«ՖԵԼԻՔՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-132)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 132 | «ՖԵԼԻՔՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՖԵԼԻՔՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ֆելիքս Գևորգյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ֆելիքս Գևորգյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հուլիսի 29-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 61 (1-ին մաս), 62 (1-ին մաս) և 75, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը՝ պետական և ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու բացարձակ իրավունքները խախտելու դիմաց վնասի հատուցման իրավունքի իրացման համար հայցային վաղեմության ժամկետով դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու մասով,
և/կամ
(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 61 (1-ին մաս), 62 (1-ին մաս) և 75, 78, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը՝ պետական և ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու բացարձակ իրավունքները խախտելու դիմաց վնասի հատուցման իրավունքի իրացման համար ընդհանուր հայցային վաղեմության ժամկետից երեք անգամ կարճ՝ մեկ տարով, դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու մասով»:
2. Ըստ Դիմողի՝ ապօրինի ձերբակալման կամ կալանավորման, ապօրինի դատապարտման դիմաց ֆինանսական փոխհատուցում ստանալու իրավունքը բացարձակ իրավունք է: Բացարձակ իրավունք է նաև, ի թիվս այլնի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հետևանքով պատճառված վնասի դիմաց ֆինանսական հատուցում ստանալու իրավունքը:
Դիմողը գտնում է, որ արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, և որ բացարձակ իրավունքը ենթակա է բացարձակ պաշտպանության: Այնինչ օրենսդիրը, սահմանելով հայցային վաղեմության մեկ տարվա ժամկետ վնասի հատուցման իրավունքն իրացնելու համար, զրկում է անձի վնասի փոխհատուցման իրավունքը իրացվելիության և պետական հարկադրանքով պաշտպանված լինելու հատկությունից:
Ելնելով վերոգրյալից՝ Դիմողը նշում է, որ մարդու բացարձակ իրավունքների, այդ թվում՝ ապօրինի ձերբակալման կամ կալանավորման, ապօրինի դատապարտման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հետևանքով պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու իրավունքներն ապահովելը պետության բացարձակ պարտականությունն է, «ուստիև այդ պարտականության չկատարումը վնասի հատուցման իրավունքի շարունակական խախտում է, որի պահանջը չունի վաղեմության ժամկետ», և օրենսդրի կողմից դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը հակասում է Սահմանադրությանը։
Միաժամանակ Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 9-րդ մասով սահմանված` ընդհանուր երեք տարի հայցային վաղեմության ժամկետից երեք անգամ կարճ՝ մեկ տարվա ժամկետով, սահմանափակելը, հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով ամրագրված՝ համաչափության և որոշակիության սկզբունքներին։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:
Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի ընդունելիության հարցի առնչությամբ վերոհիշյալ կարգավորումները սույն գործի նյութերի հետ համադրելով՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթի առնչությամբ տվյալ դիմումով առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 16-ի ՍԴՈ-1545 որոշումը: Մասնավորապես՝ տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ արձանագրել է հետևյալը.
«Օրենսդիրը հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար սահմանել է ընդհանուր ժամկետի համեմատ ավելի կարճ՝ մեկամյա հատուկ ժամկետ: (...)
(...)
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու համար սահմանված մեկամյա ժամկետի հաշվարկը սկսվում է որոշակի հանգամանքների մասին հատուցում պահանջող անձին հայտնի դառնալուց հետո, նման պահանջ ձևակերպելու և դատարան ներկայացնելու համար նախատեսված ժամկետը ողջամիտ է»:
Միաժամանակ, տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) վիճարկվող դրույթով դատարանին ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկամյա հատուկ ժամկետ սահմանելը չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` վնասի հատուցման, դատական պաշտպանության հիմնական իրավունքների, ինչպես նաև դրանցից ածանցվող՝ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացման համար Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտում»: Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Այսպիսով՝ Դիմողի կողմից բարձրացված հարցը նույնանում է վերը նշված որոշմամբ քննված հարցի հետ, հետևաբար սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ֆելիքս Գևորգյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-132
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-132
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
