«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-202)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 սեպտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 202 | «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հունիսի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը:
Դիմողը թիվ ԼԴ/10434/02/23 քաղաքացիական գործով ներկայացված՝ «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).
«Թիվ ԼԴ/10434/02/23 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Սամվել Սարգսի Սահակյանի, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք՝ Սոս Անդրանիկի Հարությունյանի, Հենրիկ Սրապի Սարիբեկյանի, Հովհաննես Կնյազի Մատինյանի և Մարիետա Կիրակոսի Սարբեկյանի ընդդեմ «Վանաձորի բարձր ջերմաստիճանային տաքացուցիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Արմենուհի Սուրենի Քարհանյան, Ֆրունզե Սուրենի Ղարիբյան, Նարինե Ալբերտի Վահանյան, Սուրեն Լևոնի Դանիելյան, Անժելա Վարդգեսի Ադամյան, Սուսաննա Հրայրի Անտոնյան, Ռուբեն Կոլյայի Դալլաքյան, Վահագն Կոլյայի Դալլաքյան, Անահիտ Մնացականի Յոլչյան, Ալվինա Հարությունի Նալբանդյան, Վանիկ Պավելի Մելիքյան, Ռազմիկ Սերգեյի Ամիրյան, Գրետա Աշոտի Ասատրյան, Ելենա Գագիկի Միրզոյան, Վարդուշ Բարմենի Աբրահամյան, Մուկուչ Վոլոդյայի Սահակյան, Գայանե Գուրգենի Ղազարյան, Արաքսի Անուշավանի Ղուկասյան, Լյուդմիլա Ալեքսանդրի Թորոսյան, Սամվել Սաշայի Գրիգորյան, Գևորգ Կարապետի Գևորգյան, Թամարա Լևոնի Կոչկանյան, Վազգեն Տիգրանի Մամաջանյան, Ալբերտ Սմբատի Սադաղյան, Վոլոդյա Արշակի Իսրաելյան, Մովսես Նիկոլայի Խանվելյան և Ռաֆիկ Սայիդի Դանիելյան՝ ընկերության հաշվեկշռից բաժնետիրոջ բաժնետոմսերին համամասնորեն գույք առանձնացնելու և վերջինիս սեփականությանը հանձնելու կամ ընկերությունից առանձնացման տարբերակով նոր ընկերություն ստեղծելու պահանջների մասին, դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համակցությամբ, դրանց պաշտոնական մեկնաբանությամբ և իրավակիրառ պրակտիկայում տրված իմաստով, ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելու հարցով:
(...)»:
2. Ներկայացնելով ԼԴ/10434/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ բաժնետիրական ընկերության վերակազմակերպումը տեղի է ունենում կա՛մ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, այսինքն՝ կամավոր, կա՛մ լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ համապատասխան որոշում ընդունելով, այսինքն՝ հարկադիր եղանակով: Ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք), այնպես էլ կորպորատիվ նշված ոլորտը կարգավորող հատուկ օրենքով՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք), սահմանված չէ որևէ իրավակարգավորում, որ ընկերության մասնակիցն իրավունք ունի դիմելու դատարան՝ ընկերության հարկադիր վերակազմակերպման պահանջով: Այդ լիազորությունն Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերապահված է միայն ընկերության ժողովին: Օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` ժողովի իրավասությանն է պատկանում, ի թիվս այլնի՝ ընկերության վերակազմակերպումը:
Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/5797/02/15 քաղաքացիական գործով 01.08.2016 թ. որոշմամբ արտահայտած դիրքորոշումը՝ Դիմողը նշում է. «(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական կարգով ընկերության բաժանման պահանջի դեպքում առկա է իրավաբանական անձի հարկադիր վերակազմակերպման պահանջ, որն ենթակա է դատարանի քննությանը միայն օրենքով նախատեսված դեպքերում, այսինքն՝ այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով ուղղակիորեն և հստակ ամրագրված է համապատասխան իրավասու անձի՝ տվյալ պահանջով հայց ներկայացնելու իրավունքը կամ տվյալ պահանջը դատարանին քննության ենթակա լինելը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնետիրական ընկերության բաժնետերերն Ընկերության վերակազմակերպման (...) գործընթացի հետ կապված իրենց պահանջները կարող են ներկայացնել օրենքով սահմանված կարգով՝ իրենց իրավասությունների շրջանակում (օրինակ՝ բաժնետերն իրավունք ունի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետով սահմանված կարգով դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով և այլն): Ընդ որում, նշվածը կարող է իրականացվել միայն կամավոր կարգով բաժնետիրական ընկերության վերակազմավորման (...) դեպքերում»:
Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից հետևում է, որ դատական կարգով ընկերությունից առանձնացման հայցի դեպքում առկա է իրավաբանական անձի հարկադիր վերակազմակերպման պահանջ, որը ենթակա է դատարանի քննությանը միայն օրենքով նախատեսված դեպքերում, այսինքն՝ այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով ուղղակիորեն և հստակ ամրագրված է համապատասխան իրավասու անձի՝ տվյալ պահանջով հայց ներկայացնելու իրավունքը կամ տվյալ պահանջը դատարանին քննության ենթակա լինելը:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է. «(...) Օրենսգրքի և Օրենքի վիճարկվող դրույթներն իրենց համակցությամբ, դրանց պաշտոնական մեկնաբանությամբ և իրավակիրառ պրակտիկայում տրված ֆորմալիստական մոտեցումով չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը այն մասով, որ չեն ապահովում մինորիտար բաժնետերերի /որպես սեփականատերերի/ Ընկերության կառավարմանը, գործունեության վրա ազդելու հնարավորությունը, «գույքից անարգել օգտվելու իրավունքը»:
