ԻՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | ԻՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
11 փետրվարի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղ. Իննա Բաղդասարյանի դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղ. Իննա Բաղդասարյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան խնդրելով. «...ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն այն մասով, որ ինքնաբացարկի որոշումը ենթակա չէ բողոքարկման, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներին հակասող և անվավեր»։
1. Ըստ դիմումի շարադրանքի դիմողը շուրջ 23 տարի աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ում (ՀՀՏԴ), 24.12.2009թ. և 28.12.2009թ. ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և այնուհետ լուծվել է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Աշխատանքում վերականգնվելու հայցով դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2011թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի 07.07.2011թ. որոշումների համաձայն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2000թ. վճիռը բեկանվում է և գործն ուղարկվում է նոր քննության։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դիմողի կողմից ներկայացվել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ, որոնցից մեկը դատարանի 07.12.2011թ. որոշմամբ մերժվել է։ Այդ որոշման դեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքը վերադարձվել։ Այնուհետև, այլ հիմքերով դարձյալ ներկայացվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, որը բավարարվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավորին նույնպես ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել է։ Այդ որոշման դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները վերադարձվել են (համապատասխանաբար 01.10.2012թ. և 31.10.2012թ.)։ Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի 01.10.2012թ. որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը, համաձայն որի դատարանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին։
2. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ ինքնաբացարկի ինստիտուտը կանոնակարգող իրավանորմերի հետ համակարգային փոխկապվածության համատեքստում, քանի որ դիմումատուի համար իրավական հետևանքներ առաջացել են ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման անմիջական բողոքարկման շրջանակներում։ Այս առումով անհրաժեշտ է անդրադառնալ խնդրո առարկա հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-918 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Այսպես, հիշյալ որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով ինքնաբացարկի ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը, արձանագրել է, որ միջազգային փորձի և տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ ինքնաբացարկի որոշումը պարտադիր ենթակա է բողոքարկման, սակայն դրա կարգի և ժամկետների որոշումն օրենսդիր մարմնի հայեցողության հարցն է համարել։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենսդրական կարգավորման պրակտիկայում գերապատվությունը տրվում է ոչ թե ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման անմիջական բողոքարկմանը, որը լուրջ վտանգ կարող է ներկայացնել գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի իրացման հարցում, այլ, այսպես կոչված, «հետաձգված բողոքարկմանը», գործով կայացված որոշման բողոքարկման շրջանակներում դրա քննությանը, որը նույնպես ապահովում է դատարանի իրավազորության երաշխավորման հարցում կողմերի իրավունքների իրացումը։
Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր իրավասության դատարանների կողմից իրացվել են նշյալ խնդրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները։ Հետևաբար, սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթն իր բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում, ակնհայտ անհիմն է։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորում։
Սահմանադրական դատարանի դատական կազմը նաև արձանագրում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության
հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Իննա Բաղդասարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
11 փետրվարի 2013թ.
ՍԴԴԿՈ/1-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
