Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-29 հոկտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 հոկտեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 2 | ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 հոկտեմբերի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ա. Գյուլումյանի

Քննության առնելով Գայանե Հայրոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Գայանե Հայրոյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի սեպտեմբերի 24-ին)` խնդրելով. «1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի և 57-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր, իսկ

2. եթե Սահմանադրական դատարանը ճանաչի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը իր մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող, ապա որոշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը Դիմողի նկատմամբ թիվ ԵԿԴ/3974/02/16 գործով կայացված դատական ակտում սխալ է մեկնաբանվել և կիրառվել»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանության շրջանակից դուրս է մնում նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքը, քանի որ այն սահմանում է, որ պայմանագիրը կարող է լուծվել աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, իսկ աշխատանքի էական պայմանների փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն գործատուի կողմից: Դիմողի կարծիքով օրենսդիրն աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում պայմանագրի լուծման համար նախատեսել է առանձին հիմք, տարանջատելով 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նախատեսված պայմանագրի գործատուի նախաձեռնությամբ լուծման հիմքից, ինչի արդյունքում էլ ստացվում է, որ 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով պայմանագրի լուծման դեպքում օրենսգրքում բացակայում են աշխատողի իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Ըստ դիմողի եթե անգամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը չի հակասում Սահմանադրությանը, ապա այն, միևնույն է, ենթադրում է աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի նախաձեռնությամբ, երբ այդ լուծումը տեղի է ունենում արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում: Նշված հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում կողմերը պետք է առաջնորդվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի իրավակարգավորումներով, ուստի այդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում նույնպես պետք է կիրառվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները, ինչը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անտեսել է և կայացրել է սխալ դատական ակտ:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի (այդ թվում` դատական ակտերի) նախնական ուսումնասիրության արդյունքներից դատական կազմը գտնում է, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ա) խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, թե ո´ր դեպքերում է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է աշխատանքի էական պայմանները աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է, որ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: Այսինքն, օրենսդիրն աշխատանքային պայմանագրի լուծման համար մի դեպքում առանձնացրել է աշխատանքի էական պայմանի փոփոխությունը և նախատեսել առանձին իրավակարգավորում համապատասխան իրավական հետևանքներով, մյուս դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման համար շեշտադրելով հաստիքների կրճատումը նախատեսել այլ իրավակարգավորում համապատասխան իրավական հետևանքներով: Ընդ որում, յուրաքանչյուր իրավակարգավորման համար սահմանվել է որոշակի ընթացակարգեր, որոնց պահպանումը գործատուի կողմից, ըստ անհրաժեշտության, կարող է ստուգվել դատական կարգով,

բ) դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը համապատասխան իրավահարաբերությունների վրա տարածել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածը, մինչդեռ, ըստ դիմողի խնդրո առարկա գործի շրջանակներում փաստացի գործատուի մոտ որոշակի հաստիքներ են կրճատվել, իսկ հաստիքների կրճատումը որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, նախատեսված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այսինքն աշխատանքային պայմանագիրը պետք է լուծվեր գործատուի նախաձեռնությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումների քննության ընդունումը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, ինչպես և համանման իրավական դիրքորոշում արտահայտված է Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Գայանե Հայրոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

9 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴԴԿՈ-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հոկտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել