբ սեփականության իրավունքը առաջացել է ավելի վաղ, քան անձինք ամուսնացել են, ապա այդ գույքը չի ներառվում ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի զանգվածի մեջ: Ընդ որում, որևէ իրավական արժևորում չի ստանում գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման եղանակները, դրանց ապագայում՝ ամուսնությունից հետո վճարման ժամանակահատվածը և այլն, կարևոր է միայն գույքի նկատմամբ իրավունքների առաջացման պահը:

(...)

(...) անշարժ գույքը պատասխանող Արման Մանուկյանի կողմից ձեռք է բերվել 09.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի (...) պայմանագրի հիման վրա, իսկ կողմերի միջև ամուսնությունը գրանցվել է 13.05.2008 թվականին, այսինքն՝ վիճելի անշարժ գույքը Արման Մանուկյանի կողմից ձեռք բերվելուց հետո, հետևաբար այն չի կարող համարվել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք:

Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, թե համատեղ ամուսնության ընթացքում բնակարանի հիփոթեքային վարկի ամսական մարումները կատարվել են 2007-2012 թվականներին, այդ թվում՝ ամուսնության ընթացքում (2008-2012 թթ.) ամուսինների ընդհանուր միջոցներով՝ ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը չի կարող համարվել գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը հիմնավորող փաստ, քանի որ վիճելի գույքը ձեռք չի բերվել ամուսնության ընթացքում:

Հիփոթեքային վարկի միջոցով հայցվորը ֆինանսական միջոցներ է ներգրավել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իր պարտավորությունները կատարելու համար, իսկ հիփոթեքով ապահովվել է պարտավորության կատարումը: Պատասխանողի ստանձնած պարտավորությունը որևէ կերպ չի առնչվել հայցվորին, և հայցվորը որևէ կերպ պատասխանատվություն և պարտավորություն չէր կրում պատասխանողի կնքած վարկային պայմանագրով»:

Այսպիսով, սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին:

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի առնչությամբ հարկ է նշել, որ հիշյալ հոդվածն արտացոլված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխի ներքո: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ասյա Ղուկասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Վ. Վարդանյան

22 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-84

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-84
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել