Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-9628 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-96)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 96 | ԴԱՎԻԹ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան 28 հոկտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Վ. Վարդանյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Դավիթ Մուսայելյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դավիթ Մուսայելյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հոկտեմբերի 19-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենս-գրքում փոփոխություններ կատարելու մասին» 03.07.2026 թվականի թիվ ՀՕ-398-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, ճանաչել Սահմանադրության 4-րդ, 162-րդ, 61-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

(...) Կասեցնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 03.07.2026 թվականի թիվ ՀՕ-398-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/15887/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-398-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրությանը և կոպտորեն խախտում է դրանով ամրագրված մի շարք երաշխիքներ, մասնավորապես, վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 4, 61, 79 և 162-րդ հոդվածներին:

Դիմողը գտնում է, որ «(...) Օրենքը, որի կիրառությունը տարածվում է մինչ դրա ընդունումը կայացրած դատական ակտերի նկատմամբ, ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջին: Մասնավորապես, Օրենքը տարածվում է այն հայցի ապահովման միջոցների վրա, որոնք կիրառվել են մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը»:

Ըստ Դիմողի՝ «Տվյալ դեպքում, մինչ Օրենքի ընդունումը Հայցվորի միջնորդու-թյունը բավարարվել է և կիրառվել է հայցի ապահովման միջոց, հետևաբար վերջինս ուներ իրավաչափ ակնկալիք, որ այն չի կարող փոփոխվել/վերացվել այլ կերպ քան նախատեսված է այդ պահին գործող դատավարական օրենքով: Մինչդեռ, տվյալ դեպքում կատարվել է օրենսդիր իշխանության միջամտություն, որը նախատեսում է նախկինում ընդունված դատական ակտերի վերացում, խախտելով անձի իրավական որոշակիության և իրավաչափ ակնկալիքի սկզբունքները»:

Դիմողը նաև նշում է, որ «(...) Օրենքը կոպտորեն ոտնահարում է Հայցվորի արդար դատաքննության իրավունքը»:

Դիմողը գտնում է, որ «(...) հայցի ապահովման միջոցը կոչված է ապահովելու դատական ակտի կատարումը, ինչը կբացառվի հայցի ապահովման միջոցի վերացման դեպքում, իսկ սույն գործի քննությունը այլևս կդառնա իմաստազուրկ: Մասնավորապես, ինքնակամ կառույցի քանդման դեպքում դրանց օրինականացման վերաբերյալ հայցվող վարչական ակտ պարզապես չի կարող ընդունվել, այն պարզ պատճառաբանությամբ, որ այլևս ինքնակամ կառույցներ գոյություն չեն ունենա, ինչն իր հերթին կնշանակի, որ գործը կդառնա առարկայազուրկ: Նշվածից հետևում է, որ Օրենքի գործողությունը կհանգեցնի Հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 61) և միջազգային պայմանագրերով (ՄԻԵԿ 6-րդ հոդված) երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտմանը՝ քանի որ կիմաստազրկվի Հայցվորի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը»:

Դիմողը պնդում է, որ նշվածն ուղղակի միջամտություն է դատական իշխանության կողմից արդարադատության իրականացմանը, քանի որ օրենսդիրը, լիազորված լինելով ընդունելու վարքագծի պարտադիր կանոններ սահմանող օրենսդրական ակտեր, այնուամենայնիվ, իրավասու չէ օրենքի ընդունմամբ ուղղակիորեն դադարեցնել կոնկրետ գործով դատարանի կողմից արդեն իսկ կայացված դատական ակտերը: Դիմողը նաև նշում է, որ նշվածը հանգեցնում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև դատական ակտերի պարտադիրության և իրավական որոշակիության սկզբունքների խախտման:

