«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 ապրիլի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
4 ապրիլի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի մարտի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «որոշել ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, ինչպես նաև 117-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի ՀՀ Սահմանադրության 42-րդ, 31-րդ, 34-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը փաստում է, որ սույն գործով դատարանների կողմից վկայակոչված` ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերը, ինչպես նաև 117-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերն իր նկատմամբ կիրառվել են այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` հիշատակված դրույթները սահմանափակում են դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգման քննության բանավոր փուլի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո կայացված քվեարկության արդյունքների (մասնավորապես, թե հավակնորդներից յուրաքանչյուրը քանի կողմ և քանի դեմ ձայն է ստացել) տրամադրման հնարավորությունը և/կամ դրանց հանրային մատչելիությունը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները` իրենց բովանդակությամբ պայմանավորված անորոշությամբ, իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել են այնպիսի մեկնաբանության ու կիրառման, որ խախտել են անձի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը, քանի որ համապատասխան տեղեկատվության հրապարակման ուղղակի արգելք կամ սահմանափակում, ինչպես նաև այս տեղեկատվություններն ստանալու բացառիկ իրավասություն սահմանված չլինելու պայմաններում այն բխեցվել է վիճարկվող դրույթների անորոշ կարգավորումներից (որոնք հնարավորություն են տվել նման հայեցողության կիրառման):
2. ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, 117- րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դիմումը նշյալ դրույթների մասով ակնհայտ անհիմն է:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Այսինքն` վերոշարադրյալի համատեքստում կարելի է առանձնացնել հետևյալ երեք չափորոշիչները, որոնց միաժամանակյա առկայությունն անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված` մերժման վերոնշյալ հիմքը բացառելու համար.
• անհատական դիմումը պետք է պարունակի դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմի հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ, հիմնավորումներ,
• դիմողը պետք է մատնանշի սահմանադրական այն իրավունքները, որոնք խախտվել են վիճարկվող իրավական դրույթի կիրառման արդյունքում,
• դիմողը պետք է ցույց տա պատճառահետևանքային կապն առ այն, որ իր իրավունքների խախտման փաստը պայմանավորված է իր կողմից վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմին հաղորդված ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ:
Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն վերոնշյալ դրույթների մասով չի բավարարում վերոշարադրյալ պահանջները:
3. ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշյալ դրույթի մասով առկա չէ դիմումի քննությունը մերժելու հիմք, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Դիմողը ներկայացրել է պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 31-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7- րդ մասով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, 117-րդ հոդվածի 4-րդ մասի մասով մերժել:
2. «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
3. Բավարարել «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
4 ապրիլի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
