Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-720 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 7 | «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 20 հունվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ Նուրիջան Կիրակոսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 7-ին, որով Դիմողը խնդրել է.

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով որքանով չի նախատեսում կատարողական թերթ տալու մերժման հիմքերում բացառություն լուծարված իրավաբանական անձի՝ երրորդ անձի գրավով ապահովված պարտավորությունների դեպքում,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 435-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ այնքանով որքանով չեն նախատեսում պարտապան իրավաբանական անձի լուծարման դեպքում վերջինիս պարտավորության դադարման բացառություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված և երրորդ անձի գրավով ապահովված պարտավորությունների դեպքում,

հաշվի առնելով նաև դրանց՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝

ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածին, 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԿԴ/5306/02/14 և ԵԿԴ/0310/02/17 քաղաքացիական գործերի, ինչպես նաև թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործի դատավարական նախապատմությունները, մասնավորապես նշում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունից հետևում է, որ այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված՝ երրորդ անձի գրավով ապահովված պարտավորությունը դադարում է պարտապան իրավաբանական անձի լուծարմամբ, մինչդեռ դատական ակտով սահմանված՝ ապահովված պարտավորությունը հնարավոր է կատարել երրորդ անձին պատկանող գրավի հաշվին, հետևաբար՝ պարտավորությունը չպետք է համարվի դադարած և կարող է մեկնաբանվել որպես մասնակի իրավահաջորդության կարգով երրորդ անձ գրավատուին անցնող պարտավորություն՝ վերջինիս գրավի առարկայի արժեքի սահմաններում այն կատարելու համար:

Ըստ Դիմողի՝ այն դեպքերում, երբ առկա է երրորդ անձին պատկանող գրավի առարկա, պարտավորությունում հիմնական պարտապանի լուծարումն անհնարին չի դարձնում դատական ակտի կատարումը: Նշված տրամաբանությունից ելնելով՝ Դիմողը գտնում է, որ 1998 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2026 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ ԴԱՀԿ օրենք)՝ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերում պետք է նախատեսվեր բացառություն այն դեպքերի համար, երբ առկա է երրորդ անձին պատկանող գրավի առարկա, քանի որ բռնագանձման վճիռն օբյեկտիվորեն և փաստացի հնարավոր է կատարել գրավի առարկայի հաշվին։ Դիմողի պնդմամբ՝ ապահովված պահանջների՝ սնանկության վարույթից դուրս իրականացման և պաշտպանության իրական հնարավորությունը, որն ապահովվում է կատարվելիք (կատարման փուլում գտնվող)՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, օրենսդրի կողմից պետք է հաշվի առնվեր որպես առանձնահատուկ դեպք՝ երրորդ անձի գրավով ապահովված պարտավորությունների կատարումից անգամ լուծարման դեպքում չազատելու նպատակով։

Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված՝ ԴԱՀԿ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «այն մասով, որով կատարողական թերթ տալու դիմումը մերժելու դեպքերում բացառություն չի նախատեսում լուծարված պարտապանի՝ երրորդ անձի գրավով ապահովված պարտավորություններով դատական ակտով պարտատիրոջը կատարողական թերթ տալու հնարավորության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 435-րդ հոդվածը և 247-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետը, չնախատեսելով պարտապան իրավաբանական անձի լուծարման դեպքում վերջինիս պարտավորության դադարման բացառություն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված և երրորդ անձի գրավով ապահովված պարտավորությունների մասով, նման պարտատիրոջ համար սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներին»:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթներով խախտվում է բանկի սեփականության իրավունքը, քանի որ պարտապանի լուծարմամբ ինքը՝ որպես պարտապանի նկատմամբ երրորդ անձի գրավով ապահովված՝ այդ գրավի հաշվին պարտավորության կատարման վերաբերյալ բռնագանձման դատական ակտով պահանջատեր, զրկվում է երրորդ անձին պատկանող գրավի առարկայի բռնագանձման (իրացման) հաշվին պարտապանին տրամադրած դրամական միջոցները հետ ստանալու իրավական և փաստացի՝ օբյեկտիվորեն կատարելի հնարավորությունից, որի նկատմամբ ինքն օժտված է Սահմանադրությամբ պաշտպանվող լեգիտիմ ակնկալիքով: Ընդ որում, այդ ակնկալիքը վիճահարույց չէ և ապահովված է օրինական ուժի մեջ մտած, կատարման փուլում գտնվող դատական ակտով: Վիճարկվող դրույթներով օրինական ուժի մեջ մտած, կատարման փուլում գտնվող դատական ակտով լեգիտիմ ակնկալիք ունեցող, երրորդ անձի գրավով ապահովված պարտատիրոջ պահանջով պատասխանող երրորդ անձ գրավատուի մասով կատարողական թերթի տրամադրման օրենսդրական հնարավորության բացակայությունը (ըստ ՀՀ դատարանների մեկնաբանության՝ պարտապանի լուծարման հիմքով պարտավորության դադարած լինելու պատճառաբանությամբ) սահմանափակում է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով պաշտպանվող լեգիտիմ ակնկալիքի իրավունքը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումներն առանց որևէ օբյեկտիվ հիմքի արտոնություն են սահմանում սնանկության վարույթում իրենց իրավունքներն իրականացնող պարտատերերի համար՝ ի հաշիվ սնանկության վարույթից դուրս իրենց իրավունքներն իրականացնող պարտատերերի, անգամ եթե վերջիններս իրենց իրավունքները պաշտպանում են հնարավոր ամենաարդյունավետ եղանակով՝ դատական կարգով, ընդ որում` անկախ այդ պաշտպանության արդյունքներից և ռիսկերի կառավարմանն ուղղված պաշտպանության աստիճանից, տվյալ դեպքում՝ երրորդ անձի գրավով ապահովված լինելու հանգամանքից:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկելով ԴԱՀԿ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 18-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 435-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 59, 60, 61 և 63-րդ հոդվածներին համապատասխանությունը, բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության վերոնշյալ հոդվածներով ամրագրված համապատասխանաբար՝ տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։

Այդ համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում վկայակոչել Դիմողի՝ 2022 թվականի հունվարի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված մեկ այլ անհատական դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի ՍԴԱՈ-71 աշխատակարգային որոշումը (գործի վարույթը կարճելու մասին), որին համապատասխան՝

««Սնանկության մասին» ՀՀ օրենքի համալիր ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ օրենսդիրն ամրագրել է գրավով ապահովված պարտատերերի պահանջների բավարարման երկու եղանակ՝

1) սնանկության վարույթի շրջանակներում՝ (...),

2) սնանկության վարույթից դուրս՝ Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պարտատերը (պարտատիրոջ նյութաիրավական կարգավիճակ ունեցող անձը) սնանկության վարույթում պարտատիրոջ դատավարական կարգավիճակ չի ստանում՝ դրանից բխող հետևանքներով (օրինակ՝ բացառապես տվյալ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին բավարարում ստանալը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում պարտապանի այլ գույքի նկատմամբ պահանջ ներկայացնելու անհնարինությունը, սնանկության վարույթի ընթացքի և ելքի վրա ազդող դատավարական իրավունքների ծավալով օժտված չլինելը և այլն): Փոխարենը՝ օրենսդիրը տվյալ պարտատիրոջ համար սահմանել է կառավարչի վարձատրության հաշվարկման այլ չափանիշներ, հնարավորություն է ընձեռել իր պահանջի բավարարումն ստանալու ժամկետներն ինքնուրույն կանխորոշել՝ չկաշկանդվելով սնանկության վարույթով, գրավի առարկայի իրացվելիության և պահանջի բավարարման օպերատիվությունը պայմանավորել է տվյալ պարտատիրոջ, այլ ոչ թե սնանկության գործով կառավարչի վարքագծով կամ, առհասարակ, սնանկության վարույթի ընթացքով:

Օրենսդրի կողմից ամրագրված՝ գրավով ապահովված պարտատերերի իրավունքների երաշխավորմանն ուղղված վերոթվարկյալ եղանակները միտված են ապահովելու սնանկության վարույթի շրջանակներում և դրանից դուրս պահանջի բավարարման համապատասխան տարբերակն ընտրած պարտատերերի շահերի ողջամիտ հավասարակշռությունը, քանզի հակառակ մոտեցումը ենթադրում է սնանկության վարույթից դուրս պահանջի բավարարում ստացող պարտատիրոջը վերապահել առավել բարենպաստ կարգավիճակ, քան սնանկության վարույթում մնացած պարտատերերին, որպիսի պարագայում նման տարբերակված մոտեցումը պատճառաբանված չէր կարելի համարել որևէ հիմքով:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ նախատեսված վերոհիշյալ երկու եղանակներից որևէ մեկի ընտրությունը թողնված է գրավով ապահովված պարտատիրոջ հայեցողության տիրույթում, որը, ընտրելով իր իրավունքների իրականացման այլընտրանքային ձևերից մեկը, յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատի առկա իրողությունները, հնարավոր հետևանքների ծագումը և դրանց ազդեցությունն իր իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի վրա, ուստի՝ դիմողի պատճառաբանություններն առ այն, որ վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումն անհամաչափորեն սահմանափակում է իր սեփականության իրավունքը, անհիմն են, (...)» (կետ 5.2.2):

Այսինքն՝ վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրն ամրագրել է գրավով ապահովված պարտատերերի պահանջների բավարարման երկու եղանակ՝ սնանկության վարույթի շրջանակներում և դրանից դուրս: Տվյալ դեպքում Դիմողը, որպես գրավով ապահովված պարտատեր, ընտրել է իր պահանջների՝ վերը ներկայացված երկրորդ՝ սնանկության վարույթից դուրս բավարարման եղանակը՝ համապատասխան իրավական երաշխիքներով և ռիսկերով հանդերձ: Հետևաբար՝ Դիմողն իր հայեցողության տիրույթում գտնվող տվյալ հարցի առնչությամբ համապատասխան որոշում կայացնելիս պետք է ի սկզբանե գնահատեր առկա իրողությունները, հնարավոր հետևանքների ծագումը և դրանց ազդեցությունն իր իրավունքների վրա, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և ժամկետներում ձեռնարկեր համապատասխան միջոցներ՝ իր իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Այս առումով, ուշադրության են արժանի նաև Դիմողի մասնակցությամբ թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 13-ի որոշման մեջ տեղ գտած մոտեցումներն/արձանագրումներն առ այն, որ «(...) Բանկը, ընտրելով սնանկության վարույթից դուրս իր պահանջի դատական կարգով բավարարում ստանալու եղանակը, ի սկզբանե պետք է հաշվի առներ հնարավոր բոլոր ռիսկերը: (...):

Բանկը մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցել է դեռևս 10.11.2014 թվականին, իր հերթին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը 25.12.2015 թվականին է Դատարան ներկայացրել իր կողմից կազմված վերջնական հաշվետվությունը՝ միջնորդելով ավարտել սնանկության գործը, իսկ Դատարանը սնանկության գործն ավարտել է միայն 15.10.2018 թվականի վճռով: Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մորատորիում չտարածելու մասին դիմումը ներկայացնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին միջնորդություն ներկայացնելը և Դատարանի վճռով սնանկության գործն ավարտվելը, Բանկն ունեցել է բավականին ժամանակ և ողջամիտ հնարավորություն իր իրավունքներն իրացնելու համար»:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մոտեցումը վկայակոչվել է նաև Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ի ՍԴԴԿՈ-70 որոշմամբ՝ Դիմողի՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված մեկ այլ անհատական դիմումի ընդունելիության հարցով, որի քննությունը մերժվել է:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի, կից ներկայացված փաստաթղթերի, թիվ ԵԿԴ/5306/02/14 և ԵԿԴ/0310/02/17 քաղաքացիական գործերի, ինչպես նաև թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործի համապարփակ ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից վկայակոչված՝ իր նկատմամբ բացասական իրավական հետևանքների առաջացումը պայմանավորված է եղել հենց վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ ամրագրված երաշխիքների շրջանակներում, սահմանված ընթացակարգով և ժամկետներում իր վերաբերելի իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ միջոցներ չձեռնարկելով (ոչ պատշաճ գործողություններով, անգործությամբ):

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին հոդվածի առնչությամբ, հարկ է արձանագրել, որ այն ամրագրված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել առ այն, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածների առնչությամբ, հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք առանձին վերցված չեն կարող դառնալ քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ԴԱՀԿ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 18-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 435-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 59, 60, 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված հիմնական իրավունքներին, հետևաբար՝ Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածներին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

20 հունվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել