ԴԱՎԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ա/1220-2026 ԳՐՈՒԹՅԱՄԲ 28.09.2026Թ. ԹԻՎ 4-123 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-88)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 88 | ԴԱՎԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ա/1220-2026 ԳՐՈՒԹՅԱՄԲ 28.09.2026Թ. ԹԻՎ 4-123 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 6 հոկտեմբերի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Վ. Վարդանյանի
Քննության առնելով Դավիթ Արզումանյանի բողոքը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/1220-2026 գրությամբ 28.09.2026թ. թիվ 4-123 անհատական դիմումը վերադարձնելու վերաբերյալ,
ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դավիթ Արզումանյանի (այսուհետ նաև՝ Դիմող) բողոքը, որով Դիմողը խնդրել է հետևյալը.
«1. Բավարարել սույն բողոքը։
2.
28.09.2026թ. թիվ 4-123 անհատական դիմումը դիտարկել որպես 28.09.2026թ. ներկայացված ինքնուրույն անհատական դիմում, այլ ոչ որպես 31.08.2026թ. ԱԴ-118 դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետից ուշ կատարված համապատասխանեցում կամ վերստին ներկայացում։
3.
28.09.2026թ. թիվ 4-123 անհատական դիմումը մուտքագրել Սահմանադրական դատարան՝ օրենքով սահմանված կարգով նախնական ուսումնասիրության համար»։
2. Սահմանադրական դատարանում գործի նախապատմությունը
Դիմողի կողմից 31.08.2026 թ. Սահմանադրական դատարան է ներկայացվել ԱԴ-118 անհատական դիմումը։ Դիմողը 01.09.2026 թ. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/1109-2026 գրությամբ տեղեկացվել է, որ դիմումին կից պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը պատշաճ չէ, քանի որ պետական տուրքը վճարվել էր 900005016010 հաշվեհամարին, մինչդեռ անհրաժեշտ էր վճարել 900005001608 հաշվեհամարին։ Նշված գրությունը Դիմողը ստացել է 05.09.2026 թ.։ ԱԴ-118 անհատական դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում չի համապատասխանեցվել։
Դիմողը 28.09.2026 թ. կազմել և Սահմանադրական դատարան է ներկայացրել նոր անհատական դիմում։ Նշված դիմումը Սահմանադրական դատարանում համարակալվել է թիվ 4-123 համարով։ Աշխատակազմի ղեկավարը, Ա/1220-2026 գրությամբ հղում կատարելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին, վերադարձրել է ինչպես 31.08.2026 թ. ԱԴ-118 դիմումը, այնպես էլ 28.09.2026 թ. թիվ 4-123 դիմումը և դրանց կից փաստաթղթերը:
05.10.2026 թ. Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի բողոքը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/1220-2026 գրությամբ 28.09.2026 թ. թիվ 4-123 անհատական դիմումը վերադարձնելու կապակցությամբ:
3. Դիմողի փաստարկները
Դիմողը նշում է, որ իր բողոքի առարկան 31.08.2026թ. ԱԴ-118 անհատական դիմումը սահմանված եռօրյա ժամկետում չհամապատասխանեցնելու փաստը չէ։ Դիմողը չի վիճարկում, որ 31.08.2026 թ. ներկայացված ԱԴ-118 անհատական դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 01.09.2026 թ. Ա/1109-2026 գրությունը ստացել է 05.09.2026 թ., և սկզբնական ԱԴ-118 անհատական դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում չի համապատասխանեցվել օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին։ Սույն բողոքի առարկան այլ է՝ 28.09.2026 թ. ներկայացված ինքնուրույն անհատական դիմումը 31.08.2026 թ. ԱԴ-118 անհատական դիմումի՝ 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետից ուշ կատարված «վերստին ներկայացում» որակելու և այդ հիմքով վերադարձնելու իրավաչափությունը։
Դիմողի դիրքորոշմամբ՝ 28.09.2026 թ. թիվ 4-123 անհատական դիմումն իր ձևով, բովանդակությամբ, դրանում ուղղակիորեն մատնանշված իրավական հիմքերով և ներկայացման պահին գոյություն ունեցող իրավական վիճակով հանդիսացել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքում ներկայացված ինքնուրույն նոր անհատական դիմում և ենթակա էր ինքնուրույն գրանցման ու օրենքով նախատեսված կարգով հետագա գնահատման։
4. Ուսումնասիրելով սույն բողոքի վերաբերելի նյութերը, Դիմողի կողմից ներկայացված փաստարկները՝ դատական կազմը գտնում է, որ սույն բողոքը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ՝ անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում 24 ժամվա ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին` սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների այն պահանջների մատնանշմամբ, որոնք պետք է ապահովի դիմողը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո դիմողը դիմումը սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելուց հետո կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ մեկօրյա ժամկետում վերստին ներկայացնել Սահմանադրական դատարան: Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձվում է դիմողին` բողոքարկելու կարգի մասին համապատասխան նշմամբ:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական կարգավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն իրավիճակում Դավիթ Արզումանյանի կողմից 31.08.2026 թ. ներկայացված անհատական դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/1109-2026 գրությամբ օրենքի պահանջներին համապատասխանեցման ուղարկելուց հետո եռօրյա ժամկետում Դիմողի կողմից Սահմանադրական դատարան չի ներկայացվել դիմումի շտկված տարբերակը: Այնինչ, Դիմողի կողմից 28.09.2026 թ. Սահմանադրական դատարան է ներկայացվել նոր անհատական դիմում, որի ձևը համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը՝ գտնում է, որ Դիմողի կողմից 28.09.2026 թ. ներկայացված անհատական դիմումը չի կարող դիտարկվել՝ որպես 31.08.2026 թ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջի խախտմամբ ներկայացված դիմումի վերստին ներկայացում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 1-4 մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը,
ՈՐՈՇԵՑ.
1. Դավիթ Արզումանյանի 05.10.2026 թ. բողոքը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/1220-2026 գրությամբ 28.09.2026 թ. թիվ 4-123 անհատական դիմումը վերադարձնելու դեմ, բավարարել:
2. Դավիթ Արզումանյանի 28.09.2026 թ. անհատական դիմումը մուտքագրել Սահմանադրական դատարան՝ նախնական ուսումնասիրությունն ապահովելու նպատակով:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Վ. Վարդանյան
6 հոկտեմբերի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-88
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-88
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
