«ՌԱԴԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 48 | «ՌԱԴԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌԱԴԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռադիկ Թորոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռադիկ Թորոսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արայիկ Բրուտյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(…) ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր այնքանով, որքանով վերջնական դատական ակտ կայացրած մարմնին հայեցողություն է տալիս դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթներին հետադարձ ուժ տալու կամ չտալու հարցում»։
2. Ներկայացնելով թիվ ԳԴ4/0063/01/21 քրեական գործի և ԿԴ/0070/15/24 գործի դատավարական նախապատմությունները` Դիմողը նշում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերում օրենսդիրը, սահմանելով, որ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, միաժամանակ, սահմանել է այդ ընդհանուր կանոնից բացառություն, այն է՝ պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ ունենալ չեն կարող: Այսինքն՝ ըստ Դիմողի՝ նման ձևակերպումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ դրա հասցեատերը կարող է ունենալ երկընտրելի որոշում կայացնելու հնարավորություն, այն է՝ պատժի կատարման կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման ընթացքում հետադարձ ուժ տրվի դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթներին:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումների առկայության պայմաններում, իրեն մեղսագրված արարքը կատարելու պահին գործող օրենսդրության պահանջները կատարելու, այն է՝ պատիժը կատարելու համար իրեն ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ տեղաբաշխելու փոխարեն վերջնական դատական ակտ կայացնող մարմինը, հիշյալ կարգավորումը յուրովի մեկնաբանելով, հայեցողական որոշում է կայացրել, ինչը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման:
Դիմողը պնդում է, որ թիվ ԿԴ/0070/15/24 գործի շրջանակներում ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերով իր նկատմամբ փաստացի կիրառվել են ոչ թե արարքը կատարելու ժամանակ գործող օրենքով սահմանված քրեաիրավական հետևանքները, այլ պատիժը կատարելու ժամանակ օրենքով սահմանված քրեաիրավական հետևանքները: Այսինքն՝ ըստ Դիմողի՝ իր նկատմամբ փաստացի կիրառվել են իրավական վիճակը վատթարացնող քրեաիրավական ներգործության այլ միջոցներ, ինչն ուղղակիորեն արգելված է Սահմանադրության 73-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորմամբ:
Դիմողը նշում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուսումնասիրությունից տեսանելի է, որ ՀՀ դատարանները ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի վիճարկվող որոշման դեմ բողոքը մերժելիս հենվել են բացառապես ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման վրա, համաձայն որի՝ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ:
Ըստ Դիմողի՝ ակնհայտ է, որ նման մոտեցում ցուցաբերելով՝ ՀՀ դատարանները բացահայտ անտեսել են անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ չունենալու մասին սահմանադրական սկզբունքը, ինչպես նաև ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերով սահմանված նույնաբովանդակ իրավակարգավորումները:
Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում կայացված վերջնական դատական ակտով իր նկատմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման կիրառմամբ վատթարացել է իր իրավական վիճակը, և ինքը տարիներ շարունակ պատիժ է կրում ոչ թե արարքը կատարելու պահին գործող օրենսդրությամբ սահմանված՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, այլ պատիժը կատարելու պահին գործող օրենսդրությամբ՝ ավելի խիստ՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերը՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 73, 75 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով դրանցով վերջնական դատական ակտ կայացրած մարմնին հայեցողություն է տրվում դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթներին հետադարձ ուժ տալու կամ չտալու հարցում:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթները (սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 1-ին, 3, 6, 61, 63, 73, 75 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
այսպես՝ վիճարկվող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն։
Ստացվում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսդրության կիրառման հարցի առնչությամբ օրենսդրի կամքը հստակ է, այն է՝ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ: Միևնույն ժամանակ, օրենսդիրը նաև նախատեսել է, որ պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն։
Վերոգրյալ հարցի կապակցությամբ թիվ ԿԴ/0070/15/24 գործի շրջանակներում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր՝ 2025 թվականի մարտի 4-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Ռադիկ Թորոսյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի մայիսի 07-ին, փաստացի ի կատար է ածվել 2024 թվականի հունիսի 01-ին, Տեղաբաշխման հանձնաժողովը վիճարկվող որոշումը կայացրել է 2024 թվականի հունիսի 14-ին, այսինքն՝ վերը նշված բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել ՀՀ գործող քրեակատարողական օրենսդրության կիրառելիության ժամանակահատվածում:
Այլ խոսքով, Ռադիկ Թորոսյանի նկատմամբ նշանակված պատժի կատարումը չի սկսվել ՀՀ նախկին քրեակատարողական օրենսգրքի գործողության ժամանակ (իրավահարաբերությունն առաջացել է ՀՀ գործող քրեակատարողական օրենսգրքի գործողության ժամանակ) հետևաբար՝ նոր օրենսդրության հետադարձության խնդիր սույն դեպքում առաջանալ չի կարող»:
Նույն գործի շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանն իր՝ 2025 թվականի մայիսի 29-ի՝ «Հատուկ վերանայման բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ, արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանը իրավացիորեն արձանագրել է, որ պատժի կրման մասով վերը նշված բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել ՀՀ գործող քրեակատարողական օրենսդրության կիրառելիության ժամանակահատվածում, այսինքն՝ Ռադիկ Թորոսյանի նկատմամբ նշանակված պատժի կատարումը չի սկսվել ՀՀ նախկին քրեակատարողական օրենսգրքի գործողության ժամանակ (իրավահարաբերությունն առաջացել է ՀՀ գործող քրեակատարողական օրենսգրքի գործողության ժամանակ) հետևաբար՝ նոր օրենսդրության հետադարձության խնդիր սույն դեպքում առաջանալ չի կարող:
(...)
