ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հունիսի 2018թ. ՍԴԱՈ - 46 | ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով Ելենա Օվսյաննիկովայի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4- րդ մասերի դրույթները, ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ հոդվածներին, 61- րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կա՛մ սխալ է մեկնաբանել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1344 որոշումը, ինչը հանգեցրել է սխալ որոշման կայացման և դիմողի իրավունքների խախտման, կա՛մ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, կա՛մ առկա է օրենսդրական բաց:
Ըստ դիմողի վիճարկվող իրավակարգավորումներից, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունից բխում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները պահպանված չլինելու հիմքով (հատկապես պետական տուրքը վճարված չլինելու և տուրքի մասով արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքով), և վերաքննիչ բողոք բերած անձը որոշել է իրացնել «բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքը, ապա վերջինս ինքնաբերաբար զրկվում է իր բողոքը չբավարարվելու դեպքում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունից (210-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ): Միաժամանակ դիմողը եզրահանգում է, որ «...վերաքննիչ բողոք բերող անձի բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքը նման իրավակարգավորման պայմաններում ձեռք է բերում զուտ պատրանքային բնույթ և խախտվում է այս իրավունքի էությունը: Բողոքն անհիմն վերադարձվելու դեպքում անձն իրականում զրկված է այդ որոշման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ վերջինս պետք է գիտակցի, որ վճռաբեկության կարգով որոշումը բողոքարկելու իրավունքից օգտվելը կարող է ուղղակիորեն զրկել վերջինիս ըստ էության լուծող դատական ակտն առհասարակ վերադաս դատական ատյաններում վիճարկելու հնարավորությունից (վճռաբեկ բողոքի մերժման պարագայում)»: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթները` դրանց տրված մեկնաբանությունների շրջանակներում, ինչպես նաև առկա օրենսդրական բացի և այն լրացնելու իրավական երաշխիքների բացակայության պայմաններում, արգելափակում են անձի վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի արդյունավետ վիճարկման հնարավորությունը զրկելով վերջինիս դատական պաշտպանության և արդար դատաքննության (դատարանի մատչելիության) իրավունքներից:
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա են Սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1290 և 2017 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-1344 որոշումները:
Այսպես, 2016 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2017 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-1344 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Նշյալ որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթի վերաբերյալ արտահայտել է մասնավորապես հետևյալ իրավական դիրքորոշումները.
1. « ... օրենսգրքով սահմանված է վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու իրավական հնարավորություն (օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մաս): Նորմատիվ այսպիսի կարգավորումը նպատակ է հետապնդում ստուգելու վերաքննիչ դատարանի համապատասխան բողոքարկվող ակտի օրինականությունը: Ընդ որում, վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու ժամկետն իրավաչափորեն հաշվարկվում է այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, հանգամանք, որն ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի ապահովմանը` ժամկետի առումով բողոքաբերի համար կանխատեսելի դարձնելով իր դրսևորելիք վարքագիծը: Սակայն նման իրավակարգավորումը չպետք է բացառի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը»:
2. « ... վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո, մի կողմից, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելը և այն կրկին ներկայացնելը և մյուս կողմից` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելն օրենսդրի կողմից անձին տրված հավասարազոր իրավական հնարավորություններ են»:
3. « ...Սահմանադրական դատարանը գտնում է, որ, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ»:
Այսինքն, վերոնշյալ որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը շեշտադրել է այն, որ անձը հնարավորություն է ձեռք բերում Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, վերացնել Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո է մերժում վճռաբեկ բողոքը դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Միաժամանակ, խնդրո առարկա գործի դատավարական նախապատմության, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի 2017 թվականի հուլիսի 17-ի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դատական պրակտիկան զարգացել է խնդրո առարկա դրույթի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին համահունչ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
Ելենա Օվսյաննիկովայի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ընդունումը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
18 հունիսի 2018 թվականի
ՍԴԱՈ-46
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-46
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
