«ՏԱՎՐՈՍ-66» ՖԻՐՄԱ ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | «ՏԱՎՐՈՍ-66» ՖԻՐՄԱ ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
6 ապրիլի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 20-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (1999 թվականի ապրիլի 14-ի խմբագրությամբ, ՀՕ-295) 11-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդվածի, 176-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների ՀՀ Սահմանադրության 60 (1- 4-րդ մասեր)-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»: Դիմողը նաև միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան /այսուհետ Դատարան/ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին: Դատարանը 2017 թվականի մարտի 21-ի վճռով մերժել է «Տավրոս-66» ֆիրմա ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Ֆլեշ» ՍՊ ընկերության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սեփականության, մշտական օգտագործման կամ վարձակալության իրավունքները ճանաչելու պահանջների մասին: Տվյալ վճռում Դատարանն արձանագրել է, մասնավորապես, որ «... հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց ի հիմնավորումն իր այն պնդման, որ վիճելի տարածքում իրեն սեփականության իրավունքով պատկանել են օտարված գույքերից բացի այլ անշարժ գույքեր ևս, որոնց կառուցապատողն է հանդիսանում հայցվորը: Հետևաբար Դատարանը գտնում է, որ հայցվորը չի ապացուցել Երևան քաղաքի Գ. Չաուշի փողոցի թիվ 2բ հասցեի 2,087հա մակերեսով հողատարածքի վրա գտնվող 338,7քմ ընդհանուր մակերեսով շինությունների, 918քմ մակերեսով շինությունների, 125քմ մակերեսով տարածք զբաղեցնող պարսպապատի կառուցապատող լինելու հանգամանքը, որպիսի պարագայում ներկայացված պահանջը ենթակա է մերժման»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ փաստել է, որ «...«Տավրոս-66» ֆիրմա ՍՊ ընկերությունը, վաճառելով սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը, որևէ վերապահում չի արել ինչպես վաճառվող շինությունների կամ դրանց մի մասի նկատմամբ սեփականության, այնպես էլ վարձակալած հողատարածքի կամ դրա մի մասի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության մասին: Հետևաբար, կողմերի միջև 20.05.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված ամբողջ անշարժ գույքը հանդիսանում է մեկ գույքային միավոր և նույն ծավալով անցել է գնորդին...»:
3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն իր նկատմամբ կիրառվել են այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման բացակայությունը զրկում է անձին նաև իրավունքի ճանաչման դատական գործընթացի միջոցով իր սեփականության իրավունքի պաշտպանության, դրա գոյությունն այլ եղանակներով ապացուցելու հնարավորությունից:
Դիմողը նշում է, որ պետական գրանցման բացակայությամբ պայմանավորված դատարանները գտել են, որ իր կողմից չի ներկայացվել որևէ ապացույց ի հիմնավորումն իր այն պնդման, որ վիճելի տարածքում իրեն սեփականության իրավունքով պատկանել են օտարված գույքերից բացի այլ անշարժ գույքեր ևս, որոնց կառուցապատողն է հանդիսանում ինքը:
Ըստ դիմողի` վիճարկվող դրույթներին դատարանների կողմից տրված մեկնաբանության շրջանակներում նույնացվել են անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման մեխանիզմը և չգրանցման հետևանքներն այլ հիմքերով սեփականության իրավունքի ծագման և պետական գրանցման բացակայության հետևանքների հետ:
4. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դատարանների արձանագրած փաստերի և ձևավորած իրավական դիրքորոշումների համատեքստում դիմողի համար առաջացած անցանկալի հետևանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ դիմողը չի ներկայացրել հավաստի ապացույցներ առ այն, որ վիճելի տարածքում իրեն սեփականության իրավունքով պատկանել են օտարված գույքերից բացի այլ անշարժ գույքեր ևս, որոնց կառուցապատողն է հանդիսանում ինքը: Վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումները պայմանավորված չեն դիմողի կողմից անհրաժեշտ և բավարար ապացույցներ չներկայացնելու հետևանքով դիմողի համար առաջացած անցանկալի արդյունքներով: Հետևաբար, դիմողի փաստարկներն առ այն, որ «...վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության շրջանակներում նույնացվել են անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման մեխանիզմը և չգրանցման հետևանքները այլ հիմքերով սեփականության իրավունքի ծագման և պետական գրանցման բացակայության հետևանքների հետ», ակնհայտ անհիմն են, քանի որ դիմողը չի հիմնավորել իր իրավունքների խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Բացի դրանից, Դատարանը, մերժելով դիմողի ներկայացրած իրավունքի ճանաչման հայցը, արձանագրել է, որ դիմողը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ վիճելի տարածքում իրեն սեփականության իրավունքով պատկանել են օտարված գույքերից բացի այլ անշարժ գույքեր ևս, միաժամանակ վկայակոչել է վիճարկվող դրույթներն այն նպատակով, որպեսզի ցույց տա, որ եթե դիմողն ապացուցեր համապատասխան գույքի, հետևաբար և դրա վերաբերյալ իր իրավունքի առկայության մասին, ապա դիմողի այդ իրավունքը պետական գրանցում ստացած կլիներ վիճարկվող իրավակարգավորումներով նախատեսված ընթացակարգով, այսինքն դիմողը կճանաչվեր սեփականատեր անշարժ գույքի կարգավիճակ ունեցող շինությունների նկատմամբ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
6 ապրիլի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