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Բողոքաբերի փաստարկին առ այն, որ մեղսագրվող արարքը Ռադիկ Թորոսյանը կատարել է 2020 թվականի հունվարի 08-ին, այսինքն՝ Նախկին ՀՀ քրեական օրենսգրքի և Նախկին ՀՀ քրեակատարողական օրենսգրքի գործողության ընթացքում, ապա պետք է արձանագրել, որ պատժի կատարումը կարգավորվում է այն կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, իսկ կատարման պահը սկսվում է հոսել եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու և այն կատարելու կարգադրությունն ստանալու օրվանից հետո, ինչը բխում է օրենսդրական կանոնակարգումներից, և հաշվի առնելով այն փաստը, որ Ռադիկ Թորոսյանի վերաբերյալ նշանակված պատժի կատարումը սկսվել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի պայմաններում, արձանագրում է, որ կոնկրետ դեպքում չի կարող կիրառելի լինել ՀՀ քրեակատարողական նախկին օրենսգիրքը, քանի որ փաստ է, որ Ռադիկ Թորոսյանի նկատմամբ նշանակված պատժի կատարման կարգն ու պայմաններն ի սկզբանե որոշվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի իրավադրույթներին համապատասխան, իսկ բացառապես այն հանգամանքը, որ մեղսագրվող արարքը Ռադիկ Թորոսյանը կատարել է 2020 թվականի հունվարի 08-ին, այսինքն՝ Նախկին ՀՀ քրեական օրենսգրքի և Նախկին ՀՀ քրեակատարողական օրենսգրքի գործողության ընթացքում, բավարար չէ հանգելու հետևության, որ Ռադիկ Թորոսյանի նկատմամբ կիրառելի է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի կարգավորումները»:
Արդյունքում՝ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է Դիմողի՝ դատապարտյալ Ռադիկ Թորոսյանի ներկայացուցիչ Արայիկ Բրուտյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը մերժելու և թիվ ԿԴ/0070/15/24 վարույթով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի մարտի 4-ի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանին, ապա Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 20-ին կայացրել է «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:
Ստացվում է, որ թիվ ԿԴ/0070/15/24 գործի շրջանակներում ՀՀ դատարանները վիճարկվող դրույթներին որևէ նոր մեկնաբանություն չեն տվել, այլ, հաշվի առնելով թիվ ԳԴ4/0063/01/21 քրեական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու (2024 թվականի մայիսի 7), ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշման կայացման (2024 թվականի հունիսի 14) պահերը, եզրահանգել են, որ տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեակատարողական գործող օրենսգիրքը, քանի որ այն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ վերը նշված բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել դրանից հետո: Հետևաբար՝ նման պայմաններում պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթների հետադարձության հարց առաջանալ չէր կարող, քանի որ թիվ ԳԴ4/0063/01/21 քրեական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ նշանակված պատժի կատարման պահին արդեն իսկ շուրջ 2 տարի գործում էր ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61, 63 և 73-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձության արգելքի հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61, 63 և 73-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին, 3 և 6-րդ հոդվածներին, ապա հարկ է արձանագրել, որ դրանք ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը՝ Սահմանադրության 61, 63 և 73-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ռադիկ Թորոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 ապրիլի 2026 թվականի
ՍԴԱՈ-48
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-48
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