Գործի հանգամանքների նման համակցության պայմաններում Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի՝ և Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների կիրառումը սահմանադրականության և մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ հղում են պարունակում այլ օրենքների՝ հարկադիր վերակազմակերպման դեպքեր սահմանելու հետ կապված, իսկ նման դեպքեր որևէ օրենքով սահմանված չեն»:
3. Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրվել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը:
Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածն ամրագրել է խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական ընթացակարգը:
Վերլուծելով վերոնշյալ կարգավորումները և զարգացնելով Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները (մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-185, 2024 թվականի մարտի 15-ի ՍԴԱՈ-44, 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴԱՈ-195 աշխատակարգային որոշումներ և այլն)՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով՝ դատարանների կողմից սահմանադրական արդարադատություն հայցելու համար անհրաժեշտ է հետևյալ փոխկապակցված նախապայմանների միաժամանակյա առկայությունը.
1) Դիմողը պետք է Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանա դատարան:
2) Դատարանի վարույթում պետք է գտնվի կոնկրետ գործ, որի շրջանակում ծագել է կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարց։
3) Վիճարկվող նորմը պետք է ենթակա լինի կիրառման տվյալ կոնկրետ գործով. հարկավոր է այնպիսի անմիջական իրավական կապի առկայություն՝ վիճարկվող նորմի և կոնկրետ գործի միջև, որի ուժով նորմի կիրառումը տվյալ գործով ոչ թե հնարավոր, այլ անհրաժեշտ է։
4) Գործի (հարցի) լուծումն օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել առանց վիճարկվող նորմի կիրառման: Վերոգրյալը ենթադրում է վիճարկվող նորմի և քննվող գործի (հարցի) միջև պատճառահետևանքային այնպիսի անմիջական կապի առկայություն, որի պայմաններում վիճարկվող նորմը ոչ միայն ենթակա է տվյալ գործի շրջանակներում կիրառման, այլև անհրաժեշտ է դրա լուծման համար որպես conditio sine qua non, իսկ դրա կիրառման բացառումը կդարձնի տվյալ գործի (հարցի) լուծումն անհնարին:
5) Դատարանը պետք է ունենա կիրառման ենթակա վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանը ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ հիմնավոր և իրավաբանորեն փաստարկված ու պատճառաբանված կասկած՝ չսահմանափակվելով սոսկ նորմի բովանդակության նկատմամբ իր սուբյեկտիվ անհամաձայնությամբ կամ դրա կիրառման նպատակահարմարության վերաբերյալ դատողություններով։
Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից սույն սահմանադրական առաքելությունը կարող է կենսագործվել, ի թիվս այլնի, այն պարագայում, երբ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներն ընկալվեն ոչ թե որպես ընթացակարգային, այլ իբրև սահմանադրական արդարադատության հայցումն իմաստավորող ակտեր, որտեղ դատարանն իր ներքին համոզմամբ արձանագրում է վիճարկվող իրավակարգավորման պատճառաբանված անհամատեղելիությունը սահմանադրաիրավական արժեբանության հետ: Այս համատեքստում դիմումի առանցքը, ի թիվս այլնի, կազմում է վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի հիմնավորումը:
Դատարանի` վիճարկվող իրավանորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկածը» չի կարող նույնացվել սուբյեկտիվ ենթադրության կամ ինտուիտիվ անհամաձայնության հետ։ Այն ներկայացնում է իրավաբանորեն կառուցված, հիմնավորված և տրամաբանորեն ձևակերպված դիրքորոշում, որը բխում է սահմանադրական նորմերի համակարգային մեկնաբանությունից, կիրառման ենթակա նորմի բովանդակային վերլուծությունից և դրանց միջև առաջացող հիերարխիկ նորմատիվ կոնֆլիկտի գիտակցված բացահայտումից։ Այս առումով՝ «հիմնավոր կասկածը» հանդես է գալիս որպես սահմանադրական վերահսկողության նախաձեռնման նվազագույն, բայց, միաժամանակ, որակապես բարձր շեմ, որը զատում է սահմանադրաիրավական վեճը զուտ վերացական կամ տեսական հարցադրումներից։ Միայն այդ պարագայում է հնարավոր ապահովել, որ սահմանադրական վերահսկողության մեխանիզմը չվերածվի դատավարական ձևականության, այլ գործի որպես իրավական համակարգի ինքնամաքրող, սահմանադրական արժեքները պաշտպանող և իրավական պետության հիմքերը ամրապնդող կենսունակ ինստիտուտ։
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված՝ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, այդ թվում՝ մեկնաբանման ողջ մեթոդաբանական համալիրի կիրառմամբ, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման նախապայման է:
Սույն մոտեցումից տարբերվող գործելակերպը ենթադրում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական հրամայականի կատարումը:
Անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ այն չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան իրավական հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում Դիմողը, ըստ էության, բարձրացնում է բաժնետիրական ընկերության մասնակցի՝ ընկերության հարկադիր վերակազմակերպման պահանջով դատարան դիմելու անհնարինության սահմանադրականության հարց.
մի կողմից՝ այն պայմաններում, երբ իր վարույթում գտնվող թիվ ԼԴ/10434/02/23 քաղաքացիական գործով արդեն իսկ ներկայացվել է նման հայցապահանջ,
մյուս կողմից՝ ներկայացված դիմումի հիմնավորումներն առավելապես վերաբերում են, ըստ էության, Դիմողի անհամաձայնությանը թիվ ԵԿԴ/5797/02/15 քաղաքացիական գործով 01.08.2016 թ. որոշմամբ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, որի շրջանակներում Վճռաբեկ դատարանը նշել է. «Ի տարբերություն կամավոր կարգի՝ բաժնետիրական ընկերության հարկադիր վերակազմակերպումը տեղի է ունենում դատարանի վճռով՝ բացառապես օրենքով նախատեսված դեպքերում: Ընդ որում՝ դատարանի վճռով հարկադիր վերակազմակերպումն իրականացվում է բացառապես բաժանման կամ առանձնացման ձևերի դեպքում, քանի որ այդ դեպքում հնարավոր է ընկերության գույքային միջոցների նվազեցում: Բացի այդ, բաժանման ձևով վերակազմակերպման արդյունքում վերակազմակերպվող ընկերությունը դադարում է գոյություն ունենալուց, իսկ նրա բոլոր իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծվող ընկերություններին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական կարգով ընկերության բաժանման պահանջի դեպքում առկա է իրավաբանական անձի հարկադիր վերակազմակերպման պահանջ, որը ենթակա է դատարանի քննությանը միայն օրենքով նախատեսված դեպքերում, այսինքն՝ այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով ուղղակիորեն և հստակ ամրագրված է համապատասխան իրավասու անձի՝ տվյալ պահանջով հայց ներկայացնելու իրավունքը կամ տվյալ պահանջը դատարանին քննության ենթակա լինելը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնետիրական ընկերության բաժնետերերն Ընկերության վերակազմակերպման (տվյալ դեպքում՝ բաժանման) գործընթացի հետ կապված իրենց պահանջները կարող են ներկայացնել օրենքով սահմանված կարգով՝ իրենց իրավասությունների շրջանակում (օրինակ՝ բաժնետերն իրավունք ունի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետով սահմանված կարգով դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով և այլն): Ընդ որում, նշվածը կարող է իրականացվել միայն կամավոր կարգով բաժնետիրական ընկերության վերակազմավորման (տվյալ դեպքում բաժանման) դեպքերում:
(...) Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ կամավոր կարգով իրավաբանական անձի վերակազմակերպման համար նախատեսված է հատուկ ընթացակարգ, որը պահպանելու դեպքում միայն Համահայցվորները կարող են դիմել դատարան` բաժանման ձևով Ընկերության վերակազմակերպումն իրականացնելու համար: Հետևաբար, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով չհրավիրելու պայմաններում, Ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցի լուծումը չի կարող իրականացվել դատական կարգով, առանց այդպիսի դեպքն օրենքով նախատեսված լինելու պայմանի»:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ նախ՝ Դիմողը, որպես այդպիսին, բարձրացնում է իր իրավասության հարց՝ կոնկրետ գործի շրջանակներում, մինչդեռ արդեն իսկ քննում է նման հայցապահանջով տվյալ քաղաքացիական գործը, ապա նաև՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց՝ անտեսելով, որ իրավակիրառ պրակտիկայի՝ Սահմանադրությանը համահունչ զարգացումը ներառվում է եռաստիճան դատական համակարգի, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության բովանդակության շրջանակում:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
10 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴԱՈ-202
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-202
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
