Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 382-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ «ԱՅԼ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ» ԻՐԱՎԱԿԱՆ ԵԶՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 382-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ «ԱՅԼ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ» ԻՐԱՎԱԿԱՆ ԵԶՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3718 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 ապրիլի 2023թ. ՍԴԱՈ - 37 | ««ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 382-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ «ԱՅԼ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ» ԻՐԱՎԱԿԱՆ ԵԶՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 382-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՅԼ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ» ԻՐԱՎԱԿԱՆ ԵԶՐՈՒՅԹԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Ինեկոբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում նշված` այլ անբարենպաստ հետևանքներ» իրավական եզրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի մարտի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ինեկոբանկ» ՓԲԸ (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում նշված այլ անբարենպաստ հետևանքներ» իրավական եզրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործի

դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել Սնանկության դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված, Սնանկության դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի վճռով և Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ անմիջականորեն վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետը:

Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական որոշակիության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ Դիմողը փաստում է, որ դրանք համադրելով սույն դիմումով վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորման հետ գտնում է, որ տվյալ իրավակարգավորման մեջ տեղ գտած կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ» եզրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին, քանի որ նորմը դուրս է գալիս կանխատեսելիության, հստակության և որոշակիության չափանիշներից այնքանով, որքանով իրավահարաբերության կրողներին հնարավորություն չի ընձեռում կանխատեսելու, թե հատկապես ինչպիսի՞ հետևանքների առաջացման պայմաններում կարելի է եզրահանգել, որ երաշխավորի համար առաջացել են այլ անբարենպաստ հետևանքներ: Ըստ Դիմողի հատկանշական է, որ «նորմը նախատեսում է երաշխավորությունն օրենքի ուժով դադարած համարելու հստակ չափանիշ առանց երաշխավորի գրավոր համաձայնության պարտավորության փոփոխությունը, դա պայմանավորելով մի դեպքում հստակ հետևանքով (հանգեցրել է երաշխավորի պատասխանատվության մեծացման), իսկ որպես հաջորդ հետևանք, որը կապված չէ պատասխանատվության մեծացման հետ, օրենքով տրվել է այլ անբարենպաստ հետևանք» առաջացնելու անորոշ եզրույթը»:

Դիմողն ընդգծում է, որ անբարենպաստ հետևանքներ» եզրույթի բովանդակային վերլուծությունից կարելի է ենթադրել, որ անբարենպաստ հետևանքների առաջացումն այնպիսի իրավիճակ է, որի առաջացման ուժով անբարենպաստ հետևանքի կրողը հայտնվում է նախորդ դրության համեմատ ոչ նպաստավոր իրավիճակում: Մինչդեռ, Դիմողի պնդմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նման հասկացության զետեղումը չի կարող համարվել արդարացված հատկապես այն հիմնավորմամբ, որ անբարենպաստ հետևանքներ» եզրույթն ունի գնահատողական չափազանց բարձր մակարդակ: Ըստ Դիմողի օրենքում անբարենպաստ հետևանք» հասկացությունը կարող է մեկնաբանվել և ընկալվել յուրովի, և հասկացության բովանդակությունը բացահայտված չլինելու արդյունքում երաշխավորությամբ ապահովված պարտատերերը չեն կարող բավարար չափով հստակ կանխատեսել, թե հատկապես իրենց ո՞ր գործողությունները կարող են երաշխավորի համար առաջացնել անբարենպաստ հետևանքներ, և հատկապես ո՞ր դեպքերում երաշխավորությունը կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով համարվել դադարած:

Դիմողը փաստում է, որ անբարենպաստ հետևանք» եզրույթի բովանդակային վերլուծության արդյունքում առաջնային է դառնում նաև այն հարցի քննարկումը, թե հատկապես ի՞նչ աստիճանի բացասական հետևանքների առաջացմամբ պայմանավորված երաշխավորությունը կարող է դադարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով: Դիմողի պնդմամբ խնդրո առարկա հոդվածում նման ձևակերպման պարագայում հնարավոր չէ կանխատեսել բացասական հետևանքների առաջացման բնույթի աստիճանը, որը կարող է հանգեցնել երաշխավորության դադարման:

Դիմողը նշում է. Խնդիրը կայանում է նրանում, որ այլ անբարենպաստ հետևանք» եզրույթի ձևակերպումից հնարավոր չէ հասկանալ օրենսդրի կամքը, թե արդյոք ցանկացած տեսակի անբարենպաստ հետևանքի առաջացումը կարող է հանգեցնել երաշխավորության պայմանագրի դադարման ակամա այն հանգամանքից անբարենպաստ հետևանքի առաջացումը կրում է զուտ ձևական բնույթ, թե բովանդակային առումով երաշխավորը հայտնվել է նախորդ դրության հետ համեմատ առավել նվազ իրավիճակում»:

Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ Բարձր դատարանի կողմից անբարենպաստ հետևանք» եզրույթի վերաբերյալ տրված իրավական դիրքորոշումը կարող է նախադեպային հենք հանդիսանալ ինչպես իրավահարաբերության սուբյեկտների, այնպես էլ դատական համակարգի համար նշված հասկացության մեկնաբանման համար և հնարավորություն ընձեռել խուսափելու կամայական մեկնաբանություններից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Մինչդեռ, սույն դիմումով Դիմողը սահմանափակվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում առկա այլ անբարենպաստ հետևանքներ» իրավական եզրույթի Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդման վկայակոչմամբ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և Սահմանադրության համապատասխան հոդվածի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում վիճարկվող դրույթի միայն Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքին հակասելու վերաբերյալ պնդման վկայակոչումն ինքնին բավարար չէ Սահմանադրական դատարանում տվյալ դիմումի ընդունելիության շեմը հաղթահարելու համար, քանի որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման պարագայում դրա հիմքերի և ծավալի սահմանման բավարար չափով որոշակիության երաշխավորում այդ իրավունքների և ազատությունների կրողների և հասցեատերերի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունն ապահովելու նպատակով: Հետևաբար նման պարագայում նախ անհրաժեշտ է հիմնավորել որևէ հիմնական իրավունքի սահմանափակման փաստը և միայն դրանից հետո այդ սահմանափակման լույսի ներքո քննարկման առարկա դարձնել իրավական որոշակիության սկզբունքի ապահովման հարցը, ինչը սույն դիմումի շրջանակներում տեղ չի գտել:

Իրավական որոշակիության սկզբունքի առնչությամբ հարկ է նաև նշել, որ Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներով (ՍԴՈ-630, ՍԴՈ-731, ՍԴՈ- 753, ՍԴՈ-984, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 և այլն) անդրադարձել է տվյալ սկզբունքին` արձանագրելով հետևյալը.

«...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630), «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753),

«…իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (ՍԴՈ-1176), «Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման

շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (ՍԴՈ-1213),

«Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (ՍԴՈ-1270),

«…իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին» (ՍԴՈ-1270):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր վճիռներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն տա կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր տվյալ գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ: Թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004):

Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում տեղ գտած` «այլ անբարենպաստ հետևանքներ» ձևակերպման կիրառումը և դրա իրավաչափությունը ենթակա են գնահատման յուրաքանչյուր կոնկրետ գործով ելնելով տվյալ գործի առանձնահատկություններից, փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Այսպիսով, սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի, մասնավորապես, դրանում նշված` այլ անբարենպաստ հետևանքներ» իրավական եզրույթի հակասությունը Սահմանադրությամբ երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության: Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի` սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5- րդ մասի հիման վրա դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ 3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ.

հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի` տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Մինչդեռ, սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Այսպես` դիմումին կից ներկայացված թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ այս պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի, մասնավորապես, դրանում նշված` այլ անբարենպաստ հետևանքներ» իրավական եզրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Քննարկվող համատեքստում կարևոր է վկայակոչել Դիմողի ներկայացրած հետևյալ դիրքորոշումը. Հատկանշական է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի սահմանադրական պարտականությունն է հանդիսանում նաև իրավական եզրույթների մեկնաբանման միջոցով իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը: Հաշվի առնելով ՀՀ դատական իշխանության համակարգում Վճռաբեկ դատարանի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղը և դերը խնդրի առավել կանոնակարգված և կանխատեսելի լուծումը կարող էր իրականացվել նաև Վճռաբեկ դատարանի կողմից կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ» եզրույթի ընկալման չափանիշների վերաբերյալ նախադեպային որոշման շրջանակներում (...)»:

Դիմողը նաև նշել է. (...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ» անորոշ եզրույթի ձևակերպումը իրավակիրառ պրակտիկայում տեղիք է տալիս կամայական և տարածական մեկնաբանության, ինչի արդյունքում կամայական մեկնաբանությունը գործնականում կարող է ստեղծել միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման վտանգ: Նշված կամայական մեկնաբանման վտանգը հաղթահարված չէ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման շրջանակներում, քանի որ ՀՀ Վճռաբեկ դատարանը ձեռնպահ է մնացել այլ անբարենպաստ հետևանքներ» եզրույթի էությունը բացահայտելուն ուղղված նախադեպային որոշում կայացնելուց, որով էլ պայմանավորված Բանկը դիմում է Բարձր դատարանին վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասում նշված այլ անբարենպաստ հետևանքներ» եզրույթը ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով»:

Ինչպես ակնհայտ է Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումներից վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես` Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների, մասնավորապես, Սնանկության դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այս առումով կարևոր է արձանագրել, որ Դիմողի համար անբարենպաստ իրավական հետևանքներ են առաջացել հենց թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 20-ին կայացված վճռի և Վճռաբեկ դատարանի կողմից 2022 թվականի նոյեմբերի 18-ին կայացված որոշման հետևանքով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիմքում ընկած է թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման իրավաչափության հարցը, որը Դիմողը քողարկել է ձևականորեն նշված դրույթի սահմանադրականությունը վիճարկելու միջոցով:

Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ««Ինեկոբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում նշված` այլ անբարենպաստ հետևանքներ» իրավական եզրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

18 ապրիլի 2023 թվականի

ՍԴԱՈ-37

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-37
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել