Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌԱՖԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌԱՖԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2729 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 մայիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 27 | ՌԱՖԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 մայիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Ռաֆայել Մխիթարյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռաֆայել Մխիթարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մայիսի 14-ին, որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասն՝ այնքանով, որքանով, «չբավարարման» եզրույթով նկատի չունենալով այն պարագան, երբ իրավասու դատախազը կայացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին որոշում, քրեադատավարական օրենքի 300-րդ հոդվածի 2-րդ մասն անձին փաստացի զրկում է արդյունավետ դատական պաշտպանության դիմելու իրավունքից, քանի որ այդ դեպքում բացառում է անձի դատական բողոքի հիման վրա մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու հնարավորությունը»:

2. Դիմողը, ներկայացնելով համապատասխան գործի դատավարական նախապատմությունը և հիմք ընդունելով թիվ ԱՐԴ/0024/11/24 հատուկ վերանայման արդյունքներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասին տրված դատական մեկնաբանությունը, մասնավորապես, նշում է, որ քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքն առանց քննության թողնելու մասին իրավասու դատախազի որոշումը չի ներառում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ «չբավարարման» եզրույթի բովանդակային ծավալը, և այն դեպքում, երբ իրավասու դատախազը կայացրել է որոշում՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին, ապա այդպիսի որոշման առկայության փաստը բացառում է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վիճարկելու վարույթ հարուցելու հնարավորությունը, հետևաբար՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված դատական բողոքի քննությունը:

Դիմողը գտնում է, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը կարող էր համապատասխանել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, եթե «չբավարարման» եզրույթով քրեադատավարական օրենքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը նկատի ունենար նաև այն պարագան, երբ իրավասու դատախազը կայացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին որոշում, ինչը կհանդիսանար հիմք, որպեսզի այն դեպքում, երբ քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ իրավասու դատախազին ներկայացված բողոքի՝ ժամկետանց լինելու հանգամանքն ակնհայտ չէ, հետևաբար՝ վիճելի է, դատարանը, քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքն առանց քննության թողնելու մասին իրավասու դատախազի որոշումից կաշկանդված չլինելով, ինքը գնահատեր, թե արդյոք բողոքաբերը քրեական վարույթը կարճելու մասին որոշումն իրավասու դատախազին է ներկայացրել քրեադատավարական օրենքի 207-րդ հոդվածի 7-րդ մասում և 196-րդ հոդվածի 7-րդ մասում նշված տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ, որպիսի հարցի դրական պատասխանը կկանխորոշեր դատական բողոքի մերժումն (կամ առանց քննության թողնելը)՝ առանց դատական բողոքի հիմքերին ու հիմնավորումներին ըստ էության անդրադառնալու»:

Դիմողը, վկայակոչելով թիվ ՎԴ/9834/05/20 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը, գտնում է, որ «(...) Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ նախադեպային դիրքորոշմանը համահունչ է սույն անհատական դիմումով արձանագրվող կասկածն այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանը, երբ, «չբավարարման» եզրույթով նկատի չունենալով այն պարագան, երբ իրավասու դատախազը կայացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին որոշում, անձին փաստացի զրկում է արդյունավետ դատական պաշտպանության դիմելու իրավունքից՝ այնքանով, որքանով այդ դեպքում բացառում է անձի դատական բողոքի հիման վրա մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու հնարավորությունը»:

Դիմողը եզրահանգում է, որ «(...) թիվ ԱՐԴ/0024/11/24 հատուկ վերանայման վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառումն է, որ փաստացի կանխորոշել է թիվ 57202021 քրեական վարույթով տուժող Ռ. Մխիթարյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների՝ դիմողի համար անբարենպաստ ելքը»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես, Դիմողն, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Փաստորեն, 2024թ. օգոստոսի 29-ի թիվ ԱՐԴ/0024/11/24 որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի կատարած (...) դատողությունից ուղղակիորեն հետևում է այն, որ եթե նույնիսկ Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր համարեր Առաջին ատյանի դատարանի՝ 2024թ. հուլիսի 3-ի թիվ ԱՐԴ/0024/11/24 որոշման դեմ թիվ 57202021 քրեական վարույթով տուժող Ռ. Մխիթարյանի ներկայացրած հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի փաստարկները, միևնույնն է, Վերաքննիչ քրեական դատարանը չէր բավարարելու հատուկ վերանայման վերոհիշյալ վերաքննիչ բողոքը և մերժելու էր այն՝ այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանին դատական բողոք է ներկայացվել այն պայմաններում, երբ իրավասու դատախազը կայացրած է եղել որոշում՝ բողոքաբերի՝ իրեն հասցեագրված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին (...)»:

Փաստորեն, սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի (թիվ ԱՐԴ/0024/11/24) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռաֆայել Մխիթարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

29 մայիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել