ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հուլիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 45 | ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 հուլիսի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Ռաֆիկ Մելքոնյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռաֆիկ Մելքոնյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 13-ին) խնդրելով. «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 145 հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 4-րդ, 162-րդ, 164-րդ հոդվածներին հակասող այն մասով, որ մասով ՀՀ Արդարադատության նախարարին /լիազոր մարմնին/ վերապահված է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն»:
2. Դիմողը, որն իր նկատմամբ 2021 թվականի մայիսի 6-ի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-08 որոշմամբ կարգապահական պատասխանատվության մասին որոշմամբ նկարագրված փաստակազմով պաշտոնավարել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում, նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 6-ի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-08 որոշմամբ իր նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Ռ․ Մելքոնյանի կարծիքով, գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը գործի են դրել մի կառուցակարգ, որը հետապնդում է առաջին ատյանի դատարանների քրեական գործեր քննող դատավորների գործունեությունը գործադիր իշխանության կողմից վերահսկելի դարձնելու նպատակ, և այդ կառուցակարգի օրենսդրական հիմքը արդարադատության նախարարի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունն է։ Ըստ նրա նման պայմաններում իրեն Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 6-ի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-08 որոշմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելը խախտել է իր «իբրև մարդու այնպիսի հիմնական իրավունքներ, ինչպիսիք են․ մարդու ազատ գործելու իրավունքը, պատշաճ վարչարարության իրավունքը, նաև համաչափության և որոշակիության սկզբունքները»։ Ի լրումն նշված անհատական իրավունքների խախտումների մասին հայտարարության դիմողը հայտնել է նաև, որ արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վիճարկվող իրավադրույթների հիմքով գործող կառուցակարգերը հանգեցնում են Սահմանադրության 4, 162 և 164-րդ հոդվածների խախտման։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված նյութերը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող իրավական դրույթի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ Դատական օրենսգիրք) 145-րդ հոդվածի կիրառմամբ իր մարդու ազատ գործելու և պատշաճ վարչարարության անհատական հիմնարար իրավունքների, ինչպես նաև այդ իրավունքներին միջամտության դեպքերում համաչափության և իրավական որոշակիության սկզբունքների խախտումների մասին: Անդրադառնալով դիմումում որպես հիմնավորում ներկայացված Սահմանադրության 4, 162 և 164-րդ հոդվածների ենթադրյալ խախտումներին Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այս մասով ապահովված չէ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքի պայման հանդիսացող «Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման» հանգամանքը, քանի որ դիմողի կողմից վկայակոչված սահմանադրական դրույթները չեն պարունակվում Սահմանադրության 2-րդ գլխում և չեն հանդիսանում նույն գլխով նախատեսված անհատական հիմնարար իրավունքների վերաբերյալ սահմանդրական կարգավորումներ նախատեսող նորմեր, այլ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին (Սահմանադրության 4-րդ հոդված), արդարադատության իրականացմանը (Սահմանադրության 162-րդ հոդված) և դատավորի կարգավիճակին (Սահմանադրության 164-րդ հոդված) վերաբերող սկզբունքներ և նորմեր են։ Դիմողը բովանդակային առումով չի ներկայացրել, առավել ևս պատշաճ փաստարկներով չի հիմնավորել, թե Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր ո՞ր իրավունքն է խախտվել վիճարկվող իրավական դրույթի նշված սահմանադրական դրույթներին ենթադրյալ հակասության համատեքստում, ինչը վկայում է դիմումի ակնհայտ անհիմն լինելու մասին, քանի որ բացակայում է նաև պատճառահետևանքային կապը վիճարկվող նորմի և դիմողի վերը վկայակոչած սահմանադրական իրավունքների միջև:
4. Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի կիրառումը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերը նշված նորմից բխում է, որ դիմողը միաժամանակ պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով փաստարկի իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր կոնկրետ սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթ(ներ)ի կամ դրա(նց) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ուսումնասիրելով դիմումը Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է այն եզրակացության, որ դիմումում չեն պահպանվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի վերոնշյալ պահանջները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 4 և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռաֆիկ Մելքոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Դատավորներ Ե. Խունդկարյան
Ա. Վաղարշյան
27 հուլիսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-45
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հուլիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-45
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