Դիմողը սույն անհատական դիմումով ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ՝ համապատասխան որոշմամբ կասեցնել վիճարկվող դրույթի գործողությունը, քանի որ հակառակ պարագայում իր համար կառաջանան անդառնալի և ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ այս առումով Դիմողը նշել է. «(...) տվյալ դեպքում դատական գործը վերաբերում է ինքնակամ կառույցի օրինականացմանը: Հայցի ապահովման միջոցի վերացման դեպքում դրանց օրինականացման վերաբերյալ հայցվող վարչական ակտ պարզապես չի կարող ընդունվել, այն պարզ պատճառաբանությամբ, որ այլևս ինքնակամ կառույցներ գոյություն չեն ունենա, ինչն իր հերթին կնշանակի, որ գործը կդառնա առարկայազուրկ: Նշվածից հետևում է, որ Օրենքի գործողությունը չկասեցնելը կհանգեցնի Հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 61) և միջազգային պայմանագրերով (ՄԻԵԿ 6-րդ հոդված) երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտմանը»:

3. Ուսումնասիրելով Դիմումը, դիմումին կից ներկայացված դատական ակտը և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-398-Ն օրենքը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը սույն դիմումի առնչությամբ նախ կարևորում է մի շարք հարցերի պարզաբանում: Այսպես՝

ա) Դիմողն իր անհատական դիմումով վիճարկվող դրույթը վկայակոչելիս, որպես տվյալ դրույթն ամրագրող օրենք, վկայակոչել է «Հայաստանի Հանրապետու-թյան վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-398-Ն օրենքը, սակայն, ըստ էության, նկատի ունի «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-398-Ն օրենքը (այսուհետ նաև՝ ՀՕ- 398-Ն օրենք), և որ՝

բ) Դիմողը սույն անհատական դիմումի խնդրամասում չի վկայակոչել, սակայն դիմումի հիմնավորումներով անդրադարձել է նաև վիճարկվող դրույթի՝ Սահմա-նադրության 63 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցին՝ վկայակոչելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից իրավական դիրքորոշումներ, և որ՝

գ) ներկայացված դիմումով պահպանվել է անհատական դիմումի համար պարտադիր համարվող՝ ներպետական դատական պաշտպանության սպառված լինելու պահանջը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ սույն անհատական դիմումի, ինչպես նաև կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով պարզվում է, որ Դիմողի կողմից խնդրո առարկա իրավական հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելը և այդ համատեքստում որպես վերջնական դատական ակտ Վարչական դատարանի՝ հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած և բողոքարկման ոչ ենթակա՝ «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վկայակոչելն ու ներկայացնելը պայմանավորված են խնդրո առարկա իրավական հարցի առնչությամբ ներպետական դատական պաշտպանության արդյունավետ այլ միջոցների բացակայությամբ, և որ՝

դ) Դիմողի համար համապատասխան անբարենպաստ իրավական հետևանքն առաջացել է անմիջականորեն՝ վերաբերելի օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ՀՕ-398-Ն օրենքով խնդրո առարկա իրավակարգավորման նախատեսման և վիճարկվող դրույթով դրան, ըստ էության, հետադարձ ուժ հաղորդելու պայմաններում:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ գործի նյութերից պարզ է դառնում, որ Դիմողը թիվ ՎԴ/15887/05/25 վարչական գործի շրջանակում ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, որը Վարչական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ բավարարվել է՝ Երևանի քաղաքապետարանին արգելվել է ապամոնտաժել համապատասխան հասցեում գտնվող ինքնակամ կառույցը:

Մինչդեռ վիճարկվող դրույթով ամրագրվել է, որ «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնք հանգեցրել են համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդումը (ապամոնտաժումը) արգելելուն, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած, (…)»:

Հետևաբար՝ վիճարկվող դրույթը խնդրահարույց կարող է լինել Սահմա-նադրության 61, 63, 73 և 79-րդ հոդվածների սահմանադրականության տեսանկյունից:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն՝ «Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, ինչպես նաև Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները»:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախա-տեսված հիմքերը՝ նկատի ունենալով, որ՝

ա) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

բ) Դիմողն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

- Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

- Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

- Դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

ե) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

զ) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից ներկայացված՝ նշված հարցին առնչվող դիմումը ենթակա է Սահմանադրական դատարանի քննությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Դավիթ Մուսայելյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրա-պետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 03.07.2026 թվականի թիվ ՀՕ-398-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Վ. Վարդանյան

Ա. Վաղարշյան

28 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-96

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-96
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել