Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՎՈՐԳ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4612 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 46 | ԳԵՎՈՐԳ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Գևորգ Պապյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գևորգ Պապյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Լ. Գրիգորյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 23-ին, որով Դիմողը խնդրել է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածները, և հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 3-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների պահանջները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 5-րդ մասին Դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով գործին մասնակից չդարձված անձի կողմից բողոք բերելու դեպքում եռամսյա ժամկետի սկիզբը չի հաշվարկվում այն պահից, երբ անձի մոտ ծագել է դատարան դիմելու «իրավական շահագրգռվածություն», կամ որ նույնն է՝ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ»:

2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են դատարանների կողմից վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է:

Դիմողը գտնում է, որ թիվ ՍնԴ/0661/04/21 սնանկության գործով դատարանների կողմից տրված մեկնաբանությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձած անձի կողմից բողոք բերելու դեպքում դատարանների կողմից գնահատվում է բողոք բերելու համար սահմանված եռամսյա ժամկետը պահպանված լինելու կամ չլինելու հանգամանքը՝ առանց հաշվի առնելու բողոքաբերի մոտ դատարան դիմելու «իրավական շահագրգռվածության» ծագման պահը:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 5-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է գործին մասնակից չդարձած անձի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավական ինստիտուտի գործառութային առաքելությանը և նպատակին, քանի որ ստացվում է, որ դատարանների կողմից վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված սխալները չեն վերացվում, անօրինական դատական ակտերը շարունակում են գոյություն ունենալ և իրավական հետևանքներ առաջացնել:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը բավարար չափով և հստակությամբ չի ծառայում արդար դատաքննությանը, քանի որ դատական ակտի վերանայման ինստիտուտի ներդրումն ուղղված է սխալ դատական ակտի վերացմանը և անձանց խախտված իրավունքների վերականգնմանը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը դատարանների կողմից այնպիսի մեկնաբանություն է ստացել, որի պայմաններում իրավական անորոշություն է առաջացել, որը հանգեցրել է իր դատական պաշտպանության իրավունքի խախտմանը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է իր սեփականության իրավունքի ոտնահարմանը:

Ամփոփելով՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 1-ին, 3-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների պահանջներն այնքանով, որքանով գործին մասնակից չդարձած անձի կողմից բողոք բերվելու դեպքում եռամսյա ժամկետի սկիզբը չի հաշվարկվում այն պահից, երբ անձի մոտ ծագել է դատարան դիմելու «իրավական շահագրգռվածություն», կամ որ նույնն է՝ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող օրինադրույթի՝ Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դրանք կարող են քննարկման առարկա դառնալ միայն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության սահմանափակման լույսի ներքո: Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ իր հիմնական իրավունքի/ազատության խախտման հանգեցնելը բավարար չափով չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության վերոնշյալ հոդվածներին համապատասխանության հարցի համատեքստում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի քննությունը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գևորգ Պապյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

12 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-46

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-46
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել