Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6016 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 նոյեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 60 | ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 նոյեմբերի 2020թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Ռոբերտ Սարգսյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռոբերտ Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին) խնդրելով. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում հայցադիմումը մասով վարույթ ընդունելու դատարանի լիազորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63- րդ հոդվածի 1-ին մասի, 75, 78 և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Իր դիրքորոշումը փաստարկելու համար դիմողը վկայակոչում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ Ե-205851/20 գրությունը, որով, ըստ դիմողի, դատավորը հայտնել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ հայցադիմումը մասով վարույթ ընդունելու դատարանի լիազորություն»: Մի կողմից դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմում առկա է իրավական անորոշություն, ինչը կարող է հանգեցնել կամ հանգեցնում է դատարանների կողմից վիճարկվող նորմին տրված տարաբնույթ մեկնաբանությունների, մյուս կողմից կասկած է հայտնում, թե արդյո՞ք վիճարկվող նորմում առկա է օրենքի բաց այն իմաստով, որ նախատեսված չէ հայցադիմումը մասով վարույթ ընդունելու դատարանի լիազորություն:

Դիմողն արձանագրում է, որ դատարան դիմելու անձի իրավունքի իրացման լիարժեք երաշխավորումն անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու առաջնահերթ իրավական նախապայմաններից է: Ի թիվս այլնի այդ հանգամանքով է պայմանավորված վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը, հատկապես, դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում գնահատելը:

3. Ելնելով դիմումի և խնդրո առարկա գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի բովանդակությունն իր արտացոլումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Նշված նորմը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված դրույթին և դրա հիմքում ընկած կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Ըստ այդմ դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

ա) որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,

գ) որի նկատմամբ օրենքի վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

դ) որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառված օրենքի դրույթն իր բովանդակությամբ, ներառյալ իրավակիրառ պրակտիկայում հաղորդած բովանդակությամբ, հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման,

ե) որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ընդ որում, 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նույն իրավական դիրքորոշումն արտահայտված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» 2006թ. հուլիսի 1-ի օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պայմանների առնչությամբ, որոնք իրենց բնույթով համաժեք են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմերին: Դիմումի և սույն գործով դատական ակտերի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը ոչ միայն իրավաբանորեն չի հիմնավորել, թե ինչ անմիջական պատճառահետեվանքային կապ է առկա վիճարկվող նորմի և իր սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտման փաստի միջև, այլև հնարավոր էլ չէ բերելու նման հիմնավորումներ, քանի որ իրականում առկա չէ դիմողի որևէ սահմանադրական իրավունքի, ներառյալ դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների խախտում: Այսպես դիմողը մեկ հայցադիմումով ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել մի քանի հայցապահանջներ պետական տուրքը վճարելով դրանցից մի քանիսի համար: Դատարանը վերադարձրել է հայցադիմումը մատնանշելով բոլոր հայցապահանջների համար առանձին-առանձին պետական տուրք վճարելու անհրաժեշտությունը և ժամանակ տրամադրելով դիմողին հայցադիմումի թերությունները վերացնելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում դիմողը նշել է, որ առաջին ատյանի դատարանը պետք է հայցադիմումը վարույթ ընդուներ այն հայցապահանջների մասով, որոնց առնչությամբ վճարվել է պետական տուրք:

Վերոգրյալից բխում է, որ գործնականում դիմողն իր իրավունքների խախտում չի դիտարկում հայցադիմումը վերադարձնելն այն պահանջների մասով, որով պետական տուրք չի վճարվել: Իսկ ինչ վերաբերում է պահանջների այն մասին, որով պետական տուրք է վճարվել, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ պահանջների մասով հայցադիմումը վերադարձնելն, ինքնին, չի սահմանափակում դիմողի դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, և այդպիսի նպատակ օրենսդիրը չի հետապնդում, քանի որ դատարանն, օրենսդրությանը համահունչ, դիմողին ժամանակ է տրամադրել հայցադիմումի թերությունները շտկելու և այն կրկին անգամ դատարան ներկայացնելու համար: Այսինքն տվյալ պարագայում վիճարկվող նորմը չի հանգեցրել և չէր կարող հանգեցնել դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման, որպիսի պարագայում բացառվում է, ինքնին, իրավունքի խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռոբերտ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

16 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԴԿՈ- 60

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-60
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել