Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՍԵՆ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՍԵՆ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1718 նոյեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 նոյեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 17 | ԱՐՍԵՆ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

18 նոյեմբերի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով քաղաքացի Արսեն Թութունջյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Արսեն Թութունջյանը 2014թ. հոկտեմբերի 30-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածների, 344-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված նորմերը,

իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանմամբ և կիրառմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 8-րդ, 18-19-րդ, 31-րդ, 42-րդ, 83.5-րդ, 91-րդ հոդվածներով սահմանված նորմերի պահանջներին հակասող և անվավեր»:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը չեն կարող ենթարկվել այնպիսի անհամարժեք իրավական մեկնաբանման ու կիրառման, որոնց արդյունքում պետությունը կազատվեր իր հանրային իրավական պարտականությունների կատարումից, իսկ անձը կզրկվեր սեփականության իր իրավունքից:

Ըստ դիմողի` վիճարկվող նորմերի կիրառման արդյունքում ձևավորվող դատաիրավական պրակտիկան լուրջ հարված է հասցնում սահմանադրական կարգին` մասնավորապես, իրավակարգին` ընդհանրապես, քանի որ սեփականատերը զրկվում է սեփականության իր իրավունքից և չի կարողանում իրականացնել իր սեփականության իրավունքի դատական կարգով պաշտպանությունը` հայցային վաղեմության ժամկետները բաց թողնելու հիմքով:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը չեն կիրառվել դիմողի նկատմամբ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

3. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածներին, ապա դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն, դիմողը վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, ըստ որի` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Արսեն Թութունջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

18 նոյեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 նոյեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել