ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մարտի 2022թ. ՍԴԴԿՈ - 17 | ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 մարտի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Հայկ Այվազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հայկ Այվազյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 14-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, և մատնանշված թերությունները շտկելուց հետո ներկայացվել է վերստին): Դիմողը խնդրում է. «(...) որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 2-րդ մասը, 158-րդ հոդվածի 5-րդ մասի «... բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները...» և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6, 10, 11, 61, 63, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը նշում է, որ «(…) վիճարկվող դրույթները կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի չի երաշխավորում ՀՀ Սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի որոշումներով և միջազգային իրավունքի Կոնվենցիայով սահմանված և ՄԻԵԴ դատական պրակտիկայով զարգացված իրավունքի կիրառումը, դրանով իսկ հակասության մեջ մտնելով Սահմանադրության հետ։ (...) Եթե վիճարկվող կարգավորման նպատակը եղել է վերը բերված իրավունքի (դատարանի մատչելիության) (ազգային և միջազգային) երաշխավորումը, ապա այն փաստացի իր կարգավորումներով ձախողել է սահմանել այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Փաստացի Դիմողն իրականացրել է օրենքով նախատեսված այն գործողությունները որոնք դատարանի մատչելիության իրավունքի իրականացման պայմաններն են, սակայն հետագայում պարզվել է (դատական ակտով և գործի նյութերի հետազոտմամբ), որ վճռաբեկ դատարանն անտեսել է այդ գործողությունները և էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերը հանգեցնելով դատարանի մատչելիության իրավունքի իրականացման համար անհաղթահարելի խոչընդոտ։ (…) Վիճարկվող օրենքների դրույթները կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 1, 3, 5, 6, 61, 63, 75, 78, 79, 80, 81 հոդվածներին քանի որ չի երաշխավորում և ապահովում Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի (...) որոշումներով սահմանված սկզբունքներն ու իրավունքները։ (…) ողջ վերոգրյալը վկայում է նաև այն, որ վիճարկվող կարգավորումները չեն համապատասխանում նաև իրավական որոշակիության սկզբունքին։ (…) Իրավակիրառ պրակտիկայում, վերը քննարկված օրենքների դրույթները կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է մի իրավիճակի որում դատարանները, ունենալով պարտականություն ընդունելու էլեկտրոնային ստորագրությամբ վավերացրած և էլեկտրոնային եղանակով ուղարկված դատավարական փաստաթղթերը, սակայն որոշ դեպքերում կամայականորեն հաշվի չեն առնում դրանք։ (...) Բացի դրանից, մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա իրավիճակում, հիմք ընդունելով վարչական դատավարության մասին օրենսգիրքը և ՍԴ վերը մեջբերված որոշումները պետք է վերադարձներ բողոքը տալով հնարավորություն այն կրկին ներկայացնելու, սակայն իր կողմից տրված մեկնաբանության կիրառմամբ որոշել է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է առանց քննության թողնելու»։ Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի առջև դիմողը բարձրացնում է հետևյալ հարցը արդյոք վճռաբեկ բողոքին կից դատավարության կողմերին և վիճարկվող ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցը կցելը համապատասխանում է և համաչափ կառուցակարգ է և համաչափորեն է սահմանափակում անձի դատարանի մատչելիության իրավունքն այն պարագայում, երբ ինքնին վճռաբեկ բողոք ներկայացնելը կողմերին կամ ակտը կայացրած դատարանին ուղարկելը որևէ իրավունք կամ պարտականություն չի ստեղծում նրանց համար։ Դիմողը գտնում է, որ միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պարագայում է, որ կողմերը դիրքորոշում ներկայացնելու իրական իրավունք և հնարավորություն են ստանում։ Ինչ վերաբերում է ակտը կայացրած դատարանին, ապա, ըստ դիմողի, միակ պարտականությունը, որն այն ունի գործը Վճռաբեկ դատարան ուղարկելն է, ինչն իրականացվում է Վճռաբեկ դատարանի համապատասխան պահանջ-գրության հիման վրա։ Ուստի դիմողը գտնում է, որ նման կառուցակարգով անձի դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը հակասում է Սահմանադրությանը։
3. Քննության առնելով դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով դիմողի գույքային դրությունը, դրանով պայմանավորված սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի միջնորդությունը ենթակա է բավարարման։
4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը, վերջինիս կից ներկայացված և վերաբերելի դատական ակտերը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պարտավոր է հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման բոլոր կամ վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցերը, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցը: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՎԴ/3417/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2021 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ և, վիճարկելով խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Այսպես դիմողը նշել է. (…) վերը քննարկված օրենքների դրույթները կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է մի իրավիճակի որում դատարանները ունենալով պարտականություն ընդունելու էլեկտրոնային ստորագրությամբ վավերացրած և էլեկտրոնային եղանակով ուղարկված դատավարական փաստաթղթերը, սակայն որոշ դեպքերում կամայականորեն հաշվի չեն առնում դրանք: (...) Բացի դրանից, մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա իրավիճակում, հիմք ընդունելով վարչական դատավարության մասին օրենսգիրքը և ՍԴ վերը մեջբերված որոշումները պետք է վերադարձներ բողոքը տալով հնարավորություն այն կրկին ներկայացնելու, սակայն իր կողմից տրված մեկնաբանության կիրառմամբ որոշել է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է առանց քննության թողնելու»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից իրականում բարձրացվում է Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հայկ Այվազյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Վ. Գրիգորյան
18 մարտի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
