Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌԱՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌԱՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5130 սեպտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 51 | ՌԱՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 սեպտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Ռաֆիկ Ղազարյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռաֆիկ Ղազարյանը (ներկայացուցիչ փաստաբան Կարեն Սարդարյան) 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումում խնդրել է. «ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել դիմող Ռաֆիկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ, 289-րդ և 290-րդ հոդվածները, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 45-րդ հոդվածները»:

2. Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին և 75-րդ հոդվածին, որի հետևանքով խախտվել է արդար դատաքննության իր իրավունքը: Դիմողի կարծիքով, Վերաքննիչ դատարանը, անտեսելով օրինական ուժի մեջ մտած նույն գործով Վերաքննիչ դատարանի 2015թ. հոկտեմբերի 6-ի որոշումը և Վարչական դատարանի 2014թ. հունիսի 30-ի վճիռը, կայացրել է այդ ակտերին հակասող որոշում, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել վճռաբեկ բողոքը, ինչով խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը: Դիմողը նաև գտնում է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածին տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով նշված հոդվածով ներդրումն ուշ կատարելու հետևանքները նախատեսված չլինելու պայմաններում դատարաններն իրավաչափ են համարել Ռաֆիկ Ղազարյանի սեփականությունից զրկելու հետևանքի կիրառումը, հակասում է ՀՀ Սահմանադրության 10, 60, 79 և 80-րդ հոդվածներին, ինչի հետևանքով թույլ է տրվել իր հիմնական իրավունքներից սեփականության իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ա) դիմողի գործով դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողի նկատմամբ չեն կիրառվել վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը կիրառվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն, Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է դատական ակտը և հղում չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածին), ինչը հիմք է տալիս արձանագրելու, որ տվյալ հարցերով դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածին, ապա դրա վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2007 թվականի մայիսի 15-ի ՍԴՈ-702 որոշումը,

բ) դիմումի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ, 289-րդ և 290-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 45-րդ հոդվածների վերաբերյալ չի ներկայացրել որևէ հիմնավորված փաստարկ, ինչը հիմք է տալիս արձանագրելու, որ տվյալ դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2, 3 և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռաֆիկ Ղազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

30 սեպտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-51

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-51
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել