«ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3, 11, 12 ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 49 | «ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3, 11, 12 ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3, 11, 12 ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աննա Սարգսյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 3, 11, 12 և 13-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աննա Սարգսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 11, 12, 13-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ և 81-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածին:
Մասնավորապես, վիճարկվող դրույթներով պարտապանի համար կամավոր սնանկության դեպքում ստեղծված են անհավասար պայմաններ և անհամաչափ պարտավորություններ»:
2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/3730/04/24 սնանկության գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 3 և 12-րդ հոդվածները՝ Դիմողը նշում է հետևյալը. «Այս երկու հոդվածները բավականին հակասող են կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում բացակայում է այն հոդվածը, որտեղ պարտապանը նույնպես ունի առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից շարունակական բռնագանձման գործընթաց: Այդ շարունակական բռնագանձման գործընթացը վերաբերվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի ամբողջ ցանկին: Սնանկության վարույթը միմյանց հաջորդող բազմափուլ համակարգ է՝ սնանկության հիմքերի և հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը և այլն, որը բխում է սնանկության վարույթի համընդհանուր նպատակից, այն է՝ ապահովել պարտատերերի պահանջների բավարարումը՝ երաշխավորելով պարտատերերի և պարտապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավասարակշռությունը»:
Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված անհնարինության դեպքի հասկացությունը չի համընկնում պարտապանի շահերի հետ: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ աշխատանքի բացակայությունը, ֆինանսական ծանր վիճակը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դիտարկում է որպես տեխնիկական դժվարություն՝ ստիպելով պարտապանին լրացուցիչ պարտավորություններ ստանձնել, որպեսզի ներկայացնի «Սնանկության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունները ստանալու համար անհրաժեշտ ծախսերի բեռը:
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշումը, նշում է, որ տվյալ որոշմամբ արձանագրվել է, որ «Սնանկության մասին» օրենքի առանձին դրույթների վերլուծությունը վկայում է, որ դրանք խարսխվում են այն տրամաբանության վրա, որ սնանկության հիմքն անվճարունակությունն է: Ըստ Դիմողի՝ նշվածի մասին է վկայում «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը, որը և՛ կամավոր, և՛ հարկադրված սնանկության դեպքում՝ որպես սնանկության հիմք, ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը:
Դիմողի պնդմամբ՝ «(...) պարտապանը օրենքով պաշտպանված չի: Ունենալով բոլոր ապացույցները անվճարունակ լինելու մասին, դատարանը չի ուսումնասիրում գործը, դատարանը պարտադրում է ներկայացնել կրկին կոնկրետ փաստաթղթերի ցանկ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ և 81-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (...) 6-րդ հոդվածին: Արդար դատավարության համար կարևոր նշանակություն ունեն հիմնավոր փաստաթղթերը, բայց ոչ փաստաթղթերի ցանկը, այն էլ այն փաստաթղթերի ցանկը, որոնք 12 տարվա ընթացքում արդեն ստուգված են և վերահսկվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից»:
Դիմողը նաև գտնում է, որ «(...) օրենքով նախատեսված չէ թե որքա՞ն ժամանակ է պարտապանի վճարային պարտավորությունների կետանցը շարունակվում: Պարտատիրոջ պահանջով հարկադրված սնանկության դիմում ներկայացնելը պետք է կոնկրետ նշված ժամկետ ունենա: Պարտատիրոջ դրսևորած անգործությունը հնարավորություն չի տալիս պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, առավել ևս եթե պարտապանը առևտրային բանկ է: Այսինքն եթե օրենքը չի սահմանում առավելագույն ժամկետ, ապա վճարային պարտավորությունների կետանցը շարունակվում անվերջ»:
Միաժամանակ, Դիմողը սույն դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ ինքը 2013 թվականից մինչ 2025 թվականը չի աշխատում և գտնվում է ֆինանսական ծանր դրության մեջ:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների) (սույն պարագայում՝ նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրույթները) (սույն պարագայում՝ նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացնում է «Սնանկության մասին» օրենքի 3, 11, 12 և 13-րդ հոդվածների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 81-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» օրենքի 3, 11, 12 և 13-րդ հոդվածների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 81-րդ հոդվածին։
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Աննա Սարգսյանի՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. «Աննա Սարգսյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 3, 11, 12 և 13-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
2 ապրիլի 2025 թվականի
ՍԴԱՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
