Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴՄԻՏՐԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴՄԻՏՐԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7013 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 70 | ԴՄԻՏՐԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի

դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Դմիտրի Անդրիասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դմիտրի Անդրիասյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ռոբերտ Առաքելյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 6-ին), խնդրել է հետևյալը.

«(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասն իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությամբ, ըստ որի հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված և վարույթ ընդունված հայցի դեպքում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/4641/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասն իրավակիրառ պրակտիկայում ստացել է այնպիսի նորմատիվ բովանդակություն, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես քաղաքացիական դատավարության կարգով հարուցված հայցով և դրա վարույթ ընդունելով։

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված բովանդակությունը չի բխում դրա տեքստից, նպատակից և օրենսդրի կամքից, ինչի արդյունքում ձևավորվել է նորմի նոր կարգավորիչ բովանդակություն՝ սահմանափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, հատկապես տնօրինչականության իրավունքը։

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առնվազն անտրամաբանական է և անհամաչափորեն սահմանափակում է խախտված իրավունքների վերականգնման համար անձի կողմից ընտրված իրավասու դատարանից դատական պաշտպանություն հայցելու իրավունքը, քանի որ չի հետապնդում օրենսդրորեն ամրագրված որևէ նպատակ՝ սահմանափակելով այն անձանց իրավունքները, որոնք իրենց իրավունքները պաշտպանել են այլ դատավարությունների կարգով, հատկապես այն պարագայում, երբ որոշ դեպքերում անձինք իրավաչափորեն հնարավորություն ունեն ընտրելու իրավունքների պաշտպանության այլ տարբերակներ՝ վարչական կամ քրեական դատավարության շրջանակներում, քանի որ կոնկրետ իրավիճակների համար նման իրավունքը սահմանված է օրենքով։

Ըստ Դիմողի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման իրավական հետևանքը պետք է կախված լինի ոչ թե նրանից, թե անձն իր խախտված իրավունքների պաշտպանության համար դատական իշխանության ո՞ր օղակին է դիմել՝ քաղաքացիական, վարչական թե՞ իրավասու այլ դատարան, այլ նրանից, թե արդյո՞ք անձն օրենքով սահմանված կարգով դիմել է, հայց է հարուցել իրավասու դատարան, և տվյալ դատարանն այն ընդունել է վարույթ:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ «հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հայց հարուցելով», հակասում է Սահմանադրությանը, մասնավորապես՝ դրանով ոչ իրավաչափորեն, անհամաչափ սահմանափակվում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված սահմանադրական իրավունքները՝ ուղղակի ազդեցությամբ միջամտելով տնօրինչականության սկզբունքին՝ ոչ համարժեքորեն, առանց անհրաժեշտության «նեղացնելով» դատական կարգով իրավունքների պաշտպանության հնարավոր տարբերակների շրջանակը, որպիսի պայմաններում խախտվում է նաև Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված՝ համաչափության սկզբունքը:

Դիմողը նաև գտնում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն անորոշ է և ողջամիտ չէ այն համատեքստում, թե ի՞նչ հիմքերով են «նեղացվել» դատական պաշտպանության միջոցներն ու եղանակները՝ նկատի ունենալով, որ նորմից ուղղակիորեն բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է բացառապես «իրավասու դատարան» դիմած լինելու և հայցը վարույթ ընդունած լինելու փաստերի միաժամանակյա առկայությունը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/4641/02/24 քաղաքացիական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում արձանագրել, որ սույն թվականի հուլիսի 17-ին դիմողի կողմից ներկայացվել էր ըստ էության նույնաբովանդակ դիմում, որի ընդունումը Սահմանադրական դատարանի դատական կազմի 2026 թվականի հուլիսի 29-ի ՍԴԴԿՈ-61 որոշմամբ մերժվել էր՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու պատճառաբանությամբ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Դմիտրի Անդրիասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Վարդանյան

13 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-70

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-70
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել